ԵՄ-Բաքու բանավեճը ընդհամենը քաղաքական խաղի դրվագ է

ԵՄ-Բաքու բանավեճը ընդհամենը քաղաքական խաղի դրվագ է

Եվրախորհրդարանը շարունակում է պնդել, որ Ադրբեջանը պետք է ոչ միայն պատասխանատվության ենթարկի Արցախում հայկական մշակութային, պատմական և հոգևոր հուշարձանները ոչնչացնողներին ու պղծողներին, այլև ապահովի արցախցիների անվտանգ վերադարձը իրենց հայրենիք, ինչպես նաև անհապաղ ազատ արձակի բոլոր գերիներին։ Ի պատասխան Բաքուն կասեցրեց համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ, սկսեց Եվրոնեսթից դուրս գալու գործընթաց, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ հանդես  եկավ մեղադրանքներով՝ ուղղված ԵԽԽՎ-ին և Եվրախորհրդարանին։ Ի՞նչ է սա նշանակում՝ քաղաքական դիմակայություն, թե՞ առևտրային դիրքերն ամրապնդելու հերթական փորձ։

Բանաձևեր՝ առանց իրական ազդեցության

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ողջունելի է համարում այն, որ Եվրախորհրդարանը ընդունում է բանաձևեր և անդրադառնում է Արցախի թեմային, սակայն զգուշացնում է՝ հայկական կողմը չպետք է միարժեք ոգևորությամբ արձագանքի դրանց։ Նրա կարծիքով՝ նման քայլերը հաճախ կարող են լինել ընդամենը Եվրոպա–Ադրբեջան հարաբերությունների շրջանակում ընթացող քաղաքական խաղի դրվագներ, որտեղ Արցախի հարցը օգտագործվում է պարզապես որպես գործիք։

Նա ընդգծում է, որ Հայաստանը պետք է աշխատի եվրոպական կառույցների հետ և փորձի օգտագործել առկա հնարավորությունները, սակայն առանց պատրանքների, թե եվրոպական քաղաքական էլիտաները առավել մտահոգված են Արցախի ճակատագրով, քան Հայաստանը։ Ըստ նրա՝ հատկապես նկատելի է, որ այդ բանաձևերը գործնականում չեն ազդում Եվրոպական միության ընդհանուր քաղաքականության վրա։

Իրական քաղաքականությունը՝ այլ հարթությունում

Քաղաքական մեկնաբանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Եվրամիության գործադիր կառույցները՝ Եվրոպական խորհուրդը և Եվրահանձնաժողովը, Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջնորդվում են բոլորովին այլ տրամաբանությամբ։ Նա հիշեցնում է, որ դեռ մարտին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան այցելել էր Բաքու, որտեղ քննարկվել էին նոր համաձայնագրեր։

Բադալյանի խոսքով՝ այդ այցի ընթացքում հնչած ձևակերպումներից հատկապես ուշագրավ էր այն միտքը, որ կողմերը հարաբերությունները կառուցում են «հավասարը հավասարի» սկզբունքով։ Սա, ըստ նրա, ցույց է տալիս, որ Եվրոպան Ադրբեջանի հետ աշխատում է պրագմատիկ, փոխշահավետ մոտեցմամբ՝ անկախ հրապարակային հայտարարություններից։

«Քաղաքական թատրոն» և իրական պայմանավորվածություններ

Մեկնաբանը բնութագրում է իրավիճակը որպես յուրօրինակ «քաղաքական թատրոն», որտեղ յուրաքանչյուր կողմ ունի իր դերակատարումը։ Սակայն, նրա խոսքով, դա միայն պայմանական ձևակերպում է, քանի որ իրականում գործ ունենք քաղաքականության բնական ընթացքի հետ, որտեղ հրապարակային հայտարարությունները հաճախ չեն արտացոլում խորքային բովանդակությունը։

Բադալյանը շեշտում է, որ իրական բանակցությունները և որոշումները հաճախ կայացվում են կուլիսներում, և երբեմն նույնիսկ հակասում են հրապարակային դիրքորոշումներին։ Այդ պատճառով, նրա եզրակացությամբ, Հայաստանը պետք է սթափ գնահատի եվրոպական գործընթացները, աշխատի դրանց հետ, բայց միաժամանակ չտրվի ավելորդ սպասումների և պատրանքների։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top