Հայաստանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո չկարողացավ նվազեցնել սոցիալական բևեռացվածության մակարդակը. ըստ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի, տեղի ունեցավ միայն կապիտալի որոշակի վերաբաշխում՝ «հարուստների շերտի կառուցվածքային փոփոխություն», բայց ոչ համակարգային փոփոխություն, որն իրականում կնվազեցներ անհավասարությունը:
Հարությունյանի խոսքով՝ իրականում սոցիալական բևեռացվածությունը Հայաստանում ոչ միայն չի նվազել, այլ խորացել է․ աղքատները դարձել են ավելի աղքատ, իսկ ապահովված խմբերում տեղի է ունեցել ընդամենը կառուցվածքային տեղաշարժ։ Մեծ հաշվով Հայաստանում սոցիալական բևեռացումը շարունակում է մնալ լուրջ անվտանգային խնդիր, ասել է նախկին վարչապետը։
Նա հիշեցրեց, որ դեռ 2007–2008 թվականներին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սոցիալական անհավասարության խորացումը որակել էր որպես «անվտանգային մարտահրավեր»․
«Եթե Միացյալ Նահանգներում դա համարվում է անվտանգային սպառնալիք, ապա Հայաստանի դեպքում՝ շրջապատված ոչ բարեկամ միջավայրով, խնդիրը դառնում է բազմապատիկ ավելի վտանգավոր։ Ավելի մտահոգիչ է այն, որ այսօր որևէ քայլ չի կատարվում իրավիճակը շտկելու համար»։
Խորացող սոցիալական բևեռացման պատճառը՝ պետական կառավարման սխալներն են, որոնք հանգեցնում են մի կողմից՝ կոռուպցիոն մեխանիզմների արմատավորմանը, մյուս կողմից ներդրումների ներգրաման հնարավորությունների նվազեցմանը։ Արդյունքում չեն ստեղծվում նոր տնտեսական հնարավորություններ, իսկ արդեն գոյություն ունեցողները կենտրոնանում են սահմանափակ մարդկանց ձեռքում։
Հարությունյանը ընդգծում է, որ իշխանության խոստացած կոռուպցիայի դեմ պայքարը չի ուղեկցվում անհրաժեշտ ինստիտուցիոնալ փոփոխություններով․ «Կոռուպցիան վերանում է միայն այն ժամանակ, երբ ստեղծված են պայմաններ, որտեղ այն պահանջարկ չունի իսկ կոռուպցիոներները մշտապես զգում են անխուսափելի պատասխանատվության վտանգը»։
Հարությունյանը նշում է, որ նման միջավայրի մասին խոսելն անհիմն է այն պայմաններում, երբ «պետական գնումների մոտ 76 տոկոսը կատարվում է մեկ անձից»․
«Եթե պետական համակարգում նման պրակտիկա է տարածված, ինչպե՞ս կարող է կոռուպցիան չարմատավորվել։ Այդ մոտեցումն անխուսափելիորեն հանգեցնում է հանրային կյանքի լուրջ խեղումների՝ մուլտիպլիկացիոն էֆեկտով»։
Սոցիալական հավասարության ապահովման մեկ այլ տարր է տնտեսական զարգացումը։ Սակայն, ընդգծում է Հարությունյանը, Հայաստանի ներդրումային գրավչության մասին խոսելն այսօր «վտանգավոր ինքնախաբեություն է»։
«Ո՛չ մի ողջամիտ ներդրող ներդրում չի կատարի երկրում, որտեղ դատարանները գտնվում են գործադիր իշխանության ազդեցության տակ։ Խոշոր ներդրումները պարզապես չեն գա», — հայտարարեց նա։
Նրա խոսքով՝ սա բազային ինստիտուցիոնալ պահանջ է, առանց որի անհնար է տնտեսական զարգացման մասին լուրջ խոսակցություն վարել։ Նա հիշատակեց Ամուլսարի պատմությունը, երբ երկար խնդիրներից հետո ներդրողը գերադասեց գործարքի գնալ կառավարության հետ․
«Lydian Armenia-ն իր բաժնեմասերի 12 տոկոսը փոխանցեց վարչապետի աշխատակազմին։ Կներեք, սա ի՞նչ է, եթե ոչ ռեկետ։ Դուք կարծում եք՝ միջազգային ներդրողները դա չէ՞ն տեսնում»։
Նա հիշեցնում է, որ նույն մոտեցումը եղավ նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպքում, երբ կառավարությանը փոխանցվել է 25 տոկոս բաժնեմաս․
«Խոսքը չի գնում պետություն–մասնավոր համագործակցության մասին, որտեղ պետությունն ու մասնավորը համատեղ ներդրումներ են կատարում։ Այստեղ պարզապես պահանջվել է բաժնեմաս»։
Հարությունյանը շեշտում է՝ եթե պետությունը ցանկանում էր ստանալ բաժնեմասեր, դա պետք է արվեր միայն դատարանի որոշմամբ և փոխանցվեր պետական գույքի կառավարման վարչությանը․
«Վարչապետի աշխատակազմը տնտեսական քաղաքականությամբ զբաղվող կառույց չէ և չի կարող պատասխանատու լինել նման որոշումների հետևանքների համար։ Եթե նման քայլը լիներ դատարանի որոշմամբ, իսկ բաժնեմասը հանձնվեր համապատասխան մարմնին, կարելի էր խոսել լուրջ մոտեցման մասին»։
Նա եզրափակեց, որ ներկայիս գործընթացները չի կարելի դիտարկել որպես ինստիտուցիոնալ զարգացում, որը ի վերջո կբերեր սոցիալական հավասարության ապահովմանը․
«Սա ոչնչով չի տարբերվում այն սխալներից, որոնք քննադատում էին նախկին իշխանությունների վերաբերյալ»։

