Մեծ հաշվով 2026-ի խորհրդարանական ընտրությունները արդեն կեղծված են՝ ոչ թե դեռ կեղծվելու են, այլ արդեն կեղծված են։ Նման կարծիքի է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նա պարզաբանեց՝ իշխանությունը «մաքրում է քաղաքական դաշտը» իր գրեթե բոլոր ընդդիմախոսներից, որ ընտրություններին ավելի հեշտ գործի։
«Տեսեք, թե ովքեր են լինելու հիմնական հավակնորդները. «Մեր ձևով» շարժումը, «Սրբազան պայքար» շարժումը, Երկու նախկին նախագահների թիմերը, հոգևորականները։ Այսօր «Մեր ձևով» շարժման առաջնորդը կալանավորված է, գործելու հնարավորություն չունի և իրենց ռեսուրսը հիմա հիմնականում տարվում է ոչ թե նախընտրական, քարոզչական թիմ ձևավորելու, այլ իրենց առաջնորդի ազատությունը ապահովելու համար: «Սրբազան պայքար» շարժման առաջնորդը (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը) կալանավորված է, նույնպես գործելու հնարավորություն չունի։ Երկու նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմերը դատական գործերով են ծանրաբեռնված, նրանց կողմնակիցներին ձերբակալում են, մեդիաները փակում են, բիզնեսները խլում են։ Հոգևորականները, որոնք կարող էին միասնականացնող դեր խաղալ, կա՛մ կալանավորված են, կա՛մ հետապնդվում են, կա՛մ շանտաժի են ենթարկվում։ Ընտրությունները կեղծելը հենց սա է. երբ իշխանությունը անում է ամեն ինչ, որ ընդդիմախոսները ֆիզիկապես չկարողանան նախապատրաստվել ընտրություններին», — նշում է փորձագետը։
Ըստ նրա՝ իշխանությունը շատ լավ գիտեր, որ Մասիսում պարտվելու է՝ կալանավորեց քաղաքապետին; Գյումրիում պարտվելու էր՝ նույնպես քաղաքպետը կալանավորեց; «Վանաձորում նույն վիճակն էր»։
Չեզոքացնելով ընդդիմախոսներին՝ իշխանությունը պետական փողերով իր քարոզարշավն է իրականացնում՝ սուբվենցիոն ծրագրեր է անում, ասֆալտ է դնում, փողոցներ լուսավորում, բանակում ծառայության ժամկետն է կրճատում, մի գյուղի համար ջուր է բերում և ասում․ «Տեսե՛ք, մենք ինչ պրոդուկտիվ ենք»։ Դրան գումարվում է արտաքին մեծ աջակցությունը «խաղաղության օրակարգ» անվան տակ, Թրամփի ուղու սպասումները, հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը և այլն։ Այս ամենը իրականում կաշառքի ձևեր են, նշում է Մելիք-Շահնազարյանը
«Այսինքն՝ ընտրությունները տեխնիկապես դեռ չեն կայացել, բայց արդեն կեղծված են։ Իշխանությունները նույնիսկ որոշում են՝ երբ անցկացնեն դրանք՝ արտահերթ, թե ժամկետում, որովհետև բոլոր գործիքները իրենց ձեռքերում են՝ վարչական ռեսուրս, ֆինանսական միջոցներ, այդ թվում պետական պարտքի ավելացման հաշվին», — ասում է նա։
Մելիք-Շահնազարյանը համոզված է․ ներկայիս իրավիճակը հաշվի առնելով՝ առավելագույնը, որ կարող են հասնել իշխանության ընդդիմախոսները՝ ընդդիմություն դառնալն է Ազգային ժողովում։ Ընտրություններով իշխանափոխության հասնելու համար անհրաժեշտ է շատ հզոր բողոքի ալիք ձևավորվի։ Այս դեպքում հնարավոր կլինի հաղթահարել բոլոր բացասական գործոնները՝ ձերբակալությունները, մեդիայի բացակայությունը, վարչական ճնշումը, կաշառքը, և հնարավոր կեղծիքները ընտրության օրը, նշում է նա։
Քաղաքագետը հավելեց, որ, ցավոք, ընդդիմության մեջ դեռ կան ուժեր, որոնք վստահ են, թե ընտրություններով ինչ-որ բան կարելի է փոխել։
«Գյումրիով շատ ոգևորված էին, Էջմիածնով մի քիչ հիասթափվեցին, բայց դեռ պատճառաբանություններ ունեն՝ «ոչ բոլոր խոշոր ուժերն էին մասնակցել», «եթե միասին գնայինք՝ կստացվեր» և այլն։ Բայց սա՝ դատարկ զրույցներ են։ Այսինքն մարդիկ կան, որոնք պատրաստվում են գնալ ընտրությունների, իրենք ամեն ինչը օգտագործելու են իրենց որոշումը պաշտպանելու համար: Սակայն, իմ կարծիքով, սա իրական պայքարից խուսափելու ձև է, որովհետև իրական պայքարը ենթադրում է ամեն ինչ անել, որ օր առաջ, ժամ առաջ իշխանափոխություն տեղի ունենա սահմանադրական ճանապարհով։ Դրան հասնելու միակ տարբերակը իմպիչմենտն է», — պնդում է Մելիք-Շահնազարյանը։
Իմպիչմենտի գործընթացը, շարունակում է քաղաքագետը, նույնիսկ եթե չհասցնի մինչև 2026-ը ավարտին հասնել, կդառնա գործընթաց, որը կարող է ձևավորել մեծ բողոքի ալիք։
«Հենց այդ ալիքի վրա հնարավոր է հուսալ, որ ընտրությունների ժամանակ կհաղթահարվեն բոլոր կեղծիքները, և ընդդիմությունը ակնկալվող արդյունքը կստանա։ Առանց այդ ալիքի՝ 2026-ին էլ նույն պատկերը կլինի», — եզրափակեց նա։

