Հայ-թուրքական գործընթաց այլեւս չկա

Հայ-թուրքական գործընթաց այլեւս չկա

Օրերս ՀՀ հասարակությանը հայտնի դարձավ այն, ինչի մասին խորհրդարանի ընտրության քարոզարշավի ընթացքում փորձում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ականջին փսփսալ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Ինչպես հայտնի է, խոսքը Թուրքիայի այն որոշման մասին էր, համաձայն որի ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացվում են:
Խոստացված խորհրդանշական որոշում

Ինչ է սա նշանակում կամ ի՞նչ է ենթադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տրամաբանության տեսանկյունից, այդքան էլ պարզաբանված չէ գոնե առայժմ: Թեպետ Փաշինյանը նախօրեին նշել էր, թե այս որոշումը նշանակում է, որ Թուրքիայից Հայաստան ապրանք արտահանելու պարագայում Հայաստանն այլևս կնշվի որպես արտահանման երկիր, մինչև հիմա արտահանումը իրականացվել է որպես հասցեատեր՝ մակնշելով երրորդ երկիրը և այդ երրորդ երկրից արդեն տեղափոխելով Հայաստան: Ենթադրելի է, որ այս որոշումը կարող է փոխել Թուրքիայից Հայաստան ապրանք արտահանելու կամ ներկրելու թղթաբանությունը՝ փոքր-ինչ դյուրացնելով այն: Սրանից, իհարկե, կարող են օգտվել այդ գործով զբաղվողները, բայց ինչ է նշանակում այս որոշումը հայ-թուրքական կարգավորման համար ընդհանրապես, կրկնեմ, պարզաբանված չէ, գուցե և պարզաբանման կարիք էլ չկա: Այս որոշումը ըստ էության ոչինչ էլ չի նշանակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար, որովհետև այն խորհրդանշական որոշում է: Սա հենց այն խորհրդանշական որոշումն է, որի մասին 2025 թվականի դեկտեմբերին ազդարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարելով, որ 2026-ի տարեսկզբին կլինեն հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի վերաբերյալ խորհրդանշական քայլեր, բայց արդեն տարվա հինգերորդ ամիսն է և կարծես թե սա առաջին խորհրդանշական քայլն է: Եվ այս ժամանակագրությունը թերևս հուշում է նաև, որ այդ քայլը իրականացվում է Հայաստանի խորհրդարանի ընտրության քարոզարշավի հաշվարկով:

Թուրքիայում ուզում են Փաշինյանի հաղթանակը

Իսկ թե ինչպիսին է այդ ընտրության հանդեպ Թուրքիայի մոտեցումը, շատ ուղիղ և անմիջական բարձրաձայնել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ ասելով, որ իրենք ուզում են Փաշինյանի հաղթանակը և նրա քաղաքականության շարունակությունը: Ավելորդ է գուցե այլևս մեկնաբանել կամ բացատրել, թե Թուրքիան ինչու է ուզում Փաշինյանի հաղթանակը և նրա վարած քաղաքականության շարունակությունը: Եվ քանի որ Թուրքիան ուզում է հենց դա, ապա այս որոշմամբ թերևս խորհրդանշական քայլով աջակցում է կամ նպաստ է բերում այդ, այսպես ասենք, հաղթանակի հնարավորությանը, որովհետև Թուրքիայի կայացրած որոշումը քարոզչական էֆեկտի միտված որոշում է, որով պաշտոնական Երևանը պետք է հանրությանը ներկայացնի հերթական մի դիվանագիտական ձեռքբերում կամ, այսպես ասած, խաղաղության օրակարգի հերթական մի ձեռքբերում: Իրականում, կրկնեմ, այստեղ գործնականում ոչինչ չկա, որը կարող ենք համարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձեռքբերում:

Կա՞ արդյոք հայ-թուրքական գործընթաց

Ավելին, շատ մեծ հարց է, իսկ ընդհանրապես կա՞ արդյոք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց որպես այդպիսին: Եթե թուրքական կողմը պաշտոնական մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում կլինի, երբ կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջական կարգավորում: Եվ սա նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի բանագնացների հանդիպումները, հայտարարությունները կամ այս սիմվոլիկ քայլերը ըստ էության ավելի շուտ այդ գործընթացի բացակայությունը ծածկելու համար են, քան արտահայտում են գործընթացի առկայություն՝ գործընթաց, որը ինքնին որպես այդպիսին առանձին քաղաքական կատեգորիա է: Մենք տեսնում ենք, որ Անկարան փաստորեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը կապում է հայ-ադրբեջանական ամբողջական կարգավորման հետ: Կարող է լինել տեսակետ, որ միշտ էլ եղել է այդպես և հնարավոր չէր պատկերացնել հայ-թուրքական կարգավորում, եթե չլիներ հայ-ադրբեջանական կարգավորում Արցախյան հարցի շուրջ: Սակայն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի համար հայ-ադրբեջանական հարց ասվածը ամենևին միայն Արցախյան հարցը չէ, դա Հայաստանի հարցն է: Եվ սա շատ էական փոփոխություն է, որովհետև մինչև 2020 թվականի պատերազմը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը առանձին քաղաքական կատեգորիա և բովանդակություն ենթադրող գործընթաց էր:

