Գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունները ձեւավորում են նոր իրողություններ՝ նոր անվտանգային մարտահրավերներով եւ մրցակցային օրակարգով: Այս փոփոխությունները ոչ միայն համարժեք արձագանք են պահանջում, այլեւ միջազգային անվտանգության ճարտարապետության մեջ առավել խոր ինտեգրում: Այս մասին Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարում ասաց ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։
«Այս համատեքստում, հատկապես, կարևոր է Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության առանցքային դերը», — ասաց նա՝ հավելելով, որ ներկայումս քննարկումներ են ընթանում համագործակցության նոր փաստաթղթի՝ «Անհատապես հարմարեցված գործընկերություն» ծրագրի հաստատման ուղղությամբ:
Նրա խոսքով՝ Հայաստանի ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությանը ներառում է ռազմավարական մի շարք ուղղություններ՝ պաշտպանական եւ անվտանգության համակարգերի բարեփոխումներ, կառավարման թափանցիկության բարձրացում, քաղաքացիական վերահսկողության ամրապնդում, ռազմակրթական փոխանակումներ եւ մասնակցություն միջազգային խաղաղապահ առաքելություններ:
«Այս հարաբերությունները հատկապես մեծ կարեւորություն են ստանում այսօրվա բազմաբեւեռ, անկանխատեսելի եւ հաճախ էլ՝ անկայուն աշխարհում՝ դառնալով անվտանգության եւ կայուն զարգացման կարեւոր հենասյուն», — նշեց Քոչարյանը:
Ըստ պատգամավորի՝ համընդհանուր արժեքներին հավատարիմ լինելուց զատ կարեւոր է նաեւ ներքին դիմակայունության ամրապնդման ուղղությամբ տարվող համակարգված աշխատանքը: «Այս առումով, հատկապես, կարեւորում ենք հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության եւ տեղեկատվական միջավայրում տարաբնույթ մանիպուլյացիաների դեմ ակտիվ պայքարը», — ասաց նա:
Հայաստանը, նշեց Քոչարյանը․ բախվում է ապատեղեկատվական քարոզչության նպատակային կիրառմանը, որն ուղղված է ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վստահության թուլացմանը, հասարակական տրամադրությունների մանիպուլյացիային եւ պետական քաղաքականության տապալմանը:
Նրա խոսքով՝ այս սպառնալիքների դեմ պայքարի համատեքստում կարեւորում է ոչ միայն հասարակական իրազեկվածության, թվային գրագիտության բարձրացումը, լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության կայացման խթանումը, այլեւ՝ քաղաքացիական պաշտպանության ու տեղեկատվական անվտանգության ոլորտներում միջազգային փորձի փոխանակումը:
«Նշածս մարտահրավերների համատեքստում ցանկանում եմ հիշեցնել նաեւ, որ այս տարվա մայիսին Դեյթոնում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում հստակ ընդգծվեց, որ հիբրիդային պատերազմները, ապատեղեկատվությունը եւ կիբեռհարձակումներն այլեւս ուղեկցող երեւույթներ չեն, այլ՝ հիմնարար սպառնալիքներ ազգային եւ միջազգային անվտանգությանը: Հետեւաբար, Հայաստանի մասնակցությունն այդ սպառնալիքների չեզոքացմանը ոչ միայն արդիական է, այլեւ՝ կենսական», — ասել է նա:

