Պետբյուջե 2026՝ հավասարակշռության և ռիսկերի միջև

Պետբյուջե 2026՝ հավասարակշռության և ռիսկերի միջև

Կառավարության ներկայացրած 2026թ․ պետական բյուջեն իր բովանդակությամբ կարծես փորձում է համատեղել «հնարավորությունների և ռիսկերի հաշվեկշռի» գաղափարը։ Սակայն փաստաթղթում հաճախ գերակշռում են ձևական հավակնությունները՝ առանց բավարար հիմնավորման, թե ինչպես են դրանք վերածվելու իրական տնտեսական արդյունքի։ 

Տնտեսական աճի կանխատեսում և դրա հիմնավորումը

Կառավարությունը նախատեսում է 5.4% տնտեսական աճ, սակայն հստակ մեխանիզմների բացակայությունը կասկածի տակ է դնում այդ թիրախի իրագործելիությունը։ Հարկաբյուջետային քաղաքականության շրջանակում որդեգրվել է կոնսոլիդացիայի օրակարգ՝ պակասուրդը նվազեցնելու և պետական պարտքը մինչև 2030թ․ ՀՆԱ-ի մոտ 50%-ին հասցնելու նպատակով։ Սա անհրաժեշտ քայլ է, սակայն հակացիկլային բաղադրիչների բացակայությունը մեծացնում է արտաքին ցնցումների հանդեպ երկրի խոցելիությունը։

Հարկային քաղաքականություն․ վարչարարությունից անդին

Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 25-26%-ի հասցնելը ողջունելի է, սակայն հարկային քաղաքականությունը շարունակում է դիտվել հիմնականում որպես վարչարարական գործիք։
Չկան ներդրումային միջավայրի խորքային բարեփոխումների և տնտեսական կառուցվածքի փոփոխության մեխանիզմներ։ «Ստվերի դեմ պայքարը» շարունակում է մնալ քաղաքական լոզունգ՝ առանց կոնկրետ գործիքակազմի։

Ծախսային քաղաքականություն․ ծավալների փոխարեն արդյունքներ

Կապիտալ ծախսերի բարձր կշիռը (ՀՆԱ-ի 5-6%) ընդհանուր առմամբ ճիշտ ուղղություն է, բայց առաջնահերթությունը կրկին դրված է ծավալների, այլ ոչ թե որակի վրա։ Չկա գնահատում, թե ենթակառուցվածքային ծրագրերը ինչ ազդեցություն կունենան տնտեսական շրջանառության կամ արտադրական հիմքի վրա։ Կա վտանգ, որ կունենանք մեծ թվեր բյուջեում, բայց ոչ համարժեք արդյունք տնտեսությունում։

Սոցիալական քաղաքականություն․ ծախսից դեպի արտադրողականություն

Առողջապահական ապահովագրության ներդրումը, կրթական և սոցիալական ծրագրերը կարևոր են, սակայն դրանցում գերակշռում է ծախսային մոտեցումը։ Սոցիալական աջակցությունը գրեթե չի կապվում զբաղվածության խթանման կամ արտադրողականության բարձրացման ծրագրերի հետ։ Առանց այդ կապի՝ անգամ մեծ ծախսերը կարող են լուծել միայն կարճաժամկետ խնդիրներ։

Պաշտպանություն․ անհրաժեշտությունը՝ առանց ռազմավարության

Պաշտպանության ոլորտի ծախսերը ներկայացված են սուղ և առանց ռազմավարական բացատրության, մինչդեռ Հայաստանի համար դրանք գոյության նախապայման են։ Թափանցիկության պակասը, գնումների արդյունավետության խնդիրները և տնտեսական քաղաքականության հետ կապի բացակայությունը շարունակում են մտահոգիչ մնալ։

Բյուջեի թվային պատկերը

2026թ․ բյուջեի նախագծով նախատեսվում է․

  • Եկամուտներ՝ շուրջ 3.09 տրիլիոն դրամ
  • Ծախսեր՝ 3.63 տրիլիոն դրամ
  • Դեֆիցիտ՝ 537.5 մլրդ դրամ (ՀՆԱ-ի մոտ 3.6%)

Եկամուտների 96%-ը ձևավորվում է հարկերից և տուրքերից, ինչը վկայում է, որ Հայաստանը շարունակում է ապավինել հարկային բեռին՝ առանց նոր ներդրումային աղբյուրների ստեղծման։ Դեֆիցիտի գրեթե կեսը նախատեսվում է ծածկել արտաքին վարկերով, ինչն առաջացնում է արտաքին կախվածության խորացման վտանգ։ Պետական պարտքը միջնաժամկետում կմնա ՀՆԱ-ի 54-55% մակարդակում։

Բովանդակային բացերը և ռազմավարության պակասը

Թվերի հետևում տեսանելի է ռազմավարության բացակայությունը։ Չկան հստակ չափորոշիչներ (KPI-ներ) կապիտալ և սոցիալական ծրագրերի արդյունավետության գնահատման համար։ Բյուջեն ներկայացվում է որպես հաշվառման փաստաթուղթ, այլ ոչ թե զարգացման ուղեցույց։

Առաջարկվող ուղղություններ

Հանրային և խորհրդարանական քննարկումների ժամանակ նպատակահարմար է կենտրոնանալ հետևյալ առաջարկների վրա․

  1. Հստակեցնել ոլորտային շարժիչները – նշել, թե որ ճյուղերն են դառնալու տնտեսական աճի հիմնական աղբյուրները և ինչ գործիքներով են խթանվելու։
  2. Ավելացնել հակացիկլային բաղադրիչներ – մշակել ավտոմատ մեխանիզմներ տնտեսական ցնցումների դեպքում արձագանքելու համար։
  3. Սահմանել արդյունքներին միտված KPI-ներ – կապիտալ և սոցիալական ծրագրերը պետք է ունենան հստակ չափորոշիչներ՝ աշխատատեղերի, արտահանման կամ արտադրողականության աճի տեսքով։
  4. Սոցիալական և տնտեսական քաղաքականությունների կապում – սոցիալական աջակցությունը զուգորդել զբաղվածության և եկամտի ստեղծման ծրագրերով։
  5. Կենտրոնանալ որակի վրա – ենթակառուցվածքային ծրագրերը դիտարկել ոչ թե որպես ծախսային հոդված, այլ որպես տնտեսական ակտիվության գործիք։
  6. Խթանել նորարարությունը – գիտելիք–արտադրություն–բիզնես շղթայի ստեղծում «Ակադեմիական քաղաքի» և բարձր տեխնոլոգիաների ծրագրերի միջոցով։
  7. Պաշտպանության ոլորտի թափանցիկացում և տեղայնացում – բարձրացնել գնումների թափանցիկությունը, զարգացնել տեղական պաշտպանական արդյունաբերությունը և կապել այն ՏՏ ոլորտի հետ։

Եզրակացություն

2026թ․ պետական բյուջեն թվերով հավասարակշռված է, սակայն բովանդակությամբ այն դեռևս «կենսապահովման» բնույթ ունի։ Առանց կառուցվածքային փոփոխությունների և արդյունքներին միտված քաղաքականության՝ այն չի դառնա տնտեսական զարգացման ռազմավարական ուղեցույց։ Հայաստանը կրկին գործում է որպես հարկաբյուջետային հաշվառման ապահովող երկիր, այլ ոչ՝ տնտեսական թռիչքի ծրագիր իրականացնող պետություն։


ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյան

Scroll to Top