2020 թվականի պատերազմից հետո ՀՀ բանակի բարեփոխման անհրաժեշտության հարցի շուրջ քննարկումները և իշխանական թևի խոստումները ակտիվացան։ Պատերազմից անցել է ավելի քան հինգ տարի, և այսօր իշխանությունները խոսում են բարեփոխումների ակտիվ ընթացքի, սպառազինությունների գնումների դիվերսիֆիկացման և ենթակառուցվածքների զարգացման մասին։ Ընդդիմությունը, հակառակը, պնդում է, որ բանակը իշխանության գործողությունների հետևանքով թուլացել է, իսկ համակարգը՝ հետընթաց է ապրել։ Թե որն է իրական պատկերը, գնահատում են ոլորտի փորձագետներ։
Ֆինանսական աճ և կրթական փոփոխություններ
Ռազմական փորձագետ Վազգեն Ղազարյանի գնահատմամբ՝ 2020 թվականից հետո որոշակի հետևություններ, անկասկած, արվել են։ Նրա խոսքով՝ էականորեն ավելացել են սպառազինության ձեռքբերման ծավալները․ եթե մինչ պատերազմը Հայաստանի ծախսերը կազմել են մոտ 2 միլիարդ դոլար, ապա դրանից հետո արդեն հաստատված գնումները գերազանցում են 4 միլիարդը։
Սակայն փորձագետը կարևորում է ոչ միայն նյութատեխնիկական ապահովումը, այլ հատկապես մարդկային ռեսուրսների զարգացումը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին կտրուկ աճել է արտասահմանում ուսում ստացող զինվորականների թիվը․ եթե նախկինում տարեկան ընդամենը մի քանի սպա էր վերապատրաստվում, այժմ այդ թիվը հասնում է հարյուրների։ Սա, ըստ Ղազարյանի, նպաստում է արևմտյան ստանդարտների ներմուծմանը՝ մարտական պատրաստության, ստորաբաժանումների կառավարման և ընդհանուր ռազմական մտածողության մեջ։
Միաժամանակ նա ընդգծում է, որ 2020 թվականի պարտության հիմնական պատճառներից մեկը հենց մարտական պատրաստության և կառավարման համակարգի թերություններն էին, որոնք այժմ փորձում են աստիճանաբար հաղթահարել։
Բարեփոխումներ մարդու իրավունքների խախտումների վրա չանդրադարձան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հարցը դիտարկում է նաև մարդու իրավունքների տեսանկյունից։ Նա կարևորում է այն հանգամանքը, որ վերջին շրջանում սահմանին զոհերի բացակայությունը դրական միտում է, ինչը, նրա կարծիքով, մասամբ պայմանավորված է նաև միջազգային դիտորդների ներկայությամբ։
Սակայն բանակի ներսում իրավիճակը, ըստ նրա, շարունակում է մտահոգիչ մնալ։ «Ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը շարունակվում են։ Օրինակ՝ անցած տարի եղել է 34 դեպք, նախորդ տարում՝ 36։ Այս տարի կարող է լինել ավել, որովհետև նվազման հստակ միտում չկա»,— նշում է նա։
Ալեքսանյանի խոսքով՝ վերջին տարիներին բանակը դարձել է ավելի փակ կառույց հասարակական վերահսկողության համար, ինչը լուրջ խնդիր է։ «Հանրային վերահսկողությունը նվազել է, թափանցիկությունը՝ նույնպես։ Ծնողները հաճախ չգիտեն՝ ում դիմել, ինչպես բարձրաձայնել խնդիրները, և դա մեծ տառապանք է պատճառում ընտանիքներին»,— ասում է իրավապաշտպանը։
Նրա համոզմամբ՝ բանակի փակ լինելը որոշ չափով բնական է, սակայն այսօր առկա է հաշվետվողականության մեխ պակաս, ինչը ոչ մի կերպ չի կարող արդարացվախ լինել։
Համակարգային մոտեցման բացակայություն
