ԱԲ-ը էներգետիկ սահմանագծում. արդյո՞ք Հայաստանի համակարգը կդիմանա տեխնոլոգիական թռիչքին

Արդյո՞ք կդիմանա Հայաստանի համակարգը տեխնոլոգիական թռիչքին

NVIDIA և Firebird ընկերությունների մասնակցությամբ Հայաստանում իրականացվող «ԱԲ գործարանի» ստեղծման նախագիծը ներկայացվում է որպես տեխնոլոգիական առաջընթացի և տարածաշրջանային մրցունակության ուժեղացման խորհրդանիշ։ Սակայն, ինչպես նշում է փորձագետ Վահե Դավթյանը, թվային նախաձեռնությունների արտաքին գրավչության հետևում թաքնված են հիմնարար սահմանափակումներ՝ առաջին հերթին էներգետիկ ոլորտում, առանց դրանց հաշվի առնելու նման նախագծերը կայուն չեն գործի։

Վրաստանի նախադեպ. բեռի ավելացում և սակագների աճ

Փորձագետը որպես ցայտուն օրինակ է դիտարկում Վրաստանի փորձը: «Վրաստանում կարճ ժամանակում տվյալների կենտրոնները և մայնինգային ենթակառուցվածքները դարձան զգալի սեգմենտ՝ հասնելով ընդհանուր պահանջարկի մոտ 5%-ին: Արդյունքում համակարգում հայտնվեց սպառողի նոր տեսակ՝ կայուն, էներգատար և խիստ կենտրոնացված», — նշում է նա։

Սա, ըստ նրա, հանգեցրել է կառուցվածքային փոփոխությունների․ էներգահամակարգի բեռնվածությունը դարձել է մշտական և ավելի լարված։ Արդեն 2026 թվականի սկզբին, նրա խոսքով, էլեկտրաէներգիայի սպառումը գերազանցել է 2.7 մլրդ կՎտ⋅ժ-ը՝ արտադրության շուրջ 1.9 մլրդ կՎտ⋅ժ-ի դիմաց։ «Դեֆիցիտը ծածկվում է ներմուծման հաշվին, ինչը մեծացնում է արտաքին կախվածությունը և հանգեցնում սակագների աճի․ ապրիլից դրանք աճել են 21–33%-ով», — ընդգծում է Դավթյանը։

Միաժամանակ տվյալների կենտրոնները, ունենալով բարձր վճարունակություն, փաստացի դուրս են մղում այլ սպառողներին՝ վերափոխելով էներգառեսուրսների բաշխումը իրենց օգտին։

Հայաստան. ռիսկերն ավելի մեծ են, քան թվում է

Հայաստանի պայմաններում այս ռիսկերը կարող են ավելի սուր դրսևորվել։ «Երկրի էներգահամակարգն արդեն այսօր բախվում է մի շարք սահմանափակումների՝ ներմուծվող էներգակիրներից կախվածություն, հիդրոգեներացիայի սեզոնային տատանումներ և գործող ատոմային էլեկտրակայանի սահմանափակ ռեսուրս», — նշում է փորձագետը։

Այս ֆոնին ԱԲ ենթակառուցվածքի ստեղծման ծրագրերը հատկապես հավակնոտ են թվում։ Ռեվ Լեբարիտյանի գնահատմամբ՝ արդեն տարվա վերջում Հայաստանում կարող է գործարկվել մոտ 50 հազար գրաֆիկական պրոցեսոր, ինչը երկիրը կդարձնի աշխարհում առաջատար հնգյակի մաս։ Հետագայում խոսքը գնում է մինչև 110 հազար GPU ընդլայնման մասին։

Հիմնական խնդիրը՝ ոչ թե տեխնոլոգիաներն են, այլ էներգիան

Այս իրավիճակում, ընդգծում է Դավթյանը, վճռորոշը ոչ թե տվյալների կենտրոնի ստեղծման փաստն է, այլ դրա աշխատանքի համար անհրաժեշտ էներգետիկ բազայի առկայությունը։ Առանց դրա ցանկացած տեխնոլոգիական թռիչք կարող է վերածվել համակարգի լրացուցիչ բեռի, սակագների աճի և ներմուծումներից կախվածության խորացման։

Արևային էներգետիկան, չնայած ակտիվ զարգացմանը, իր բնույթով ի վիճակի չէ ապահովել նման մասշտաբի էներգատար օբյեկտների կայուն բազային բեռը։

Նոր ԱԷԿ՝ որպես ռազմավարական անհրաժեշտություն

Այս տրամաբանությամբ՝ նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը դադարում է լինել ընտրության հարց և դառնում է համակարգային անհրաժեշտություն: Խոսքը ոչ միայն էներգետիկ անվտանգության մասին է, այլև երկրի երկարաժամկետ տեխնոլոգիական զարգացման հնարավորության:

Այլ կերպ ասած՝ հայկական ԱԻ-ի ապագան ուղղակիորեն կախված է ոչ այնքան հաշվողական հզորությունների մեջ կատարվող ներդրումներից, որքան պետության՝ դրանք էներգիայով ապահովելու կարողությունից: «Առանց դրա նույնիսկ ամենահավակնոտ թվային նախագծերը կարող են բախվել իրական հատվածի կոշտ սահմանափակումներին», — եզրափակում է նա։

Scroll to Top