Ռուսաստանից հնչող վերջին հայտարարությունները, այդ թվում՝ Հայաստանի և ռուսական ռազմական ներկայության վերաբերյալ, պետք է դիտարկել ոչ թե որպես Մոսկվայի կողմից տարածաշրջանից հեռանալու պատրաստակամության ուղիղ ազդանշան, այլ որպես բանակցային մարտավարության մաս։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ Ռուսաստանի ներկայիս հռետորաբանությունը կապված է առաջիկայում սպասվող կարևոր բանակցային և քաղաքական գործընթացների հետ։
Մոսկվան փորձում է նսեմացնել Հայաստանի կարևորությունը իր համար
Պետրոսյանի խոսքով՝ Ռուսաստանը ներկայում փորձում է ձևավորել այնպիսի տպավորություն, թե Հայաստանի հետ հարաբերությունները առաջին հերթին անհրաժեշտ են հենց Հայաստանին, մինչդեռ Ռուսաստանի համար դրանք երկրորդական նշանակություն ունեն։
Ըստ փորձագետի՝ դրա համար էլ Մոսկվայից հնչում են հայտարարություններ, որոնցում պատասխանատվությունը Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ճակատագրի համար փոխանցվում է հենց հայ հասարակությանը։
Այս տրամաբանության շրջանակում է նաև Ռուսաստանի դիրքորոշումը ռազմաբազայի և սահմանապահների վերաբերյալ։ Եթե հայ ժողովուրդը որոշի, որ ռազմաբազայի կարիքն այլևս չկա, Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել այն։ Նույնը, ըստ այդ հայտարարությունների տրամաբանության, վերաբերում է նաև սահմանապահներին և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը։
Պետրոսյանի գնահատմամբ՝ այս ամենը ավելի շատ նախաբանակցային մարտավարություն ունի։
«Հարավային Կովկասը Ռուսաստանի համար շարունակում է կարևոր մնալ»
Փորձագետը չի կարծում, որ Ռուսաստանը իրականում կորցրել է հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ։
Նրա խոսքով՝ որևէ մեկը չի կարող լրջորեն պնդել, որ տարածաշրջանն այլևս կարևոր չէ Ռուսաստանի համար։ Ընդհակառակը՝ Հարավային Կովկասը շարունակում է ունենալ ռազմավարական նշանակություն, իսկ Հայաստանը Ռուսաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ հենց Հայաստանի միջոցով է Մոսկվան դեռևս պահպանում իր ներկայությունը տարածաշրջանում։
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական առումով, Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության առումով, հավասարը չունեցող հարաբերություններ են»,– ասել է Պետրոսյանը։
Նրա համոզմամբ՝ հենց այդ պատճառով էլ Ռուսաստանի ներկայիս հայտարարությունները պետք չէ բառացիորեն ընկալել որպես Հայաստանից կամ Հարավային Կովկասից հրաժարվելու պատրաստակամություն։
Պետրոսյանի խոսքով՝ Մոսվկայի ներկայիս մարտավարության նպատակը Հայաստանի համար բանակցություններում Ռուսաստանի հետ հարաբերությունների առանձին ոլորտների «գինը» բարձրացնելու հնարավորությունը սահմանափակելն է։
«Ռուսաստանը փորձում է նվազեցնել դրանց կարևորությունը, որպեսզի Հայաստանը չփորձի հարաբերություններում եղած որևէ ոլորտ թանկով վաճառել Ռուսաստանի վրա»,– նշել է նա։
Փորձագետի գնահատմամբ՝ եթե Ռուսաստանի համար Հայաստանի հետ հարաբերությունները իսկապես երկրորդական նշանակություն ունենային, ապա Մոսկվան չէր փորձի այդ հարաբերությունների շուրջ այսպիսի ակտիվ քաղաքական և բանակցային դիրքավորում իրականացնել։
«Վա բանկ» գնալու ռիսկը՝ Հայաստանի ներսում իրավիճակի սրումը
Պետրոսյանի խոսքով՝ այս փուլում Ռուսաստանը կարծես պատրաստ է գնալ «վա բանկ»՝ իր նպատակներին հասնելու համար։ Փորձագետը, սակայն, հնարավոր ռիսկ է տեսնում նաև Հայաստանի ներքաղաքական դաշտում։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի կողմից առավել կոշտ բանակցային մարտավարության կիրառման տարբերակներից մեկը կարող է լինել Հայաստանի ներսում իրավիճակի սրման փորձը։
«Վա բանկ գնալը գուցե Ուկրաինան երկուսի՝ Հայաստանի ներսում հրահրելն է»,– նշել է Պետրոսյանը՝ ակնարկելով, որ Մոսկվան իր նպատակներին հասնելու համար կարող է կիրառել ոչ միայն դիվանագիտական և տնտեսական, այլև քաղաքական ազդեցության գործիքներ։

