Հայաստանում իշխանությունը փորձում է ձևավորել նոր՝ «հակամարտությունից ազատված ինքնություն», որի շրջանակում վերաիմաստավորվում են պետության գոյության իմաստն ու գաղափարախոսությունը։ Նման կարծիքի է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Ես կարծում եմ՝ Չորրորդ հանրապետությունը հռչակվել է, բայց չի հիմնադրվել․ ունի ծննդյան վկայական, բայց չունի անձնագիր»,– նշել է Հովհաննիսյանը։ Նրա գնահատմամբ՝ Չորրորդ հանրապետությունը դասական իմաստով կհիմնադրվի, երբ սահմանադրական փոփոխությունները հասնեն իրենց տրամաբանական ավարտին, այդ թվում՝ Անկախության հռչակագրի դրույթների հեռացմամբ։
Մեկ կուսակցության ընտրական հաղթանակը բավարար չէ
Հովհաննիսյանի կարծիքով՝ իշխանությունը ընտրություններում ստացած մանդատը փորձում է վերածել պետության ինքնությունը որոշելու մանդատի։ Սակայն, նրա համոզմամբ, մեկ կուսակցության ընտրական հաղթանակը բավարար չէ որևէ գաղափարախոսություն համապետական դարձնելու համար։
«Եթե դու իսկապես ուզում ես, որ որևէ գաղափարախոսություն կամ որևէ ինքնության վերաբերյալ պատկերացում դառնա համընդհանուր, անպայմանորեն կարևոր է ունենալ այդ համաձայնությունը»,– ասել է նա։ Նրա խոսքով՝ եթե պետական ինքնության վերաձևակերպումը շարունակվի առանց հասարակական համաձայնության, իշխանափոխությունից հետո Հայաստանը կարող է կրկին կանգնել ինքնության որոնման և պետության գոյության իմաստի վերաիմաստավորման խնդրի առաջ։
«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն ու խաղաղության հարցը
Հովհաննիսյանի գնահատմամբ՝ նոր պետական ինքնության առանցքը «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է, որն իր բնույթով քաղաքացիական է, ոչ թե ազգային։
Հովհաննիսյանը նշել է, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ենթադրում է նաև պետության գոյությունը մարդու համար՝ բարեկեցության և կյանքի լավ պայմանների ապահովման նպատակով։ Միաժամանակ փոխվում է հայրենիքի ընկալումը․ այն այլևս ներկայացվում է ոչ թե որպես երազանք, այլ որպես կոնկրետ հասցե և քառակուսի կիլոմետրեր։
Այս գաղափարախոսության կենտրոնում խաղաղությունն է, սակայն, ինչպես ընդգծել է նախկին նախարարը, խնդիրը խաղաղության՝ որպես արժեքի և խաղաղության՝ որպես հաստատված իրողության ընկալումների տարբերությունն է։ Նրա խոսքով՝ իշխանության ներկայացրած հայեցակարգում խաղաղությունը դիտարկվում է որպես արդեն հաստատված իրողություն։ Հովհաննիսյանի համոզմամբ՝ այս մոտեցման ամենախոցելի կողմն հենց սա է՝ խաղաղությունը դառնում է պետական ինքնության հիմք, մինչդեռ դրա երաշխավորը Հայաստանը չէ։
Ադրբեջանի ինքնությունը՝ որպես հիմնական ռիսկ
Նրա խոսքով՝ խաղաղությունը չի կարող ինքնաբերաբար դառնալ Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր գաղափարախոսությունը, քանի որ երկու պետությունների ինքնության բովանդակությունը տարբեր է։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի ինքնությունը ձևավորվել է հայատյացության հիմքի վրա։ Նա նշել է, որ Ադրբեջանի ներքին խնդիրները, այդ թվում՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղբանտարկյալների հետ կապված հարցերը, մինչ այժմ փոխհատուցվել են հայատյացության գաղափարով։
Հովհաննիսյանի կարծիքով՝ Հայաստանի կողմից խաղաղությունը պետական ինքնության հիմք դարձնելը չի նշանակում, որ նույն փոփոխությունը տեղի է ունենում նաև Ադրբեջանում։
«Մենք դա դարձնում ենք մեր ինքնություն, բայց դրա բանալին Ադրբեջանի ձեռքերում է։ Որ պահին Ադրբեջանը հօդս ցնդեցնի այդ խաղաղությունը, այդ պահից մեր ինքնությունն այլևս չկա»,– ասել է նա։
Նրա համոզմամբ՝ եթե Հայաստանի նոր ինքնությունը սահմանվում է որպես հակամարտությունից ազատված ինքնություն, իսկ խաղաղության պահպանումը կախված է մեկ այլ պետությունից, ապա առաջանում է պետական ինքնության խոցելիության խնդիր։
Երրորդ հանրապետությունը՝ ներքին հակադրության առանցք
Հովհաննիսյանի գնահատմամբ՝ երբ պետության ինքնության հիմքում դրվում է խաղաղությունը, որի ապահովման բանալին գտնվում է մեկ այլ պետության ձեռքում, այդ պետությանը թշնամի դիտարկելու հնարավորությունը սահմանափակվում է։ Արդյունքում, նրա խոսքով, հակադրության կենտրոնը տեղափոխվում է երկրի ներս։
«Հետևաբար արտաքին թշնամին չկա, ուրեմն ներսում անտագոնիզմ պիտի լինի։ Ներսի անտագոնիզմը Երրորդ հանրապետությունն է՝ իր բոլոր բաղկացուցիչներով»,– եզրափակել է նախկին նախարարը։
Այդ իսկ պատճառով, Հովհաննիսյանի գնահատմամբ, Չորրորդ հանրապետության գաղափարախոսությունը կառուցվում է Երրորդ հանրապետության ապալեգիտիմացման վրա։ Խոսքը վերաբերում է այն գաղափարներին ու ինստիտուտներին, որոնք ձևավորել են Հայաստանի պետական ինքնությունը, այդ թվում՝ Անկախության հռչակագրին, Արցախյան շարժմանը, պետություն-եկեղեցի հարաբերություններին, հայրենիքի գաղափարին ու հայրենասիրությանը։
Նրա գնահատմամբ՝ դրանք Երրորդ հանրապետության բաղկացուցիչներն էին և հասարակության մեջ ձևավորել էին համընդհանուր ընկալում՝ անկախ նրանից, թե որքանով էին այդ գաղափարներն ընդգծվում դպրոցական կրթության կամ ընտանեկան դաստիարակության միջոցով։

