Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցը պարունակում է մի շարք կարևոր ուղերձներ, որոնք ուղղված են թե՛ Հայաստանին, թե՛ արտաքին գործընկերներին։ Այդ մասին նշում է քաղաքագետ Կարեն Իգիթյանը՝ վերլուծելով Ալիևի հայտարարությունների հիմնական շեշտադրումները։
Իգիթյանի խոսքով՝ հարցազրույցի ընթացքում Ալիևը բազմիցս Հայաստանը բնորոշում է որպես թշնամի, ինչը, նրա գնահատմամբ, վկայում է Բաքվի պաշտոնական հռետորաբանության շարունակական ագրեսիվ բնույթի մասին։
Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում նաև Ալիևի կողմից շրջանառվող տնտեսական թեմաների վրա։ Նրա կարծիքով՝ Հայաստանի հետ նավթամթերքների առևտրի կամ նմանատիպ հարցերը իրական հիմք չունեն և կրում են բացառապես արհեստական բնույթ։
«Այդ թեմաները Ալիևին անհրաժեշտ են PR-ի համար, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններում 907-րդ ուղղման չեղարկմանը հասնելու նպատակով», — ընդգծում է Իգիթյանը։
Խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ քաղաքագետը նշում է, որ Ալիևը փաստացի բաց տեքստով հայտարարում է՝ միջանցքը կյանքի է կոչվելու՝ անկախ դրա անվանումից։ Ըստ Իգիթյանի, Ադրբեջանի նախագահը նաև ընդունում է, որ սկզբում պատրաստ էր այն բացել ռազմական ճանապարհով։
«Նա ուղիղ ասում է, որ մտադիր էր հարցը լուծել «ցանկացած դեպքում», պարզապես հավելում է, որ լավ է, եթե դա ստացվել է խաղաղ ճանապարհով», — նշում է նա։
Իգիթյանը անդրադառնում է նաև Ալիևի այն հայտարարությանը, ըստ որի Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերին ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Քաղաքագետը սա համարում է ներքաղաքական քարոզչության արդյունք և քննադատում է այն շրջանակներին, որոնք, նրա խոսքով, չեն կարողանում հստակ ձևակերպել՝ որ թվականից և ինչ հիմքով է նման ճանաչում տեղի ունեցել։
Սահմանների հարցում, Իգիթյանի փոխանցմամբ, Ալիևը պնդում է, որ Հայաստանի սահմանները գոյություն չունեն, քանի դեռ դրանք չեն ճանաչվել Ադրբեջանի կողմից։ Քաղաքագետը սա բնորոշում է որպես «վիլայեթացման» տրամաբանություն՝ նշելով, որ նույն կերպ ժամանակին նաև Ադրբեջանի սահմանները չեն ունեցել իրավական ամրագրում, մինչև Հայաստանը դրանք ճանաչել է։
«Սակայն տարբերությունն այն է, որ Փաշինյանը դրանք հանձնել է», — ընդգծում է Իգիթյանը։
Քաղաքագետը մտահոգիչ է համարում նաև Ադրբեջանի ռազմական կարողությունների վերաբերյալ Ալիևի հայտարարությունները։ Նրա խոսքով՝ Բաքուն բացահայտ խոսում է այն մասին, որ իր ռազմական ներուժը այսօր մի քանի անգամ գերազանցում է 2020 թվականի մակարդակը։
Իգիթյանի գնահատմամբ՝ Ալիևի խոսքում հստակ երևում է նաև միջազգային իրավունքի նկատմամբ անտեսումը։
«Նրա ուղերձը պարզ է՝ միջազգային իրավունքը չի գործում, գործում է իրական ուժերի հարաբերակցությունը։ Կարևոր չեն կադաստրային փաստաթղթերը, կարևոր է ուժը։ Իսկ Հայաստանի ուժերը, ցավոք, տարեցտարի թուլանում են», — նշում է նա։

