Հայաստանում ընտրովի արդարադատությունը վատթարացնում է կոռուպցիայի ընկալման ցուցանիշը 

Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը նկատելի առաջընթացից հետո հետընթաց ապրեց և լճացավ։ Կոռուպցիայի ընկալման ցուցանիշը շարունակում է մնալ այն մակարդակում, որը վկայում է երկրում կոռուպցիայի լրջության մասին։ Այս մասին ասել է հակակոռուպցիոն անվտանգության փորձագետ Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով Հայաստանի հակակոռուպցիոն պայքարի արդյունքներին։
Տպավորիչ առաջընթաց և լճացում 

Նրա խոսքով՝ 2018 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը 35 միավոր էր, իսկ 2020 թվականին այն հասավ 49-ի։ Հոկտանյանի գնահատմամբ՝ այդ աճը միջազգային համատեքստում բավական տպավորիչ էր։ Սակայն առաջընթացը շարունակական չեղավ․ ցուցանիշը նվազեց մինչև 46-ի և հետագա տարիներին հիմնականում մնաց 45-47 միավորի միջակայքում։

Հոկտանյանը հիշեցրեց, որ  Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության վրա, որի շրջանակում մինչև 2026 թվականի վերջը նախատեսվում է հասնել Կոռուպցիայի ընկալման համաթվի 55 միավորի։ Transparency International-ը տվյալ ցուցանիշը սովորաբար հրապարակում է հաջորդ տարվա փետրվարին, ուստի Հայաստանի՝ 2026 թվականի թիրախին հասնելու վերաբերյալ վերջնական պատկերը հայտնի կլինի 2027 թվականի փետրվարին։ Սակայն, նրա գնահատմամբ՝ ներկայիս 46-ից 55 միավորի հասնելը կարճ ժամանակահատվածում քիչ հավանական է։

Հոկտանյանը ընդգծեց, որ Հայաստանի ցուցանիշը դեռևս չի հաղթահարել 50 միավորի շեմը։ Նրա խոսքով՝ 50-ից ցածր ցուցանիշը նշանակում է, որ կոռուպցիան շարունակում է մնալ երկրի լուրջ հիմնախնդիր և էական ազդեցություն ունենալ սոցիալ-տնտեսական ու քաղաքական զարգացման վրա։

Չարդարացված սպասելիքների հետևանք 

Փորձագետի խոսքով՝ 2018-2019 թվականներին ցուցանիշի կտրուկ բարելավման հարցում մեծ դեր են ունեցել նոր իշխանություններից հասարակության, բիզնեսի և փորձագիտական շրջանակների ակնկալիքները։

Այդ տարիներին նաև սկսվեցին հակակոռուպցիոն մասնագիտացված կառույցների ձևավորման գործընթացները։ Ստեղծվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ընդունվեց Հակակոռուպցիոն կոմիտեի և հակակոռուպցիոն դատարանի ձևավորմանն առնչվող օրենսդրությունը։

Սակայն հետագա զարգացումները, ըստ Հոկտանյանի, ցույց տվեցին, որ այդ ակնկալիքները ամբողջությամբ չարդարացան, բայց և չհանգեցրին խորը հիասթափության, քանի որ այդ դեպքում, ցուցանիշը կարող էր կրկին ընկնել 40 միավորից ցածր, սակայն դա տեղի չունեցավ։ Փոխարենը ձևավորվեց երկարատև լճացում։

Փորձագետը լճացման պատճառների շարքում առանձնացնում է 2020 թվականի իրադարձությունները՝ COVID-19 համավարակը և 44-օրյա պատերազմը։

Նրա գնահատմամբ՝ հատկապես համավարակի ընթացքում առաջացած խնդիրների լուծման ժամանակ իշխանությունները որոշ դեպքերում վերադարձան կառավարման նախկին մեթոդներին։ Միաժամանակ պետական ապարատում շարունակում էր մեծ թիվ կազմել նախորդ ժամանակաշրջանից մնացած աշխատակիցների բաժինը, իսկ անհրաժեշտ առաջնորդությունը բավարար չափով չդրսևորվեց։ Հոկտանյանի խոսքով՝ հետագայում կոռուպցիոն բնույթի խնդիրներ առաջացան նաև 44-օրյա պատերազմի համատեքստում, և այդ զարգացումները բացասաբար ազդեցին հասարակության ընկալումների վրա։

