Հայաստանի պետական պարտքի անշեղ աճը մտահոգիչ միտում է, հատկապես այն պայմաններում, երբ երկրի տնտեսության կառուցվածքը բավարար չափով չի փոխվել, իսկ տնտեսական աճի զգալի մասը վերջին տարիներին պայմանավորված է եղել վերաարտահանման գործարքներով։ Նման կարծիքի է պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։
Ֆարմանյանի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի պետական պարտքն ավելացել է շուրջ 8 միլիարդ դոլարով։ Այդ աճից մոտ 1,8 միլիարդ դոլարը բաժին է ընկել արտաքին պարտքին, իսկ մնացածը՝ պետական ներքին պարտքին։
Պարտքի դեպքում պետք է պատասխանել երեք հիմնական հարցի
Ֆարմանյանի խոսքով՝ պետական պարտքի վերաբերյալ խորհրդարանական վերահսկողության ընթացքում անհրաժեշտ է մշտապես պատասխանել երեք հիմնական հարցի՝ ինչու է պարտքը վերցվում, ինչ ուղղությամբ է այն ծախսվելու և ինչ է դրանից շահելու Հայաստանի քաղաքացին։
Նրա խոսքով՝ հաճախ որպես հակափաստարկ ներկայացվում է պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը, որը, ըստ մասնագետների, միջազգային ընդունելի մակարդակում է։
Ֆարմանյանը, սակայն, կարծում է, որ Հայաստանի ցուցանիշները զարգացած երկրների հետ համեմատելիս պետք է հաշվի առնել տնտեսությունների կառուցվածքային տարբերությունները։
«Մեր գործընկերները մոռանում են մի պարզ ճշմարտություն՝ ինչպիսի կառուցվածք ունեն այդ (զարգացած) երկրների տնտեսությունները, ինչպիսի կառուցվածք ունի Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, ինչպիսի արտահանման կառուցվածք ունեն այդ զարգացած երկրները», — նշել է նա։
Որպես օրինակ՝ պատգամավորը բերել է ԱՄՆ-ը, որի պետական պարտքը մոտենում է 40 տրիլիոն դոլարի։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Հայաստանի տնտեսությունների միջև համեմատությունը տեղին չէ, քանի որ ամերիկյան տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացված է, իսկ դոլարը համաշխարհային պահուստային արժույթ է։
Ֆարմանյանը իրավիճակը համեմատել է երկու գործարարների հետ, որոնք ունեն նույն չափի պարտք, սակայն նրանցից մեկը տարբեր ոլորտներում դիվերսիֆիկացված բիզնեսներ ունի, իսկ մյուսը՝ միայն մեկ սեզոնային և տեղային բիզնես։ Նույն պարտքը երկրորդի համար ավելի մեծ ռիսկ է ներկայացնում։
Պարտքի սպասարկումը պետական բյուջեի ավելի քան 10 տոկոսն է
Ֆարմանյանը նշել է, որ թեև վերջին տարիներին ՀՆԱ-ն և պետական բյուջեն կրկնապատկվել են, պետք է ուշադրություն դարձնել նաև պետական պարտքի սպասարկման թանկացմանը։
Նրա խոսքով՝ միայն տոկոսների սպասարկմանն ուղղվող ծախսերը վերջին տարիներին կազմում են պետական բյուջեի ընդհանուր ծախսերի ավելի քան 10 տոկոսը։
«Սա անհանգստացնող երևույթ է, և մենք սրա նկատմամբ խիստ ուշադրություն պետք է դարձնենք», — ասել է նա։
Միաժամանակ պատգամավորը շեշտել է, որ պետական պարտքն ինքնին ո՛չ լավ է, ո՛չ վատ։ Խնդիրն առաջանում է այն դեպքում, երբ պարտքով ներգրավված միջոցները չեն ուղղվում այնպիսի կապիտալ ծախսերի, որոնք բավարար տնտեսական աճ կապահովեն։
Բանկերը պետք է ավելի մեծ դեր ունենան տնտեսական աճի մեջ
Ֆարմանյանը խնդիր է տեսնում նաև պետական պարտատոմսերի և առևտրային բանկերի փոխհարաբերության մեջ։
Նրա խոսքով՝ առևտրային բանկերը իրենց ներգրաված միջոցների զգալի մասը ներդնում են պետական պարտատոմսերում՝ ստանալով համեմատաբար ցածր ռիսկով եկամուտ։ Արդյունքում, ըստ նրա, նվազում է տնտեսության այլ ոլորտներում ներդրումներ կատարելու շահագրգռվածությունը։
Պատգամավորը հիշեցրել է նաև 1990-ականների վերջի իրավիճակը, երբ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասնում էր մոտ 70 տոկոսի, և բանկերը, նրա գնահատմամբ, շահույթ էին ստանում պետության հաշվին։
Ֆարմանյանի խոսքով՝ այն ժամանակ վարչապետ Վազգեն Սարգսյանի օրոք այդ խնդիրը վարչական միջոցներով կարգավորվել է։
Անհրաժեշտ է կանխատեսելի հարկային համակարգ
