Ռուսաստանի նկատմամբ կախվածությունն այլևս միայն արտաքին առևտրի հարց չէ։ Այս մասին նշել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։ Նրա գնահատմամբ՝ մակրոտնտեսական աճի դրական թվերի ֆոնին խորանում են այնպիսի խնդիրներ, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ տնտեսական աճի, գների և սոցիալական իրավիճակի վրա։
Անանյանը հիշեցնում է, որ 2026 թվականի մայիսին տնտեսական ակտիվությունն աճել է 11.7 տոկոսով, իսկ հունվար-մայիս ամիսներին՝ 8 տոկոսով։ Սակայն, նրա խոսքով, այդ ցուցանիշների կողքին առկա են անհանգստացնող միտումներ․ նույն ժամանակահատվածում արտահանումը նվազել է 3.7 տոկոսով, ներմուծումն աճել՝ 2.2 տոկոսով, իսկ առևտրային պակասուրդը հասել է տարեկան կանխատեսվող ՀՆԱ-ի շուրջ 7 տոկոսին։ Միայն մայիսին, ինչպես նշում է նա, դեպի Ռուսաստան արտահանումը կրճատվել է 15 տոկոսով։
Նախկին պաշտոնյան ուշադրություն է հրավիրում նաև գնաճային իրավիճակի վրա։ Նրա խոսքով՝ հունիսին գնաճը հասել է 5.1 տոկոսի, իսկ պարենային ապրանքների գնաճը՝ 8.6 տոկոսի։ Միաժամանակ, ըստ նրա, պետական բյուջեի առաջին հայացքից դրական թվացող 0.8 տոկոսանոց հավելուրդը ձևավորվել է ոչ թե եկամուտների զգալի աճի, այլ կապիտալ ծախսերի 54.5 տոկոս կրճատման և պաշտպանության ոլորտի ծախսերի դադարեցման պայմաններում։
Դավիթ Անանյանը շեշտում է, որ Համաշխարհային բանկն առանձին ընդգծում է Ռուսաստանի հետ քաղաքական զարգացումներից բխող ռիսկերը։ Նրա խոսքով՝ զբոսաշրջիկների 40 տոկոսը և մայիսյան զուտ դրամական տրանսֆերտների 61 տոկոսը Ռուսաստանից են, ինչի շնորհիվ ամրապնդվել է դրամը, ավելացել է բանկային համակարգի իրացվելիությունը և պահպանվել է ներքին պահանջարկը։
«Այսինքն՝ Ռուսաստանի նկատմամբ կախվածությունն այլևս միայն արտաքին առևտրի հարց չէ։ Այն միաժամանակ վերաբերում է արտահանմանը, տրանսֆերտներին, զբոսաշրջությանը, ներքին սպառմանը, փոխարժեքին և էներգետիկ անվտանգությանը»,– նշում է Անանյանը։
Նա հիշեցնում է, որ մայիս-հունիս ամիսներին Ռուսաստանը սահմանափակել է հայկական գյուղատնտեսական արտադրանքի, ծաղիկների, ձկնամթերքի, հանքային ջրի և ալկոհոլային խմիչքների մուտքն իր շուկա։ Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկն արդեն զգուշացնում է, որ եթե այդ սահմանափակումները պահպանվեն կամ ընդլայնվեն, դրանց հետևանքները դուրս կգան արտաքին առևտրի շրջանակից և կազդեն տնտեսական աճի, գնաճի և սոցիալական պայմանների վրա։
Անդրադառնալով կառավարության արձագանքին՝ Անանյանը նշում է, որ իշխանությունն այս ռիսկերին հակադրում է տրանսպորտային և մաքսային ծախսերի պետական փոխհատուցման ծրագիրը և արտահանումը դեպի Եվրամիության շուկա արագ վերաուղղելու վերաբերյալ լավատեսական հայտարարությունները։
Սակայն, նրա գնահատմամբ, Եվրամիության աջակցությունը քաղաքական առումով կարևոր է, բայց տնտեսական ծավալներով սահմանափակ, իսկ ռուսական շուկան կարճ ժամանակում եվրոպականով փոխարինելու ակնկալիքն անիրատեսական է։
Անանյանի խոսքով՝ եվրոպական շուկան չի սահմանափակվում միայն մաքսատուրքերի վերացմամբ։ Այն պահանջում է որակի և անվտանգության այլ չափանիշների համապատասխանություն, սերտիֆիկացում, արտադրանքի հետագծելիություն, ավելի թանկ լոգիստիկա, կայուն մատակարարումներ, բաշխման ցանցեր, նոր փաթեթավորում, մարքեթինգ և տարիների ընթացքում ձևավորված գործարար կապեր։ Հատկապես թարմ գյուղմթերքը, ծաղիկը կամ ձկնամթերքը, նրա համոզմամբ, հնարավոր չէ կառավարության որոշմամբ կամ եվրոպացի պաշտոնյայի հայտարարությամբ մեկ օրում տեղափոխել այլ շուկա։
«Մաքսատուրքից ազատված ապրանքը դեռ վաճառված ապրանք չէ»,– ընդգծում է նա։
Նախկին ՊԵԿ նախագահը խնդրի ամենացավոտ կողմը համարում է այն, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ հետևողականորեն հասցրել են առճակատման, սակայն տնտեսությունը թողել են նույն Ռուսաստանից բազմաշերտ կախվածության մեջ։
Նրա խոսքով՝ իշխանությունները չեն ստեղծել տնտեսական անվտանգության բարձիկներ, չեն նախապատրաստել արտադրողներին և չեն ձևավորել իրատեսական այլընտրանքներ, ինչի հետևանքով այսօր ստեղծված իրավիճակի գինը վճարում են ջերմոցատերերը, գյուղացիները, ձկնաբույծները, գինեգործները, արտահանողները, սպառողները և հարկատուները։ Ըստ Անանյանի՝ վերջիններիս վրա լրացուցիչ բեռ է ընկնելու նաև այն պատճառով, որ իշխանությունները սեփական բացթողումների հետևանքները փորձում են փոխհատուցել պետական բյուջեի միջոցներով։
Ամփոփելով՝ Անանյանը նշում է, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական կախվածությունը վերածել է քաղաքական հարկադրանքի գործիքի, իսկ Հայաստանի իշխանությունները, չկարողանալով ո՛չ կառավարել և թուլացնել այդ կախվածությունը, ո՛չ էլ ստեղծել դրա իրատեսական այլընտրանքը, իրենց աշխարհաքաղաքական քաղաքականության ամբողջ գինը փոխանցել են Հայաստանի տնտեսությանն ու քաղաքացիներին։