Ընտրակաշառքի ազդեցությունը նվազում է

Անդրադառնալով ընտրակաշառքի խնդրին՝ Հոկտանյանը նշել է, որ այն Հայաստանում երկար տարիների պատմություն ունեցող երևույթ է։ Միաժամանակ, նրա գնահատմամբ, ընտրակաշառքի արդյունավետությունը ժամանակի ընթացքում նվազել է։Որպես օրինակ նա հիշեցրել է 2013 թվականի նախագահական ընտրությունները, երբ, նրա խոսքով, տարբեր քաղաքներում լայնորեն ընտրակաշառք էր բաժանվում, սակայն, օրինակ, Գյումրիում հաղթեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Փորձագետը, սակայն, ներկայիս ընտրական գործընթացների համատեքստում հարց է բարձրացնում՝ արդյոք ընտրակաշառքի վերաբերյալ իրավապահ մարմինների արձագանքը բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ հավասար է եղել։ Նրա խոսքով՝ ինքը հետևել է Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի հաղորդագրություններին և նկատել, որ ընտրակաշառքի վերաբերյալ մեղադրանքներ հիմնականում ներկայացվել են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հասցեին։

Միևնույն ժամանակ, ըստ Հոկտանյանի, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ընտրակաշառքի հնարավոր բաժանման վերաբերյալ համարժեք իրավապահ արձագանքի մասին հայտարարություններ չեն եղել։ «Եթե չի ֆիքսվել, դա չի նշանակում, որ չկա»,– ասել է նա՝ ընդգծելով, որ իրավապահ մարմինների կողմից որևէ դեպքի չարձանագրումը ինքնին չի ապացուցում նման երևույթի բացակայությունը։

Օրինականացված ընտրակաշառք և վարչական ռեսուրս

Հոկտանյանը հարց է բարձրացնում նաև նախընտրական շտաբների ֆինանսավորման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» նախընտրական շրջանում մեծ գումարներ է ծախսել շտաբների աշխատանքի համար, որոնք ստեղծվել էին նաև տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ գյուղերում։ Փորձագետը չի բացառում, որ այդ ֆինանսական հոսքերի շրջանակում կարող էին լինել նաև ընտրակաշառքի օրինականացված ձևեր։

Միաժամանակ նա խոսել է վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման մասին։ Հոկտանյանի խոսքով՝ այդ թեմայով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից հաղորդումներ են ներկայացվել, սակայն դրանց պատշաճ ընթացք տալու վերաբերյալ ինքը բավարար տեղեկություն չի տեսել։ Փորձագետի գնահատմամբ՝ այս ամենը կարող է հասարակության մոտ ընտրովի արդարադատության վերաբերյալ ընկալում ձևավորել։

Ընտրովի արդարադատության հետևանքները

«Եթե մենք ունենք ընտրովի արդարադատություն, այսինքն՝ բռնել միայն նրանց, ովքեր հակառակորդ են ռեժիմի, այդ դեպքում կոռուպցիայի  ընկալման ցուցանիշը հաստատապես կվատանա»,– նշել է Հոկտանյանը։

Նրա խոսքով՝ եթե օրենքը խստորեն կիրառվում է քաղաքական հակառակորդների նկատմամբ, բայց նույն չափանիշները չեն կիրառվում իշխանության կամ իշխող ուժի ներկայացուցիչների նկատմամբ, դա կարող է էապես վնասել հակակոռուպցիոն պայքարի նկատմամբ վստահությանը։

Հոկտանյանը նաև հիշեցրել է վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման այլ դրսևորումներ՝ մասնավորապես նախընտրական միջոցառումներին պետական համակարգի աշխատակիցների և աշակերտների մասնակցության դեպքերը։

Նրա գնահատմամբ՝ նման երևույթները կարող են հասարակության մոտ կասկած առաջացնել, թե հակակոռուպցիոն պայքարը իրականում ուղղված է կոռուպցիայի համակարգային խնդիրների լուծմանը, թե որոշ դեպքերում օգտագործվում է քաղաքական հակառակորդներին ճնշելու նպատակով։ «Սա շատ լուրջ երևույթ է»,– ընդգծել է  փորձագետը։


👉 Քաղաքականություն — Vectors.am

Scroll to Top