Պատգամավորը կարևորել է նաև արդար և կանխատեսելի հարկային համակարգի ձևավորումը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին հարկային օրենսդրության տարբեր դրույթների հաճախակի փոփոխությունները գործարարների համար նվազեցնում են բիզնեսի երկարաժամկետ պլանավորման հնարավորությունը։
Ֆարմանյանը որպես քննարկման ենթակա հարցեր առանձնացրել է նաև շահաբաժինների հարկումը և շահութահարկի կանխավճարների մեխանիզմը։
«Երբ մարդը պլանավորում է բիզնես գործունեություն և հանկարծ իր գործունեության որոշակի փուլում փոխվում է ինչ-որ մի դրույթ, որը խաթարում է իր բնականոն գործունեությունը», — նշել է նա՝ ընդգծելով կանխատեսելիության անհրաժեշտությունը։
Մաքսային վարչարարությունը նույնպես խնդիրներ ունի
Ֆարմանյանի գնահատմամբ՝ եթե հարկային ոլորտում խնդիրները հիմնականում կապված են քաղաքականության հետ, ապա մաքսային ոլորտում ավելի շատ վարչարարական խնդիրներ կան։
Նրա խոսքով՝ այդ խնդիրները անուղղակիորեն վնասում են տնտեսվարողներին, իսկ արդյունքում կարող են ազդել նաև պետական բյուջեի եկամուտների վրա։
Ֆարմանյանը նշել է, որ մաքսային համակարգը որոշակիորեն կատարելագործվել է, սակայն դեռևս կան խնդիրներ։ Նա անընդունելի է համարում այն իրավիճակը, երբ քաղաքացիների կամ տնտեսվարողների համար մաքսային համակարգը կարող է վերածվել տուգանքի աղբյուրի։
Պետական սուբսիդիաները պետք է գնահատել արդյունավետության տեսանկյունից
Ֆարմանյանը անդրադարձել է նաև պետական սուբսիդիաներին և փոխհատուցումներին։
Նա նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Եվրամիության երկրներ ապրանք արտահանող տնտեսվարողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվել են մաքսատուրքերի փոխհատուցումներ։
Պատգամավորի կարծիքով՝ այստեղ առաջանում է արդարության հարց, քանի որ հարկատուների մի մասի հաշվին ֆինանսավորվում է մեկ այլ հատված։
Միաժամանակ, ըստ նրա, պետք է գնահատել այդ ծրագրերի արդյունավետությունը՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք նպաստել Հայաստանի արտահանման կառուցվածքի փոփոխությանը։
«Կարծում եմ՝ առայժմ բավարար չափով չի նպաստել», — ասել է նա։
Ֆարմանյանը նաև քննարկման ենթակա է համարում բանկերի միջոցով գյուղատնտեսական վարկերի տոկոսների նվազեցման նպատակով տրամադրվող պետական սուբսիդիաների արդյունավետությունը։
Տնտեսական աճը մեծապես պայմանավորված է վերաարտահանումներով
Ֆարմանյանը առանձնացրել է նաև Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքը։
Նրա խոսքով՝ 2022 թվականից սկսած տնտեսական աճի և տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի զգալի մասը պայմանավորված է վերաարտահանման գործարքներով։
Նա կարծում է, որ այս պայմաններում կառավարության ջանքերը տնտեսության կառուցվածքային փոփոխության առումով դեռևս բավարար շոշափելի արդյունք չեն տվել։
«Այս աճը կարելի է անվանել ինքնաբերաբար աճ», — ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ ՀՆԱ-ի կրկնապատկմանը զուգահեռ պետական պարտքն ավելացել է շուրջ 8 միլիարդ դոլարով, իսկ դրա սպասարկման ծախսերը նույնպես աճել են։
Առանց տնտեսության կառուցվածքի փոփոխության պարտքի խնդիրը կխորանա
Ֆարմանյանի գնահատմամբ՝ եթե Հայաստանը չկարողանա փոխել տնտեսության կառուցվածքը, ապա միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կարող է բախվել պետական պարտքի կայուն կառավարելիության խնդրին։
Նրա խոսքով՝ աճող պետական պարտքի պայմաններում անհրաժեշտ է տնտեսության կառուցվածքային փոփոխություն և արդյունաբերականացում։
«Առանց դրա մենք չենք կարող ունենալ պետական պարտքի կայուն կառավարելիություն», — ընդգծել է Հայկ Ֆարմանյանը։
Նրա խոսքով՝ պետական պարտքի նկատմամբ վերահսկողությունը պետք է կենտրոնանա ոչ միայն պարտքի չափի, այլև դրա օգտագործման արդյունավետության վրա։ Հիմնական հարցը պետք է լինի՝ արդյոք ներգրավվող միջոցները ստեղծում են այնպիսի տնտեսական արդյունք, որը հետագայում հնարավորություն կտա սպասարկել և կառավարել այդ պարտքը։

