Ի հեճուկս սպասումների «Քաղաքացիական պայմանագիրը» հնարավորություն ստացավ միանձնյա համայնքապետ նշանակել, առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։

Իշխանության հնարքը Վաղարշապատում աշխատեց

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի խոշորացված համայնքի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, ըստ որոնց Վաղարշապատի ավագանի են անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հաղթանակ» դաշինք և «Մայր Հայաստան» կուսակցություն: Ի հեճուկս սպասումների «Քաղաքացիական պայմանագիրը» հնարավորություն ստացավ միանձնյա համայնքապետ նշանակել, առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։ 

Քաղտեխնոլոգ Տիգրար Քոչարյանի համար Վաղարշապատի խոշորացված համայնքի ընտրության նման արդյունքները սպասելի էին։ «Ընտրություններից առաջ իշխանությունները միավորեցին Վաղարշապատ համայնքին (որտեղ մտնում էր Վաղարշապատ քաղաքը և Ոսկեհատ գյուղը) Խոյ համայնքի հետ՝ իր 17 գյուղերով, որոնք, այսպես ասած, «նիկոլական էին»։ Փաստացի այդ հնարքն աշխատեց, և նրանք ստացան այն տոկոսը, որը ստացան», — ասաց փորձագետը:

Քոչարյանը հավելեց, որ Էջմիածին քաղաքում ստացված քվեները վկայում են, որ այստեղ իշխանությունները չեն հաղթել․ «Այսինքն, եթե համեմատենք 2021 թվականի տվյալների հետ, այն ժամանակ իշխող կուսակցությունը Վաղարշապատ համայնքում (քաղաք + Ոսկեհատ գյուղ) հավաքել էր 54%, այս անգամ՝ մոտավորապես 40%: Դա նշանակում է, որ Սևակ Խաչատրյանը, չունենալով ադմինիստրատիվ ռեսուրս և լծակներ, կարողացել է Էջմիածին քաղաքում հավաքել նույնքան ձայն, որքան Արգիշտի Մեխակյանը՝ ողջ  պետական ռեսուրսով»:

Ըստ նրա՝ ընտրությունների արդյունքները ամենևին չեն վկայում իշխանության նկատմամբ հանրային վստահության վերականգնման մասին։ «Բոլորը տեսել են, թե ինչպիսի գործընթացներ են ընթացել, բոլորը տեսել են տասնյակ խախտումները և ավանդական հոսանքի անջատումը, որն արդեն 2021 թվականից զուգահեռ քայլում է իշխանությունների կեղծիքների հետ: Դեռևս պետք է հասկանալ, թե ինչու են ժամը 20:00-ից առաջ անջատում հոսանքը և ինչ «տեխնիկական» հարցեր են լուծում այդ ընթացքում», — ասաց նա:

Քոչարանը համոզված է, որ աննախադեպ ադմինիստրատիվ ռեսուրս է կիրառվել. «Մարդկանց տներում այլ անձանց գրանցում էին, դա անվանում էին «վարչարարական անհրաժեշտություն»: Մենք բոլորս հիշում ենք Էջմիածնի բնակիչ Արտյոմ Խաչիկյանի ստատուսը, որ ինքը հայտնաբերել էր, որ իր բնակարանում գրանցված է ևս 20 հոգի: Սա նոր տեխնոլոգիա է. իշխանությունները նախօրոք գրանցում են «նիկոլական» ընտրողներին տվյալ համայնքում, նրանք մասնակցում են քվեարկությանը, հետո մեկ-երկու ամիս անց դուրս են գրվում, և այդպիսով ստացվում է ցանկալի պատկեր», — համոզված է նա:

Scroll to Top