Արցախի նախագահի ռազմական հարցերով նախկին խորհրդական Գրիգորի Սահակյանը, թեև ընդունում է որոշակի դրական փոփոխությունների առկայությունը, դրանք բավարար չի համարում։ Նրա խոսքով՝ նկատելի են թե՛ տեխնիկական, թե՛ քանակական ձեռքբերումներ, սակայն դրանք դեռևս չեն ապահովում անհրաժեշտ արդյունք։
«Դեռ աշխատանքները համակարգային չեն իրականացվում, թեև բոլորը խոսում են դրա մասին և կարծես թե տիրապետում են դրա կատարման պայմաններին: Դա ոչ միայն բյուջետային տրամադրված հնարավորություններից է կախված: Դա նաև իրականացման մոտեցումներն են», — ասաց նա:
Սահակյանը նշում է, որ առկա գործընթացները հաճախ մասնատված են և չունեն ամբողջական ռազմավարական տեսլական։ Նրա համոզմամբ՝ առանց հստակ դոկտրինայի և ժամանակին համահունչ տեմպերի պահպանման հնարավոր չէ հասնել գլխավոր նպատակին՝ բարձրացնել բանակի դիմակայունությունը։
Դոկտրինայից դեպի պրակտիկա
Ղազարյանը նույնպես ընդգծեց դոկտրինալ ընտրության կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանը պետք է հստակ որոշի իր պաշտպանական մոդելը։ Նրա խոսքով՝ փոքր ռեսուրսներ ունեցող երկրների համար առավել կիրառելի է Թայվանի մոդելը՝ ասիմետրիկ մոտեցում, որը ենթադրում է առավելագույն վնաս հասցնելու ռազմավարությունը։ Սա նշանակում է թվայնացում և նոր տեխնոլոգիաների լայն կիրառում զինված ուժերում։
Նա նաև մատնանշում է կոնկրետ քայլեր՝ օրինակ քաղաքային մարտերի պատրաստության ուղղությամբ, որը նախկինում բացակայում էր հայկական բանակում։ «Մեր բանակում երբեք չի եղել ստորաբաժանում, որի հիմնական պրոֆիլը քաղաքային մարտերն են։ Այժմ ստեղծվել են նման կառույցներ, հրավիրվել են արևմտյան հրահանգիչներ, և փորձում ենք լրացնել այդ բացը»,— նշում է նա։
Սակայն, նրա խոսքով, գործընթացը բախվում է նաև լուրջ խոչընդոտների, այդ թվում՝ հին, բյուրոկրատական օրենսդրության, որը խանգարում է արագ և ռիսկային փոփոխությունների իրականացմանը։
Էքսպերիմենտալ գումարտակ
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն էլ իր հերթին առաջարկում է ռազմական բարեփոխուները սկսել ոչ թել ծավալուն փաստաթղթեր և կանոնագրքեր նախապատրաստելով, այլ նախ գործնականում իրական փորձարկումներ անցկացնելով։
Այժմ, նրա խոսքով, Հայաստանում բարեփոխումներն ընթանում են հետևյալ կերպ՝ նախ գրվում են հաստափոր փաստաթղթեր՝ հազարավոր էջերից բաղկացած կանոնագրքեր, հրահանգներ ու պլաններ ՝ փորձելով թղթի վրա տեսականորեն նկարագրել, թե ինչպես պետք է լինի ամեն ինչ իդեալական տարբերակում։ Եվ դրանից հետո փորձ է կատարվում այդ ամենը կյանքի կոչել։ Նա կարծում է, որ նման մոտեցումը դանդաղեցնում է գործընթացը, քանի որ ճկուն չէ։
«Ես կողմնակից եմ, որ օրինակ ինչ-որ էքսպերիմենտալ գումարտակ ունենանք, եթե ոչ գունդ, որտեղ հնարավորություն կունենանէ այդ բոլոր փորձարումները անել, հասկանալ օպտիմալ տարբերակը, նոր միայն այդ ամեն ինչը թղթին հանձնել։ Սա շատ ավելի արագ և ճկուն մոտեցում է, քան 2000 էջանոց «ուստավ» գրենք նորից», — նշեց փորձագետը։

