TRIPP նախագիծ․ Ի՞նչն է մտահոգում Բաքվին

Ադրբեջանը փորձում է վարել բազմավեկտոր քաղաքականություն՝ միաժամանակ պահպանելով հարաբերությունները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների հետ։ Քաղաքագիտության դոկտոր Ներսես Կոպալյանի խոսքով՝ Բաքվի ռազմավարությունը հիմնված է այն հաշվարկի վրա, որ տարածաշրջանում ուժերի նոր դասավորությունը դեռ վերջնականապես ձևավորված չէ, և Ռուսաստանը կարող է փորձել վերականգնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում։

«Ադրբեջանը փորձելու է իր բազմավեկտոր քաղաքականությունը վերականգնել և կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց միաժամանակ ասելու է՝ սա են մեր պայմանները։ Այս սահմանների մեջ մենք պատրաստ ենք վերականգնել հարաբերությունները»,- նշել է Կոպալյանը։ Նրա խոսքով՝ նույն տրամաբանությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է նաև ուղերձ հղել Վաշինգտոնին՝ ցույց տալով, որ պատրաստ է համագործակցել Միացյալ Նահանգների հետ և կատարել ամերիկյան պահանջները՝ պահպանելու համար ռազմավարական կապերը։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանի նման մոտեցումը պայմանավորված է տարածաշրջանում ստեղծված անորոշությամբ։ Բաքուն վստահ չէ, որ ԱՄՆ-ի ակտիվացումը Հարավային Կովկասում և ձևավորվող նոր համակարգը կկարողանան ամբողջությամբ ամրապնդվել առաջիկա տարիներին։ «Նրանք համոզված չեն, որ Միացյալ Նահանգների ներկայությունը տարածաշրջանում և այս նոր անցումային փուլը հինգ տարվա ընթացքում կկոնսոլիդացվի։ Նրանք հաշվի են առնում նաև այն տարբերակը, որ Ռուսաստանը կարող է վերադառնալ տարածաշրջանային գործընթացների ակտիվ դերակատարի կարգավիճակին»,- ասել է Կոպալյանը։

Նրա խոսքով՝ հենց այդ հաշվարկն է ստիպում Ադրբեջանին վարել ճկուն քաղաքականություն՝ չփակելով որևէ ուղղություն։ «Եթե Ռուսաստանը վերադառնա, Ադրբեջանը պետք է ունենա Ռուսաստանի հետ համագործակցելու ձևեր։ Իսկ եթե դա տեղի չունենա, ապա ինքը արդեն ստեղծում է ամուր հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ»,- նշել է նա։

Անդրադառնալով TRIPP նախագծին՝ քաղաքագետը նշել է, որ այս հարցում Ադրբեջանում կան լուրջ մտահոգություններ։ Ըստ նրա՝ TRIPP հիմնադրամի ղեկավարի նշանակումը անսպասելի էր Ադրբեջանի համար։ 

«Բաքվում նշում են՝ այս մարդը ներդրումներ ունի Հայաստանում՝ հեռահաղորդակցության ոլորտում, նոր ներդրումներ ունի նաև ոսկու հանքարդյունաբերության ոլորտում։ Իրենց տեսանկյունից դա նշանակում է, որ Հայաստանը նրա համար ավելի կարևոր է, քան Ադրբեջանը»,- ասել է Կոպալյանը։
Նրա խոսքով՝ Բաքվում չեն բացառում, որ նախագծի կառավարման շրջանակներում ներգրավված մարդիկ և կառույցները կարող են ավելի մեծ դեր տալ Հայաստանին։ Կոպալյանը նշել է, որ Ադրբեջանում տարբեր փորձագետներ և վերլուծական կենտրոններ սկսել էին քննարկել այդ թեման․ «Նրանք ասում են՝ Հայաստանը հիմա ունի ազդեցության լծակներ, որոնք նախկինում չուներ։ Եվ դա Ալիևի համար մտահոգիչ է»

Քաղաքագետի խոսքով՝ նախկինում Ալիևը կարծում էր, որ իր ազդեցությունն ու տարածաշրջանային դիրքը թույլ կտան ինքնուրույն թելադրել, թե ինչպես պետք է իրականացվի TRIPP նախագիծը։ Սակայն այժմ Բաքվում հասկանում են, որ որոշումների հիմնական կենտրոնը գտնվում է Վաշինգտոնում, և այդ գործընթացում Հայաստանը կարող է ունենալ ավելի մեծ դերակատարում։

Կոպալյանը նշել է, որ Բաքուն իսկապես անհանգստացած է, քանի որ նախկին ազդեցությունը, որը նախատեսում էր ունենալ այդ գործընթացի վրա, այլևս չունի։ «TRIPP-ի պայմանագիրը, հուշագրերը, կառավարման կառուցվածքը և այն բոլոր հարցերը, որոնք այսօր քննարկվում են, ավելի շատ համապատասխանում են Հայաստանի պահանջներին, քան այն պահանջներին, որոնք Ալիևը ներկայացնում էր օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովից առաջ»,- համոզված է նա։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top