Հայաստանի բնակչության գրեթե կեսը ապրում է աղքատության եզրին 

Հայաստանի բնակչության գրեթե կեսը ապրում է աղքատության եզրի՞ն 

Վերջերս Համաշխարհային բանկը, Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հետ համատեղ, հրապարակեց ՀՀ-ում աղքատության վերաբերյալ նոր հետազոտություն, որի արդյունքները շատ ավելի մտահոգիչ էին, քան սպասվում էր։ Տվյալները փաստում են՝բնակչության զգալի մասը շարունակում է ապրել  անկայուն և խոցելի պայմաններում։

Մարդիկ սովոր են համեստ եկամուտների և իրենց վիճակը չեն համարում կրիտիկական

Ըստ հրապարակված տվյալների՝ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը կազմում է 0.6%։ Աղքատության մակարդաը ըստ միջին գծի, որը չափվում է ազգային չափանիշներով, ազդում է երկրի բնակչության 21.7%-ի վրա։ Այսինքն՝  յուրաքանչյուր հինգերորդը ՀՀ-ում ապրում է կենսամակարդակի նվազագույն մակարդակից ցածր։ Մինչդեռ, սուբյեկտիվ աղքատությունը՝ իրենց աղքատ համարողների համամասնությունը, կազմում է ընդամենը 6.4%: Սա ոչ ստանդարտ իրավիճակ է, որը նշանակում է, որ մարդիկ սովոր են համեստ եկամուտների և միշտ չէ, որ իրենց վիճակը ընկալում են որպես կրիտիկական։ Սա արտացոլում է դժվարություններին մշակութային հարմարվողականությունը և բնակչության հոգեբանական վիճակը:

Հատկապես ուշագրավ է խոցելի խմբերը, որոնք, ըստ հրապարակած տվյաների, կազմում են ՀՀ բնակչության 19.8%-ը։ Այս խմբի եկամուտը բարձր է աղքատության գծից, բայց ցածր է մեդիան եկամտի 60%-ից։ Այսինքն մարդիկ տեխնիկապես աղքատ չեն, բայց ցանկացած ցնցում՝ աշխատանքի կորուստ, գների բարձրացում, հիվանդություն, արտասահմանից փոխանցումների նվազում կամ տնտեսական դանդաղում, կարող է նրանց արագորեն իջեցնել աղքատության եզրից ցածր։

Աղքատներն ու խոցելիները միասին  կազմում են բնակչության 41.5%-ը՝ երկրի գրեթե կեսը։ Այսինքն՝  Հայաստանը շարունակում է մնալ սոցիալական և տնտեսական անկայունության մեջ, այլ ոչ թե կայուն աճի։

Գյուղերում աղքատությունը շարունակում գերիշխել

Աղքատության մակարդակի  համեմատությունը ըստ բնակավայրերի բացահայտում է գոյություն ունեցող սոցիալական անհավասարության մասշտաբները։ Քաղաքային բնակավայրերում աղքատության մակարդակը կազմել է 19.3%, մինչդեռ գյուղական բնակավայրերում այն ​​հասել է 26%-ի, ինչը նշանակում է, որ գյուղական բնակչության չորսից մեկը ապրում է նվազագույն չափանիշից ցածր։ Ծայրահեղ աղքատությունը, ըստ հրապարակված տվյալների,  գրեթե չի տարբերվում քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև՝ կազմելով համապատասխանաբար 0.6% և 0.7%։ Սա ենթադրում է, որ քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև տարբերությունը հիմնականում դրսևորվում է չափավոր աղքատության պարագայում։

Գյուղական աղքատության բարձր մակարդակը պայմանաորված է համակարգային գործոններով՝ ցածր եկամուտներ, սահմանափակ տնտեսական հնարավորություններ, սեզոնային զբաղվածություն, թաքնված գործազրկության բարձր մակարդակ և հիմնական ծառայությունների, այդ թվում՝ կրթության, առողջապահության և ենթակառուցվածքների, ցածր հասանելիություն։ Քաղաքային և գյուղական աղքատության միջև 6.7 տոկոսային կետի տարբերությունը մտահոգիչ սոցիալական ազդանշան է, որը ցույց է տալիս, որ ներդրումներն ու ռեսուրսները կենտրոնացած են բացառապես քաղաքներում, ինչը գյուղական բնակավայրերը և բնակիչներին դարձնում է խոցելի։

Թաքնված անհավասարություն Հայաստանում

Եկամտի Ջինիի գործակիցը 0.339 է, որը զգալիորեն բարձր է ծախսերի ցուցանիշից՝ 0.232: Անհավասարության այս մակարդակը համեմատելի է Վրաստանի, Բուլղարիայի, Սերբիայի և Հունաստանի հետ և վկայում է բնակչության եկամուտների զգալի անհավասարություն:Ծախսերի և եկամուտների ցուցանիշների միջև եղած տարբերությունը նշանակում է, որ աղքատները ստիպված են ծախսել իրենց եկամուտները գրեթե ամբողջությամբ, մինչդեռ հարուստները չեն ցուցադրում իրենց հարստությունը սպառման միջոցով: Սա մասամբ պայմանավորված է թաքնված կամ ոչ ֆորմալ եկամուտներով, տնային տնտեսությունների խնայողություններով կամ ավելին ծախսելու սահմանափակ հնարավորությամբ:

Արդյունքում ստացված Ջինիի գործակիցը ցույց է տալիս, որ Հայաստանը մնում է անհավասարության չափավոր մակարդակ ունեցող երկրների շարքում, սակայն իրական եկամուտների տարբերությունը զգալիորեն ավելի բարձր է, քան արտացոլվում է սպառման ցուցանիշներով: Այսպիսով՝ անհավասարությունը թվում է ավելի ցածր, քան իրականում կա:

Scroll to Top