Աճի Տեմպերի Դանդաղում. Օգոստոսի 7.5% և Ընդհանուր 7.1%

Հայաստանի պետական պարտքի ցուցանիշը վտանգավոր մակարդակում չէ

Կառավարության կանխատեսումների համաձայն՝ 2025 թվականի վերջում Հայաստանի ամբողջ պետական պարտքը կկազմի 5 տրլն 820 մլրդ դրամ։ 2026 թվականի ընթացքում այն կաճի 749 մլրդ դրամով կամ 12.9%-ով՝ տարեվերջին հասնելով 6 տրլն 569 մլրդ դրամի։ Արդյունքում այս տարվա վերջում պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 52.9%-ը, իսկ 2026-ի վերջում՝ 55%-ը։ Այսինքն՝ պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը կաճի։
Լավ և վատ լուրերը պարտքի մասին

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի գնահատմամբ՝ իրավիճակն առայժմ  կատաստրոֆիկ չէ․ 

«Լավ լուրն այն է, որ այս պահին ես չէի ասի, թե Հայաստանի պետական պարտքի ցուցանիշը խիստ վտանգավոր մակարդակում է։ Մեր պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը գտնվում է մոտ 50 տոկոսի շրջանակում, և զարգացող երկրի համար դա ինքնին անհաղթահարելի բեռ չէ կամ մի մակարդակ, որը հնարավոր չէ սպասարկել»։

Դրա հետ մեկտեղ, Արամյանը նկատում է նաև որոշ բացասական միտումներ․

«Վատ լուրն այն է, որ 2022 թվականից սկսած այդ ցուցանիշը վատթարացման միտում ունի։ Հենց դրանով է պայմանավորված, որ Ֆինանսների նախարարությունը, ըստ էության, ընտրել է առավել պահպանողական մոտեցում և 2026 թվականի բյուջեն ներկայացրել է ավելի զսպված և զգուշավոր տրամաբանությամբ»։

Ռիսկերը պարտքի կառավարման մեջ չէ 

Ըստ նրա հիմնական ռիսկերը կուտակված են ոչ այնքան պետական պարտքի կառավարման մոդելի մեջ, որքան դրա հիմքում ընկած գործոններում՝ տնտեսական աճի կառուցվածքում և կառավարության ծախսային քաղաքականության արդյունավետության հարցում։ 

Խնդիրը գալիս է այնտեղից, որ հարկատուի գումարները արդյունավետ և նպատակային ծախսելու համար յուրաքանչյուր պետական կառույց պետք է պատշաճ կերպով կատարի իր գործառույթները։ Եվ այստեղ կրկին վերադառնում ենք բյուջետային ծրագրավորման գործիքակազմին և գնահատման մեխանիզմներին։ 

Պարտքի արդյունավետ կառավարման տեսանկյունից, անհրաժեշտ է երկու հիմնական հարցի պատասխանել՝ ինչքան եկամուտ կա այդ պարտքը սպասարկելու համար և այդ գումարն ինչ նպատակով է օգտագործում։

«Օրինակ՝ եթե ես վերցրել եմ վարկ 5% տոկոսադրույքով և այն ներդրել պարտատոմսերի մեջ՝ 8% եկամուտով, սա կարող է լինել արդյունավետ ֆինանսական գործարք։ Այլ կերպ ասած, եթե միջոցներն ուղղված են այնպիսի ակտիվի ձեռքբերման, որը բարձր եկամուտ է բերում, խնդիր չկա՝ սա արդեն ծախսման արդյունավետության հարցն է», — ասաց նա։

Նաև կարևոր են մի շարք ցուցանիշներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել՝ պարտքի ցուցանիշը, պարտքի կառուցվածքը, տոկոսավճարների բաժինը ընդհանուր ծախսերում, ցուցանիշների դինամիկան և սպասարկման հնարավորությունները ընթացիկ ծախսերի համատեքստում։ Ընդհանուր առմամբ, այս ցուցանիշները տալիս են պատկերը՝ ինչ է հուշում մեզ պետական պարտքի վիճակը և կայունությունը։

«Պարզ օրինակ՝ եթե որևէ մեկը վերցնում է 2 միլիոն դրամ վարկ, իսկ իր ամսական եկամուտը կազմում է, ենթադրենք, 1,5 միլիոն դրամ, ապա ծախսերը հանած՝ նա համեմատաբար հեշտությամբ կարող է սպասարկել այդ պարտքը»։

Պետական պարտքի մեծ հատվածը՝ կառավարության պարտքն է

Պետական պարտքի մեծ հատվածը՝ կառավարության պարտքն է։ Այդ պարտքի մայր գումարների և տոկոսների վճարումը կատարվում է պետական բյուջեի և նոր ներգրավվող պարտքերի հաշվին։

2026 թվականին Կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 1 տրլն 53 մլրդ դրամ։ Պարտքի գծով մայր գումարները՝ մարումները, կկազմեն 629.8 մլրդ դրամ, իսկ տոկոսավճարները՝ 423.2 մլրդ դրամ։ Այստեղ ներառված են ինչպես ներքին պարտքի գծով մարումներն ու տոկոսավճարները, այնպես էլ արտաքին պարտքի։ 

Պարտքի տոկոսավճարները ներառված են բյուջեի ծախսերում։ Դրանք կկազմեն ընդհանուր ծախսերի 11.7%-ը։ Համեմատության համար նշենք, որ առողջապահության ոլորտի պետական ծախսերը կազմելու են բյուջեի ծախսերի 5.9%-ը։


👉 https://vectors.am/category/tntesutyun/

Scroll to Top