Հաշվետվություն Թուրքիային կարգավորման գործընթացի փոխարեն

Եվ Թուրքիան պաշտոնական մակարդակով նախորդ տարիներին, այսինքն՝ մինչև 2020 թվականը, երբեք չի խոսել այն մասին, որ հայ-թուրքական կարգավորում կլինի, եթե լինի հայ-ադրբեջանական ամբողջական կարգավորում: Անգամ ոչ պաշտոնական մակարդակով ոչ թե այդպիսի տրամադրություն են արտահայտել, այլ խոսել են այն մասին, որ օրինակ՝ եթե հայկական կողմը Ադրբեջանին վերադարձնի մեկ-երկու տարածք, որ զբաղեցնում էր Արցախյան առաջին պատերազմից հետո, ապա դա կօգնի, որպեսզի Թուրքիան ավելի հեշտ կարգավորի հարցը Հայաստանի հետ: Բայց 2020 թվականից հետո կամ արդեն 2022-ին մեկնարկած գործընթացից հետո մենք տեսնում ենք, որ Անկարան իրավիճակը բերել է ահա այս շեշտադրման և արդեն պաշտոնական մակարդակով: Իսկ սա նշանակում է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթաց որպես այդպիսին չկա և այն հանդիպումները, որ տեղի են ունենում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների կամ Հայաստանի և Թուրքիայի այլ պաշտոնյաների միջև, մեծ հաշվով Հայաստանի հաշվետվությունն են Թուրքիային, թե ինչ վիճակում է գտնվում հայ-ադրբեջանական գործընթացը: Հաշվետվություն Թուրքիային այդ իմաստով ներկայացնում են Ադրբեջանը և Հայաստանը:

Հայ-թուրքական կարգավորումը որպես խրախուսական մրցանակ

Կարող ենք պատկերացնել, թե ինչպիսին է այստեղ Հայաստանի հարաբերակցությունը Թուրքիայի հետ ի տարբերություն Ադրբեջանի, որը ձգտում է և վարում է առավել հավակնոտ քաղաքականություն ռեգիոնալ մասշտաբով: Ընդ որում Թուրքիան մասնակիորեն ընդունել է այդ տրամաբանությունը և դրա համար է նաև, որ Հայաստանի հարցը դե ֆակտո պատվիրակել է Ադրբեջանին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը վերածել ընդամենը Ադրբեջանի հետ համաձայնության հարցում Հայաստանի խրախուսական մրցանակի: Գործում է հետևյալ տրամաբանությունը. «Եթե կհամաձայնեք այն ամենին, ինչ կասի Ադրբեջանը, որը բնականաբար համաձայնեցված է լինելու Թուրքիայի հետ, այդ դեպքում որպես խրախուսական մրցանակ կստանաք հայ-թուրքական կարգավորում, իսկ մինչ այդ կլինի պարզապես քարոզչական խրախուսում ահա այս խորհրդանշական որոշումների տեսքով, որը Երևանին թույլ կտա առնվազն նախընտրական քարոզչության այս շրջանում որոշակի իբրև թե ձեռքբերում ներկայացնել հանրությանը նաև հայ-թուրքական ուղղությամբ»:

Սուբյեկտից՝ օբյեկտ

Հայ-թուրքական հարաբերությունների հարցի ահա այս տրանսֆորմացիան է առավել առանցքայինն ու էականը, որ տեղի է ունեցել վերջին շրջանում, որովհետև հիշեցնեմ՝ նախկինում Թուրքիան և նաև միջազգային դերակատարները գործընթացն ընկալում էին իբրև առանձին քաղաքական կատեգորիա, որտեղ մասնակից է, սուբյեկտ է Հայաստանը: Ակնհայտ է, որ երբեք Հայաստանը հավասարազոր սուբյեկտ չէր կարող լինել Թուրքիայի հետ կամ ընկալվել որպես այդպիսին, բայց այնուամենայնիվ Հայաստանն ընկալվում էր որպես հայ-թուրքական կարգավորման գործընթացի սուբյեկտ: Հիմա նույնիսկ միջազգային այլ դերակատարների շրջանում Հայաստանն այս գործընթացում ընկալվում է արդեն որպես օբյեկտ, որը պետք է պայմանավորվի Ադրբեջանի հետ և դրա դիմաց արդեն ստանա մրցանակը՝ չակերտավոր իմաստով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տեսքով, ընդ որում մրցանակ, որի աստիճանը և սահմանը, այսպես ասենք, կորոշի Թուրքիան արդեն հենց միջազգային դերակատարների հետ, ինչը մենք նաև տեսնում ենք ըստ էության քաղաքական զարգացումների տրամաբանության առումով:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top