ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ պատմության առաջ արդարանալու անիմաստ ճիգեր են։ Այս մասին հայտարարեց «Անի» կենտրոնի հիմնադիր, հետազոտող Թաթուլ Հակոբյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի ձևակերպումը, համաձայն որի Արցախյան խնդիրը «ռումբ էր Հայաստանի պետականության տակ»։
Նրա գնահատմամբ՝ Մոսկվան միշտ էլ ցանկացել է կոնֆլիկտով ազդել Հայաստանի և Ադրբեջանի վրա, դա իրականություն է, սակայն վարչապետի պնդումները, որ դա թոկ էր Հայաստանի վզին, ասել, որ «Արցախը չենք կորցրել, Հայաստանի Հանրապետության անկախությունն ենք ապահովել», դա պատմության առաջ արդարանալու անիմաստ ջանքեր են։
«Պարոն Փաշինյանը և իր թիմը իրենց պարտությունը ինչ-որ ձևով մեղմելու համար նման բաներ են հնարում, մոգոնում և փորձում են դրանով մեղմել պատմության դատաստանի առաջ կանգնելու իրենց անխուսափելիությունը: Գիտեք, երկու օր առաջ Ազգային ժողովի պատգամավորներից մեկը Facebook-ում իմ ստատուսների տակ հետևյալը գրեց, իհարկե շատ կիրտ ձևով գրեց, բայց իմաստը հետևյալն էր՝ «Ի՞նչ եք ուզում մեզանից, պարոն Փաշինյանից, անդադար հիշեցնելով ինչ-որ բան, չէ որ մենք արդեն ներողություն ենք խնդրել»։ Այսինքն դուք այս աղետը բերել եք մեր երկրին ու մտածում եք, որ մեկ ներողություն խնդրելով, այս ամենը պիտի մոռացվի՞: 1920 թվականի Կարսի կորուստը այսօր սփյուռքում ավանդական կուսակցությունները ամեն առիթով Դաշնակցության երեսին են տալիս, 100 տարի է անցել, չորս-հինգ սերունդ է անցել, որևէ մեկը Կարսը չի տեսել։ Այսինքն 4000 զոհ, տասնյակ հազար վիրավոր, այդպիսի ստորացուցիչ պարտություն, այս ամեն ինչը այդքան հե՞շտ է մոռանալ», — նշեց նա։
Հակոբյանը անդրադարձավ նաև վարչապետի այն պնդումներին, որ եթե նախկինում եղել են խնդրի կարգավորման ավելի լավ տարբերակներ, նախկին իշխանությունները պարտավոր էին դրանք կյանքի կոչել, և քանի որ դա չեն արել, ուրեմն կամ դավաճան են, կամ դա հնարավոր չէր իրականացնել։
«Ե՛վ առաջին նախագահի, և՛ բոլոր մեր նախագահների, և՛ վարչապետ Փաշինյանի հայտարարությունները ո՛չ 100%-ով ճիշտ են, ոչ էլ 100%-ով սխալ։ Բոլորի ասածի մեջ էլ ռացիոնալություն կա։ Երբ Սերժ Սարգսյանը իր այս վերջին հարցազրույցի ժամանակ Փաշինյանին մեղադրում է, թե ինչու նա 2019-ի պլանը չընդունեց, հարց է առաջաննում՝ կներեք, պարոն Սարգսյան, բա դուք 10 տարի ինչո՞ւ այդ պլանները չէիք ընդունում։ Հիմա կարող եք հեշտությամբ ասել՝ Ադրբեջանն էր մերժում, բայց ով է ասել, որ այս նոր պլաններն էլ Ադրբեջանը չէր մերժել։ Ուզում եմ ասել, որ հեշտ է իշխանություններին մեղադրել և դրա համար եմ ասում՝ միանշանակ չեն այս պնդումները», — ասաց նա։

