Ընտրությունների մաթեմատիկան և չակտիվացված ընտրողը

Ընտրություններ 2026․ «Սփռող» կուսակցությունների դերը պահպանվել է

Գալիք ընտրություններում 2021 թվականին ի հայտ եկած  «սպոյլեր» կուսակցությունների դերը կրկին ազդեցիկ է լինելու, ընտրություններին մասնակցող ուժերի գրեթե կեսը «ձայների սփռմամբ» է զբաղված։ Այս մասին նշել է  քաղաքական գիտությունների դոկտոր, Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։ 

Նրա խոսքով՝ եթե մինչև 2021 թվականը Հայաստանում ընտրություններին սովորաբար մասնակցում էր 9-11 կուսակցություն, ապա 2021-ին այդ թիվը հասել էր 25-ի։ Թորոսյանի գնահատմամբ՝ 2021 թվականի ընտրություններում բազմաթիվ քաղաքական ուժեր ստեղծվել էին ոչ թե իրական քաղաքական պայքարի կամ խորհրդարան անցնելու նպատակով, այլ իշխանության օգտին ընդդիմադիր ձայները «փոշիացնելու» համար։ Նա  հիշեցրեց, որ ընտրություններից հետո այդ «սփռող» կուսակցությունների մի մասը ձևավորեց համագործակցության տարբեր ձևաչափեր իշխող ուժի հետ, ինչը, նրա կարծիքով, փաստում էր այդ նախագծերի իշխանության օգտին աշխատելու բնույթը։

«Կուսակցությունները ստեղծվում են միմյանց հետ մրցակցելու համար, ոչ թե իշխանության շուրջ արհեստական ձևաչափեր կազմելու»,- նշել է նա՝ հավելելով, որ այդ հարաբերություններն ավելի շատ «շուկայական ծառայությունների» տրամաբանություն ունեին։ Նրա խոսքով՝ նման ուժերի հիմնական նպատակը եղել է իշխող քաղաքական ուժին ծառայություն մատուցելը՝ հետագայում դրա դիմաց քաղաքական կամ այլ օգուտներ ստանալու ակնկալիքով։

Այս ընտրություններին մասնակցող ուժերի թիվը մի փաքր նվազել է՝ դառնալով 19, սակայն, ըստ Թորոսյանի, դա դեռ չի նշանակում, որ քաղաքական համակարգը լիարժեք առողջացել է։ Նրա կարծիքով, որ ներկայիս 19 կուսակցություններից առնվազն կեսը նույնպես իրական քաղաքական նպատակներ չեն հետապնդում և շարունակում են մասնակցել ընտրությունների այդ նույն տրամաբանությամբ։

Միաժամանակ նա ընդգծել է, որ այս պահի դրությամբ ընտրությունների հիմնական պատկերը գրեթե նույնն է, ինչ 2021 թվականին․ իշխող ուժից բացի խորհրդարան անցնելու հավակնություններ ունեն մի քանի ընդդիմադիր ուժեր։ Նախկին ԱԺ նախագահի գնահատմամբ՝ ներկայումս խորհրդարան անցնելու առավել իրատեսական հնարավուրություն ունեն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» և ըննդիմադիր  «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստանը»։ Նա չի բացառել, որ նախընտրական գործընթացների զարգացման արդյունքում խորհրդարան անցնող ուժերի ցանկում կարող են փոփոխություններ լինել, սակայն ընդգծել է, որ ընդհանուր քաղաքական պատկերը հիմնականում արդեն ձևավորվել է։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top