Գաբալայում տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ կողմերը պայմանավորվել են կազմակերպել Սոթքի ոսկու հանքի ստուգում։
Ըստ այդ հրապարակումների՝ Ադրբեջանը հանքի տարածքում ստեղծում է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներ և այդ աշխատանքների ավարտից հետո մտադիր է շահագործել հանքավայրը։ Այս ֆոնին հարց է առաջանում՝ ի՞նչ խնդիր է փորձում լուծել Բաքուն և ի՞նչ նպատակով են նախաձեռնվում այդ «ստուգումները»։
Միջազգայնագետ Արմեն Մանվելյանի գնահատմամբ՝ տեղի ունեցողը նորություն չէ և տեղավորվում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականության շրջանակում։ Նրա խոսքով՝ «Ադրբեջանը վաղուց է պահանջում Սոթքի հանքավայրի փակումը, և այս գործընթացը իրենց հերթական «կապրիզների» իրականացման հերթական փորձն է»։
Մանվելյանը նշում է, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ քանի որ Սոթքի հանքավայրը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին հանքի որոշ հատվածներ «սարի խորքերում անցնում են ադրբեջանական տարածք»։ Սակայն, ինչպես ընդգծում է միջազգայնագետը, «այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, բայց աղմուկի և ճնշման միջոցով ադրբեջանցիները փորձում են հասնել մեկ նպատակի՝ Սոթքի հանքավայրը փակելուն»։
Միջազգայնագետի համոզմամբ՝ Սոթքի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը միտված է հանքավայրի փուլային փակմանը։ «Սոթքը այսօր արդեն աշխատում է իր հզորության մոտ 50 տոկոսով․ գործարանը չի աշխատում, գործում է միայն հանքավայրը։ Եթե առաջադրվի նաև հանքավայրի ամբողջական փակման պահանջը, ես համոզված եմ, որ իշխանությունները կգնան նաև այս զիջման», — նշում է Մանվելյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը հատկապես զգայուն է Հայաստանի համար, քանի որ «Սոթքի հանքավայրը Հայաստանում ոսկու արդյունահանման ամենախոշոր հանքավայրն է»։
Մանվելյանը զուգահեռ է անցկացնում այլ ռազմավարական օբյեկտների շուրջ հնչող այլ պահանջների հետ՝ նշելով. «Սա նույն պատմությունն է, ինչ ատոմակայանի դեպքում․ Ադրբեջանը պահանջում է նաև ատոմակայանի փակումը և նման քաղաքականությամբ, ցավոք սրտի, վաղ թե ուշ կարող է հասնել նաև այդ նպատակին»։
👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

