Տասնամյակներ շարունակ Հայաստանի անվտանգության ռազմավարությունը կախված է եղել միայն մեկ բեւեռից, ինչը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ ներկայում ՀՀ իշխանությունները աշխատում են անվտանգության ռազմավարության դիվերսիֆիկացման ուղղությամբ: «Քաղաքական, տնտեսական եւ անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացիան ենթադրում է հարաբերությունների կարգավորում հարեւանների հետ եւ բարիդրացիական հարաբերություններ ու համագործակցություն բոլոր կողմերի հետ», — նշեց նա:
Այս համատեքսթում նա անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ այն շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:
«Մեր երկխոսությունը թուրքական կողմի հետ շարունակվում է, եւ մենք համոզված ենք, որ այս պատմական հնարավորությունը՝ կառուցելու բարիդրացիական հարաբերություններ, չպետք է բաց թողնվի: Հարաբերությունների կարգավորումը ոչ միայն կբերի կայունություն եւ բարօրություն մեր տարածաշրջանում, այլեւ կնպաստի գլոբալ անվտանգության ամրապնդմանը՝ ցույց տալով, որ երկարատեւ հակասությունները հնարավոր է հաղթահարել երկխոսության ու դիվանագիտության միջոցով: Մենք հույս ունենք, որ Թուրքիան կպատասխանի մեր պատրաստակամությանը՝ որքան հնարավոր է շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ ունենալ բաց սահմաններ: Մենք դրան պատրաստ ենք հենց այսօր», — նշեց Ռուբինյանը:
Ըստ նրա՝ հավասարակշռված եւ հավասարակշռող արտաքին քաղաքականության համատեքստում Հայաստանը մեծ աշխատանք է տանում նաեւ Եվրամիության հետ: Այդ նպատակով 2025 թվականի մարտի 26-ին Ազգային ժողովն ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը: «Նախագիծն Ազգային ժողով էր բերվել քաղաքացիական նախաձեռնությամբ», — հիշեցրեց նա:
Ռուբինյանը նաև ներկայացնել վերջին զարգացումները Հարավային Կովկասում՝ պնդելով, որ այսօր կա պատմական հնարավորություն հաղթահարելու անցյալի հակամարտությունները եւ կառուցելու խաղաղ ու բարիդրացիական ապագա: «Մեր պարտքն է՝ չկորցնել այս հնարավորությունը եւ այն վերածել կայունության ու զարգացման պատմական իրականության», — նշեց նա:
Ռուբինյանը հիշեցրեց, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաջին փաստաթուղթը, այն է՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որն անցել է կողմերի օրենսդրությամբ սահմանված վավերացման ներքին ընթացակարգը եւ մտել ուժի մեջ: «Հանձնաժողովների կողմից մինչ այդ սահմանազատվել եւ սահմանագծվել է պետական սահմանի առաջին 12 կիլոմետրանոց հատվածը, եւ հույս ունենք, որ շուտով սահմանի մյուս հատվածներում նույնպես այս գործընթացը կշարունակվի», — նշեց նա:
Ռուբինյանն ասաց, որ 2023 թվականին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նապատակը տարածաշրջանում փոխկապակցվածությունն էր՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, իրենց տարածքով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների, խողովակաշարերի, էլեկտրական հաղորդալարերի եւ ինտերնետային մալուխների հզորությունների զգալի ավելացում, մանրամասնեց նա: «Ներկա իրավիճակում, երբ երկրները տրանսպորտային եւ տնտեսական նոր հնարավորությունների փնտրտուքի մեջ են, Հայաստանը եւ Հարավային Կովկասը կարող են դառնալ մի նոր տարանցիկ հանգույց արեւելքի եւ արեւմուտքի, հյուսիսի ու հարավի միջեւ», — ասաց Ռուբինյանը։
ԱԺ փոխխոսնակը հի՛եցրեց, որ Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը, ԱՄՆ նախագահի աջակցությամբ եւ վկայությամբ, ստորագրեցին համատեղ հռչակագիր խաղաղության մասին: Նույն օրը երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը: «Սա պատմական քայլ էր դեպի կայուն եւ երկարատեւ խաղաղություն մեր տարածաշրջանում: Կարծում եմ՝ նաեւ պարոն Մուրադովի ներկայությունն այստեղ եւս մեկ առհավատչյա է դրա, ինչը, բնականաբար, ողջունում ենք: Հույս ունենք, որ համաձայնագիրը կստորագրվի եւ կվավերացվի հնարավորինս սեղմ ժամկետներում», — ասաց նա:
Հռչակագիրը, ըստ Ռուբինյանի, կարեւորում է հաղորդակցությունների բացման անհրաժեշտությունը՝ հանուն խաղաղության, կայունության եւ բարօրության: Այս գործընթացում առանձնահատուկ տեղ ունի «Միջազգային խաղաղության եւ բարեկեցության Թրամփի ուղի» (TRIPP) հայ-ամերիկյան նախագիծը, որը կիրականացվի Հայաստանի տարածքում: «Սույն նախաձեռնությունը ենթակառուցվածքային ծրագրից ավելին է. այն վստահության եւ համագործակցության կամուրջ է, որի իրագործումը շոշափելի արդյունքներ կտա ամբողջ տարածաշրջանին», — եզրափակեց նա:

