Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի ձևավորած եռակողմ միությունը պետք է դիտարկել ոչ թե որպես կոնկրետ մեկ երկրի դեմ ուղղված դաշինք, այլ որպես Մերձավոր Արևելքում ձևավորվող նոր իրավիճակին հարմարվելու և սեփական անվտանգությունը դիվերսիֆիկացնելու փորձ։ Այս գնահատականն է տվել թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Երկու տարի ընթացել են գաղտնի բանակցություններ
Նրա խոսքով՝ երեք երկրների միջև բանակցությունները շուրջ երկու տարի ընթացել են գաղտնի պայմաններում, ինչը ինքնին ուշագրավ հանգամանք է։ Միաժամանակ, բանակցային գործընթացում որոշ փուլում ներգրավված լինելու մասին տեղեկություններ կային նաև Եգիպտոսի վերաբերյալ, սակայն հետագայում Կահիրեն դուրս է մնացել գործընթացից։ Կա նաև տեղեկություն, ըստ որի՝ Եգիպտոսի մասնակցությանը դեմ է եղել Սաուդյան Արաբիան։
Սաֆրաստյանի գնահատմամբ՝ միության ձևավորման հիմնական ռազմավարական պատճառներից մեկը կարող է կապված լինել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ներկայության հնարավոր նվազման հետ։ «ԱՄՆ-ը հայտարարել է, որ պակասեցնելու է իր ներկայությունը Մերձավոր Արևելքում։ Եվ այս երկրները, ըստ էության, պատրաստվում են ստեղծելով այս եռյակ միությունը այն վակուումին, որը կարող է առաջանալ Մերձավոր Արևելքում ամերիկացիների ներկայությունը պակասեցնելուց հետո»,– նշել է նա։
Ըստ թուրքագետի՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը փորձում են ավելի մեծ դեր ստանձնել տարածաշրջանային գործընթացների հավասարակշռման հարցում։ Սա, նրա խոսքով, կապված է նաև աշխարհում նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացի հետ։ Սաֆրաստյանը կարծում է, որ եռակողմ միության միջոցով երեք երկրները փորձում են բազմակողմ դարձնել իրենց անվտանգության ապահովման համակարգը։ Երեքն էլ տարբեր մակարդակներով կապված են ԱՄՆ-ի հետ որպես դաշնակիցներ, սակայն ամերիկյան ներկայության հնարավոր նվազման պայմաններում ցանկանում են ավելի մեծ չափով ապավինել սեփական հնարավորություններին։
«Այս երեք երկրները փորձում են ստեղծելով եռյակ միությունը իրենց անվտանգության ապահովման գործընթացը դիվերսիֆիկացնել՝ ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև իրենց ուժերի վրա հիմնվելով»,– ասել է նա։ Թուրքագետը միաժամանակ ուշադրություն է հրավիրում միության խորհրդանշական նշանակության վրա․ երեք երկրներն էլ սուննիական մահմեդական պետություններ են։ Նրա գնահատմամբ՝ սա կարող է դիտարկվել նաև որպես իսլամական աշխարհի երեք կարևոր պետությունների՝ անվտանգության ոլորտում համագործակցությունը խորացնելու փորձ։
Թուրքիայի ներքաղաքական հաշվարկը
Սաֆրաստյանի կարծիքով՝ միության ստեղծումն ունի նաև յուրաքանչյուր երկրի ներքաղաքական հաշվարկ։
Թուրքիայի դեպքում նա առանձնացնում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության առջև ծառացած ներքաղաքական մարտահրավերները։ Թուրքագետը հիշեցրել է, որ երկու տարի առաջ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններում Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել էր ավելի քիչ ձայն, քան գլխավոր ընդդիմադիր ուժը։
Այս պայմաններում, ըստ Սաֆրաստյանի, Թուրքիայի իշխանությունների համար կարևոր է համախմբել իսլամամետ ընտրազանգվածին և ցույց տալ, որ Անկարան մեծացնում է իսլամական աշխարհի դերը տարածաշրջանային և միջազգային գործընթացներում։
Նրա գնահատմամբ՝ սա Էրդողանի համար նաև ներքաղաքական հաշվարկ է, որը կարող է դրական արձագանք ստանալ նրա ընտրազանգվածի շրջանում և որոշակիորեն ամրապնդել նրա դիրքերը։
Սաուդյան Արաբիայի դեպքում ներքաղաքական գործոնը, ըստ փորձագետի, ավելի քիչ նշանակություն ունի։ Պակիստանը, իր հերթին, անցնում է ներքաղաքական բարդ փուլով և շարունակում է բախվել ահաբեկչական գործողությունների խնդրին, ուստի Իսլամաբադի համար նույնպես անվտանգության բաղադրիչը կարևոր է նաև ներքին խնդիրների լուծման տեսանկյունից։
Դաշինքը Իսրայելի՞ դեմ է
Եռակողմ միության ձևավորումից հետո տարածված մեկնաբանություններից մեկն այն էր, որ այն առաջին հերթին ուղղված է Իսրայելի դեմ։ Սաֆրաստյանը այդ տեսակետը չափազանցված է համարում։
Նրա խոսքով՝ ճիշտ է, որ երեք երկրները կարող են ձգտել սահմանափակել Իսրայելի հնարավորությունները Մերձավոր Արևելքում, սակայն դա չի նշանակում, որ միության հիմնական նպատակը Իսրայելի դեմ ռազմական գործողության նախապատրաստումն է։
Թուրքագետը հատկապես կարևոր է համարում երեք երկրների՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները։ Թուրքիան և Սաուդյան Արաբիան շարունակում են մնալ Վաշինգտոնի կարևոր գործընկերները, իսկ Պակիստանը, թեև ավելի բարդ գործընկեր է, նույնպես ամերիկյան դաշնակիցների շարքում է։
Սաֆրաստյանի գնահատմամբ՝ այդ հանգամանքը սահմանափակում է այն վարկածի հավանականությունը, թե միությունը ձևավորվել է Իսրայելի դեմ անմիջական ռազմական գործողություն նախապատրաստելու նպատակով։
Իսկ Իրանի՞ դեմ
Մեկ այլ տարածված տեսակետ այն է, որ երեք սուննիական պետությունների միությունը կարող է ուղղված լինել շիական Իրանի դեմ։
Սաֆրաստյանը այս վարկածը որոշ չափով հասկանալի է համարում, սակայն այստեղ ևս զգուշացնում է միանշանակ եզրահանգումներից։
Մասնավորապես, նա ընդգծում է Թուրքիայի և Իրանի հարաբերությունների առանձնահատկությունը։ Երկու երկրները պատմականորեն ունեցել են հակասություններ և տարբեր ոլորտներում միմյանց հակասող շահեր, սակայն վերջին շուրջ մեկ դարում նրանց հարաբերությունները չեն հասել ուղղակի ռազմական բախման մակարդակի։
«Թուրքիան ամեն ինչ անում է, որ պահպանի այն բալանսը, շատ փխրուն բալանսը, որ տասնամյակներ շարունակ այս երկու երկրների միջև կա»,– ասել է թուրքագետը։
Նրա կարծիքով՝ Անկարան կփորձի պահպանել այդ հավասարակշռությունը նաև իսրայելա-իրանական հակամարտության պայմաններում։
Նույնը, ըստ Սաֆրաստյանի, կարելի է ասել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի մասին։ Երկու երկրներն էլ որոշակի փուլերում հանդես են գալիս որպես միջնորդներ ԱՄՆ-ի և Իրանի միջև, ինչը ևս ցույց է տալիս, որ նրանց նպատակը Իրանի հետ ուղղակի առճակատումը չէ։
Նպատակը՝ ոչ թե «մեկի դեմ», այլ նոր հավասարակշռություն
Սաֆրաստյանի եզրահանգմամբ՝ եռակողմ միության հիմնական նպատակն ավելի լայն է, քան Իսրայելի կամ Իրանի դեմ ուղղված հակադրությունը։
Նրա գնահատմամբ՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը փորձում են պատրաստվել այն իրավիճակին, երբ ձևավորվող նոր աշխարհակարգի պայմաններում ԱՄՆ-ը որոշակիորեն կնվազեցնի իր ներկայությունը Մերձավոր Արևելքում։
Այս պայմաններում երեք երկրները ձգտում են իրենց վրա վերցնել տարածաշրջանային գործընթացների որոշակի հատվածի կառավարումն ու հավասարակշռումը՝ ստեղծելով անվտանգության ավելի ինքնուրույն մեխանիզմներ։
Սաֆրաստյանը նաև ուշադրություն է դարձնում միության համաձայնագրում առկա դրույթին, որը տեխնիկապես որոշակիորեն հիշեցնում է ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը՝ նախատեսելով փոխադարձ օգնության հնարավորություն անդամներից մեկի վրա հարձակման դեպքում։
Սակայն, նրա գնահատմամբ, այս փուլում այդ դրույթը դեռ ավելի շատ տեսական հնարավորություն է, քան գործող ռազմական մեխանիզմ։
Այսպիսով, թուրքագետի գնահատմամբ, եռակողմ միությունը պետք է դիտարկել որպես Մերձավոր Արևելքում ուժերի նոր դասավորությանը նախապատրաստվելու քայլ։ Դաշինքի անդամները փորձում են ոչ այնքան կոնկրետ հակառակորդի դեմ ուղղվել, որքան նվազող ամերիկյան ներկայության պայմաններում մեծացնել սեփական անվտանգային ինքնուրույնությունը և մասնակցել տարածաշրջանում նոր հավասարակշռության ձևավորմանը։

