Հայաստանում իշխանությունը պատրաստվում է բարձրացնել սեփական աշխատանքի գինը: Երևանի քաղաքապետի աշխատավարձը նախատեսվում է ավելացնել շուրջ 58%-ով՝ 1 մլն 320 հազար դրամից հասցնելով մինչև 2 մլն 80 հազար դրամի, իսկ պետական պաշտոնյաների վարձատրության բարձրացման համար հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում են լրացուցիչ միլիարդներ։
Աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտության հարցը կրկին օրակարգ է բերում պետական կառավարման արդյունավետության, հանրային ծառայողների վարձատրության և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքների վերաբերյալ հարցերը։ Արդյոք պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը կարող է նպաստել աշխատանքի որակի բարելավմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։
Հայաստանում պետական պաշտոնյաների աշխատավարձերը բա՞րձր են, թե՞ ցածր
Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել երկրի ընդհանուր կենսամակարդակը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում աշխատավարձերը, այդ թվում՝ հանրային ծառայության ոլորտում, ընդհանուր առմամբ բարձր չեն, ուստի այդ տեսանկյունից դրանց բարձրացման անհրաժեշտություն կա։
Միևնույն ժամանակ, փորձագետի խոսքով, խնդիրը պետք է նաև դիտարկել ավելի լայն համատեքստում՝ հաշվի առնելով երկրի տնտեսական հնարավորությունները և այն, թե աշխատավարձերի բարձրացումն ինչ շրջանակ է ընդգրկում։
«Մենք պետք է դա ավելի լայն ձևով նայենք, նախ՝ երկիրը հարո՞ւստ է, թե՞ աղքատ, արդյո՞ք այդ բարձրացումները միայն, այսպես ասած, վերևներում են, թե առկա են նաև նույն քաղաքապետարանի շարքային հանրային ծառայողների մոտ»,– նշել է Հոկտանյանը։ Նրա խոսքով՝ սա կարևոր հարց է, քանի որ եթե բարձրացումները հիմնականում վերաբերում են բարձրաստիճան պաշտոնյաներին, ապա նման մոտեցումը կարող է խնդրահարույց լինել նաև կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից։
«Կան էմպիրիկ հետազոտություններ տարբեր երկրների, որոնք ցույց են տալիս, որ այդպիսի դեպքերում կոռուպցիան երբեք չի նվազի»,– ասել է փորձագետը։
Աշխատավարձերի բարձրացումը բավարար չէ աշխատանքի արդյունավետությունը խթանելու համար
Հոկտանյանի խոսքով՝ պետական հատվածում վարձատրության քաղաքականությունը պետք է հաշվի առնի նաև մասնավոր հատվածում առաջարկվող աշխատավարձերը։ Նրա դիտարկմամբ՝ եթե մասնավոր ընկերություններում, օրինակ՝ բանկերում, տնտեսագիտական կրթություն ունեցող մասնագետներն ավելի բարձր վարձատրություն են ստանում, քան հանրային ծառայության ոլորտում, ապա նրանք կարող են նախընտրել աշխատել մասնավոր հատվածում։
Հոկտանյանը հավելեց, որ պետական աշխատավարձի բարձրացումն ինքնին պարտադիր չէ, որ բավարար մոտիվացիա ստեղծի ավելի լավ աշխատելու համար։
Փորձագետի խոսքով՝ աշխատավարձերի բարձրացման հարցում կարևոր է նաև տարբեր ոլորտների միջև համաչափության պահպանումը։ Եթե վարձատրությունն ավելանում է միայն պետական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների համար, իսկ մյուս ոլորտներում աշխատավարձերը չեն բարձրանում, դա կարող է ավելի խորացնել հասարակության բևեռացումը։
«Եթե այլ սեկտորներում, այլ ոլորտներում աշխատավարձը չի բարձրանում և միայն հանրային ծառայության պետական սեկտորի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձն է բարձրանում, դա էլ ավելի է խորացնում բևեռացումը և այդ իմաստով որևէ լավ հետևանքներ դա չի ունենա»,– ընդգծել է Հոկտանյանը։

