Հայաստան–Թուրքիա հարաբերությունների ներկա փուլը ձևավորվել է ոչ թե հավասարության, այլ հաղթողի և պարտվողի տրամաբանությամբ։ Այս մասին նշեց Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։ Նրա գնահատմամբ՝ այս ձևաչափում հաղթող կողմը թելադրում է իր պահանջները, իսկ պարտվողը որոշել է, որ ճիշտ է դրանք ընդունելը։
Այվազյանը հիշեցնում է, որ նախկինում Երևանի և Անկարայի միջև եղել են բարձր մակարդակի շփումներ, այդ թվում՝ այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությունը», սակայն, չնայած լուրջ հակասություններին և դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, այդ երկխոսությունը կրում էր ավելի արժանապատիվ բնույթ։ Ներկայիս իրավիճակը, նրա խոսքով, էականորեն տարբերվում է․ Հայաստանը հանդես է գալիս թույլ դիրքերից, անհապաղ կատարում է բոլոր պահանջները, սակայն առաջխաղացում չկա։ Ակնհայտ է դառնում, որ Թուրքիաի և Ադրբեջանի համատեղ պահանջների ցանկը սահման չունի։
Նախկին նախարարի գնահատմամբ՝ թեև պաշտոնապես հայտարարվում է, որ կարգավորման գործընթացը ընթանում է առանց նախապայմանների, իրականում դրանք առկա են նույնիսկ ամենափոքր հարցերում։ Որպես օրինակ նա մատնանշում է երրորդ երկրների քաղաքացիների՝ Հայաստանի տարածքով տեղաշարժի թեման՝ ընդգծելով, որ նման քայլերը չունեն կենսական նշանակություն և ավելի շատ կրում են «կոսմետիկ» բնույթ, ինչի մասին հայտարարեց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բայց նույնիսկ այս հարցում կողմերը չհասան լուծումների։
Այվազյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է հստակ գիտակցի այս իրողությունը և դրանից բխեցնի իր քաղաքականությունը՝ ոչ թե գնալով թշնամանքի սրման ճանապարհով, այլ ձևավորելով այնպիսի պայմաններ, որոնք կօգնեն վերականգնել խախտված հավասարակշռությունը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում առկա ստատուս քվոն փոխվել է ի վնաս Հայաստանի, և անհրաժեշտ է մտածել դրա վերականգնման մասին։
Այս գործընթացում, ըստ նրա, առաջնային նշանակություն ունեն ներքին կարողությունները։ «Մեր անվտանգությունը սկսվում է ներսից»,— ընդգծում է նախկին նախարարը՝ նշելով, որ Հայաստանը պետք է ամրապնդի իր քաղաքական, ինստիտուցիոնալ, տնտեսական, ռազմական և տեխնոլոգիական հիմքերը։ Նրա գնահատմամբ՝ այս բոլոր ուղղություններով այսօր արձանագրվում է թուլացում։
Միաժամանակ Այվազյանը կարևորում է սփյուռքի դերը՝ ընդգծելով, որ այն չպետք է դիտարկվի զուտ որպես բարեգործական կամ լոբիստական ռեսուրս։ Սփյուռքը, նրա խոսքով, պետք է դառնա Հայաստանի ռազմավարական կարողությունների անբաժանելի մասը՝ ընդլայնելով երկրի ազդեցությունը միջազգային հարթակներում և աջակցելով երկարաժամկետ նպատակների իրականացմանը։
Նա անդրադառնում է նաև դաշինքների ձևավորման հարցին՝ շեշտելով, որ դրանք պետք է կառուցվեն շահերի համընկնման հիման վրա և չպետք է նշանակեն վերադարձ «հաճախորդի կարգավիճակին»։ Այվազյանի համոզմամբ՝ ներկայիս տարածաշրջանային իրավիճակը վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլև այլ պետությունների համար, որոնք նույնպես շահագրգռված են խախտված հավասարակշռության վերականգնմամբ։
Այս համատեքստում նա առաջարկում է ձևավորել ռազմավարական եռանկյունի՝ Հայաստան–Իրան–Ռուսաստան ձևաչափով, որի հիմքում պետք է դրվի «Հյուսիս–հարավ» ենթակառուցվածքային նախագիծը։ Նրա գնահատմամբ՝ նման մոտեցումը կարող է դառնալ տարածաշրջանային կայունության կարևոր գործոն։

