Առաջիկա ընտրություններին իշխանության կողմից վարչական ռեսուրսների կիրառումը, կարծում եք: անխուսափելի է: Նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Նրա խոսքով՝ կիրառվելու է ոչ միայն վարչական ռեսուրսը, այլ նաև ուժային լծակները․
«Այստեղ մեկնաբանությունները նույնիսկ ավելորդ են, հատկապես այն վարկանիշային պայմաններում, որ ունի ներկայումս իշխանությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը»։
Բադալյանը հավելեց, որ ինչպես վարչական ռեսուրսը, այնպես էլ ուժային լծակները իշխանության համար դառնում են չափազանց կարևոր ոչ միայն ընտրական պրոցեսներում քաղաքական պարտությունից խուսափելու, այլ նաև իշխանության ներսում փլուզումներ թույլ չտալու տեսանկյունից։
«Ուժային լծակի կիրառումը ոչ միայն միտված է ընդդիմության հանդեպ դիրքային առավելություն ունենալուն: Փաշինյանը, իմ կարծիքով, այս լծակի կիրառումը դիտարկում է նաև իշխանության ներսում իրավիճակը կառավարելի պահելու տեսանկյունից։ Նա փորձում է ցույց տալ, որ ինքը դրության տերն է, որ շարունակում է պահպանել վերահսկողությունը իրավիճակի վրա և այլն», — ասաց քաղաքական մեկնաբանը:
Բադալյանի կարծիքով՝ իշխանության վարկանիշային խնդիրները կարող են պահանջել զոհաբերությունների տեխնոլոգիայի կիրառում․
«Հնարավոր է, իշխանությունից ոմանք զոհաբերվեն «քավության նոխազների» և ցուցադրական պատիժների տրամաբանությամբ՝ հանրային որոշակի էֆեկտ ստանալու ակնկալիքով: Սա ներսում առաջացնում է անհանգստություններ և սրում է նախընտրական մրցակցությունը»:
Հենց նաև այս խնդիրները կառավարելու մարտահրավերի առաջ է Նիկոլ Փաշինյանը, շարունակում է փորձագետը:
Նա հավելեց, որ նմանատիխ իրավիճակներում, իշխանությունը պետք է մտածի նաև նահանջի ճանապարհ ունենալու մասին․
«Եթե դա չի արվում, դա լրջագույն բացթողում է թե իշխանության, թե պետության համար: «Մեր դեմ խաղ չկա» տրամաբանությամբ առաջնորդվելը որևէ պարագայում չի կարող լինել արդյունավետ: Խնդիրն այն է, թե այդ տրամաբանությունը երբ կպայթի՝ ամիսներ անց, տարի անց, տարիներ անց: Իսկ դա արդեն Նիկոլ Փաշինյանի վերահսկողության ենթակա չէ», — նշեց նա:

