Բաքուն սահմանազատում է իրականացնում միայն այնտեղ, որտեղ ունի հավակնություններ

Բաքուն սահմանազատում է իրականացնում միայն այնտեղ, որտեղ ունի հավակնություններ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օրերս հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման աշխատանքները շարունակվում են։ Նա նաև նշել էր, որ Շահին Մուստաֆաևի այցի ընթացքում երեք փաստաթուղթ է ստորագրվել։ Այս մասին հայտնեց նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ի՞նչ բնույթի աշխատանքների և փաստաթղթերի մասին է խոսքը, մեկնաբանել է միջազգայնագետ Արմեն Մանվելյանը՝ պնդելով, որ Ադրբեջանը սահմանազատում իրականացնում է միայն այն ուղղություններով, որոնց նկատմամբ ունի «հետաքրքրություն կամ հավակնություն»։

«Ինչու՞ են իրենք Տավուշից սկսել սահմանազատումը, որովհետև իրենք նպատակ են դրել իրենց առաջ վերցնել  Տավուշի այսպես կոչված անկլավները, որոնք իրականության մեջ, ըստ Հայաստանի սահմանադրության և մեր օրենքների, գոյություն չունեն։ Որքան ես եմ հասկանում, կա գաղտնի համաձայնություն, և հայկական կողմը տվել է իր համաձայնությունը այդ անկլավները հանձնելու համար»,- ասել է նա։

Մանվելյանի խոսքով՝ դրա ապացույցներից մեկն էլ գազամուղի տեղափոխման որոշումն է։ Նրա պնդմամբ՝ գազամուղը մոտ հինգ կիլոմետր դեպի արևմուտք տեղափոխելու որոշումը կապված է այն հանգամանքի հետ, որ դրա մի հատվածն անցնում էր այս այսպես կոչված «անկլավներով»։

«Այսինքն՝ անկլավները նվիրաբերելով Ադրբեջանին, մենք նաև նվիրաբերում էինք նրանց գազամուղի նկատմամբ վերահսկողությունը։ Իսկ մենք հիշում ենք՝ Արցախում ինչ տեղի ունեցավ, երբ նրանք Լաչինում այդ գազամուղի վերահսկողության տակ վերցրեցին»,- նշել է նա։ «Իրենք ոչ միայն անկլավներն են ուզում, այլ նաև ցանկանում են դեպի այդ անկլավները ճանապարհներ ունենալ Հայաստանի տարածքով»,- ասել է Մանվելյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարությունները չեն ուղեկցվում հստակ սահմանների ընդունմամբ։

«Եթե հայկական կողմը նույնիսկ որոշակի քառակուսի մետրեր է նշում, իրենք հրաժարվում են որևէ թիվ նշել՝ ասելով, թե ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց թե կոնկրետ ինչ տարածքի վրա են ճանաչում, պարզ չէ։ Հետևաբար, սահմանազատման գործընթացը նրանք դնում են հենց այդ տրամաբանության մեջ․ Հայաստանի տարածքային ամբողջականությունը փաստացի չեն ճանաչում և սահմանազատում իրականացնում են միայն այնտեղ, որտեղ ունեն հավակնություններ ներխուժելու Հայաստանի տարածք՝ հանձինս անկլավների և TRIPP-ի»,- նշել է նա։

Մանվելյանի գնահատմամբ՝ մնացած ուղղություններով Ադրբեջանը «զրոյական հետաքրքրություն» ունի սահմանազատման գործընթաց իրականացնելու նկատմամբ։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top