Մերձավոր Արևելքում ծավալվող ռազմաքաղաքական իրադարձությունները վկայում են, որ հակամարտությունը թևակոխել է մի նոր, անհամեմատ ավելի վտանգավոր ու վճռորոշ փուլ։ Իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսսեյնիի փոխանցմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները յուրաքանչյուր փուլում փորձում է թելադրել իր կամքը և իրականացնել սեփական ծրագրերը, սակայն Իրանը ցույց է տալիս կոշտ դիմադրություն։
Բանակցությունները՝ որպես ժամանակ շահելու և ուժերը վերախմբավորվելու միջոց
Վերլուծաբանը հիշեցրեց, որ 40-օրյա պատերազմի ընթացքում Իրանը ցուցադրեց իր ուժն ու դիմադրողականությունը ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։
«Այն ժամանակ հայտարարված զինադադարը եղել է հենց ԱՄՆ-ի և Իսրայելի պահանջով ու խնդրանքով, այլ ոչ թե Իրանի նախաձեռնությամբ։ Սակայն դրանից հետո Միացյալ Նահանգները փորձեց բանակցային գործընթացի միջոցով կյանքի կոչել այն նպատակները, որոնց չէր կարողացել հասնել ռազմական ճանապարհով, ուժի կիրառմամբ և հարձակումներով։ Չնայած բանակցություններն ընթանում էին ուղղակի սպառնալիքների ներքո, Իրանը, ինչպես պատերազմի դաշտում, այնպես էլ բանակցային սեղանի շուրջ, շարունակեց դիմադրել»,- ընդգծում է Հոսսեյնին։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ թեև ի վերջո կնքվեց փոխզիջումային համաձայնագիր, ԱՄՆ-ն ևս մեկ անգամ ապացուցեց, որ վստահելի կողմ չէ բանակցությունների համար և նորից հարձակումներ սկսեց Իրանի վրա։ Հոսսեյնին համոզված է, որ Վաշինգտոնը դիվանագիտական շփումներն օգտագործում է բացառապես տակտիկական նպատակներով։
«ԱՄՆ-ն բանակցությունները ծառայեցնում է որպես գործիք, որպեսզի ժամանակ շահի, բարելավի իր դիրքերը և հնարավորություն տա իր ռազմական ուժերին վերականգնվել ու պատրաստվել նոր հարձակումների»,- նշում է վերլուծաբանը։
Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ի քայրերի հետևանքով պատերազմի այլընտրանքային ճանապարհը, որը ենթադրում էր դիվանագիտական լուծումներ, քանի անգամ տապալվել է։ Այդ պատճառով ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ պատերազմը բավականին երկար է ձգվելու և հսկայական ռեսուրսներ է կլանելու երկու կողմերից էլ։
Իրանի ռազմական դոկտրինի փոփոխությունը․ պաշտպանությունից դեպի հարձակում
Ստեղծված պայմաններում Թեհրանը դիմում է արմատական քայլերի։ Հոսսեյնիի փոխանցմամբ՝ Իրանն այժմ փոխում է իր ռազմական դոկտրինը։ Եթե 40-օրյա պատերազմի ընթացքում Իրանը կիրառում էր պաշտպանական հայեցակարգը և որոշակի վերապահումներ ուներ, նաև հաշվի էր առնում հարևան երկրների գործոնը,ապա այժմ իրավիճակն այլ է։
«Իրանն այս փուլում անցնում է այնպիսի զսպողական գործողությունների, որոնք ԱՄՆ-ին այլևս թույլ չեն տա նույնիսկ մտածել Իրանի վրա հարձակվելու մասին։ Ինչպես նշում է Իրանի ռազմական հրամանատարությունը, երկիրը ոչ միայն պաշտպանվելու է, այլև դիմելու է հարձակողական գործողությունների, որպեսզի այնպիսի ցավոտ հարվածներ հասցնի Միացյալ Նահանգներին, որ վերջինս ստիպված լինի պահպանել բոլոր պայմանավորվածությունները»,- պարզաբանում է քաղաքագետը։
Ցամաքային գործողություններ և հարևանների նկատմամբ վերապահումների վերացում
Վերլուծաբանը հատուկ ընդգծում է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի պատերազմը, Իրանն այլևս չի սահմանափակելու իր գործողությունները։ Սա վերաբերում է նաև տարածաշրջանի այն հարևան երկրներին, որոնք իրենց տարածքներն ու ռազմաբազաները տրամադրել են ամերիկյան ուժերին՝ Իրանին հարվածելու համար։
«Եթե իրադարձությունները զարգանան այս ուղղությամբ, Իրանի կողմից կարող է իրականացվել ցամաքային գործողություն, որի նպատակը կլինի ամբողջ տարածաշրջանում տեղակայված ամերիկյան այդ ռազմաբազաների լիակատար ոչնչացումը»,- փոխանցում է Հոսսեյնին։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք սա ծանր հետևանքներ չի ունենա Իրանի համար՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում նրա տնտեսական կապերը, վերլուծաբանն ընդգծում է, որ սա Իրանի համար «լինել-չլինելու» պատերազմ է։ Երբ ԱՄՆ-ն փորձում է ոչնչացնել Իրանի կենսական ու ենթակառուցվածքային օբյեկտները, Թեհրանի ձեռքերն ազատ են լինելու ցանկացած համաչափ և անհամաչափ պատասխան տալու համար։
Անխուսափելի վրեժխնդրություն և նոր հոգևոր առաջնորդի ուղերձը
Անդրադառնալով Իրանի հոգևոր առաջնորդի սպանությանը և դրան հաջորդած զարգացումներին՝ Հոսսեյնին նշում է, որ Ալի Խամենեիի հուղարկավորության ժամանակ հնչած հանրային կոչերն ու պաշտոնական հայտարարություններն ունեն աննախադեպ խիստ բնույթ։
«Իրանի հանրային ու քաղաքական դաշտում երբևէ այսքան կոշտ դիրքորոշում չէր արտահայտվել։ Իրանի նոր հոգևոր առաջնորդը նույնպես հայտարարեց, որ վրեժխնդրությունը լինելու է պարտադիր պայման։ Նրանք, ովքեր նման հանցագործություններ են գործել Իրանի դեմ, չպետք է հեռանան սովորական մահով. նրանք արժանանալու են նույն ճակատագրին»,- եզրափակում է Փույա Հոսսեյնին։
Վերլուծաբանի խոսքով՝ ԱՄՆ-ն ի վերջո պետք է հասկանա, որ այժմ գործ ունի բոլորովին այլ Իրանի հետ։ Որքան էլ Վաշինգտոնը փորձի շարունակել իր քաղաքականությունը, բախվելու է Իրանի հզոր դիմադրությանը և ստիպված է լինելու հաշվի նստել այդ փաստի հետ։

