Հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի մեծ առավելությամբ հաղթանակը, ընդդիմության չմասնակցելը և ընտրողների մասնակցության կտրուկ նվազումը վկայում են Հայաստանի ընտրական գործընթացներում առկա ավելի խորքային խնդիրների մասին։ Այս մասին ասել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանը։
Հոկտանյանի գնահատմամբ՝ ընտրական գործընթացի վրա ազդում են վարչական ռեսուրսի չարաշահումը, ընդդիմության նկատմամբ կիրառվող ճնշումները և ընտրողների՝ ընտրության արդյունքի վրա ազդելու հնարավորությունների վերաբերյալ ձևավորված ընկալումները։
Հոկտանյանը, անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, ընդգծել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն ընդդիմադիր ուժերի չմասնակցելը և ՔՊ-ի մեծ առավելությամբ հաղթանակը, այլև ընտրողների մասնակցության կտրուկ անկումը։
Նրա խոսքով՝ ընտրատեղամասեր այցելած քաղաքացիների թիվը համայնքների մեծ մասում չի գերազանցել ընտրողների կեսը, իսկ որոշ տեղերում մասնակցությունը նույնիսկ 40 տոկոսից ցածր է եղել։ Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Ստեփանավանում՝ մոտ 69 տոկոս։ Փորձագետի համոզմամբ՝ մասնակցության ցուցանիշը ևս կարևոր գործոն է՝ հասկանալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել ընտրությունների ժամանակ։
Վարչական ռեսուրսի չարաշահումը և ընտրովի արդարադատությունը
Հոկտանյանի գնահատմամբ՝ ընտրական գործընթացում խոշոր քաղաքական ուժերի հնարավորությունների անհավասարությունը լուրջ խնդիր է, որի դրսևորումները տեսանելի էին նաև նախընտրական զարգացումներում։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հակակոռուպցիոն կոմիտեն, ակտիվորեն արձագանքում էր ընդդիմադիր ուժերի կողմից ընտրակաշառքի դեպքերին, մինչդեռ վարչական ռեսուրսի լայնածավալ չարաշահման դեպքերը, որոնք փորձագետի համոզմամբ՝ առկա էին ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այնպես էլ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում, պատշաճ ուշադրության չեն արժանանում։
Հոկտանյանը սա բնորոշել է որպես ավտորիտար համակարգերին հատուկ մոտեցում, երբ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերվում է ներողամտություն, իսկ քաղաքական հակառակորդների նկատմամբ օրենքը կիրառվում է առավելագույն խստությամբ։ Նրա խոսքով՝ նման իրավիճակը, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում հիմնական ընդդիմադիր ուժերի պարտությունը կարող էին ազդել ընդդիմության հետագա որոշումների վրա։
Հոկտանյանը դա բացատրել է այսպես կոչված ռացիոնալ ընտրության տրամաբանությամբ։ Եթե քաղաքական ուժերը նախորդ ընտրություններում արդեն մեծ միջոցներ են ծախսել, սակայն պարտվել են, ապա հաջորդ ընտրություններում նույն ծավալի ռեսուրսներ ներդնելու նպատակահարմարությունը կարող է կասկածի տակ դրվել։ Նրա գնահատմամբ՝ ՏԻՄ ընտրություններում այդ իրավիճակն ավելի ցայտուն դրսևորվեց, հատկապես հոկտեմբերի 25-ին։
Ընտրողները չմասնակցեցին՝ արդյունքի վրա ազդելու հնարավորությունը չտեսնելով
Փորձագետը չի բացառում, որ ընտրողների վարքագիծը ևս էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Նրա խոսքով՝ ընտրողների վարքագծի ուսումնասիրությունը կարևոր ուղղություն է, որը թույլ է տալիս հասկանալ՝ ինչու են մարդիկ մասնակցում կամ չեն մասնակցում ընտրություններին և ինչ հանգամանքներով են պայմանավորված նրանց ընտրությունները։
Հոկտանյանի գնահատմամբ՝ ընտրողների մի մասը կարող էր եզրակացնել, որ գործող պայմաններում իշխանության դեմ քվեարկելը որևէ արդյունք չի տա, ուստի իմաստ չունի մասնակցել ընտրություններին կամ այլ քաղաքական ուժի օգտին քվեարկել։ Նա նշել է նաև, որ լուրջ են համարում այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ որոշ քաղաքացիների նախազգուշացրել են աշխատանքից ազատելու հնարավորության մասին, եթե նրանք աջակցեն ընդդիմադիր ուժերին։
«Ես չեմ բացառում և շատ հավանական եմ համարում, որ այդպիսի դեպքեր շատ են եղել։ Բնականաբար, այդ պայմաններում, մանավանդ երբ ընտրողը չգիտի՝ իր քվեարկությունն իսկապես գաղտնի՞ է, թե՞ ոչ, դա կարող է ազդել նրա վարքագծի վրա»,– ասել է Հոկտանյանը։ Նրա խոսքով՝ թեև հայտարարվում է, որ քվեարկությունը գաղտնի է, ընտրողի վստահությունը այդ սկզբունքի իրական պահպանման նկատմամբ ևս կարևոր նշանակություն ունի։
Հոկտանյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում ընդդիմադիր ուժերը կարող էին որոշել այլևս մեծ միջոցներ չծախսել ընտրությունների վրա, իսկ ընտրողների մի մասն էլ կարող էր համարել, որ իրենց քվեն չի կարող փոխել արդյունքը։ Փորձագետը հիշեցրել է նաև 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումները։ Նրա խոսքով՝ այն համայնքներում, որտեղ հաղթել էին ընդդիմադիր ուժերը, հետագայում նրանց ներկայացուցիչները բախվել են ճնշումների։ Նա, մասնավորապես, հիշատակել է Գյումրին և Վանաձորը։
Հոկտանյանի համոզմամբ՝ այս հանգամանքները ցույց են տալիս, որ խնդիրը միայն առանձին ընտրությունների արդյունքները չեն։ Խոսքը շատ ավելի խորքային հարցի մասին է՝ արդյոք Հայաստանում քաղաքացիներն ու քաղաքական ուժերն ունեն իրական հնարավորություն՝ ընտրությունների միջոցով ազդելու իշխանության ձևավորման և տեղական կառավարման վրա։

