Գերմանիայում հնչած հայտարարությունները, ըստ որոնց՝ Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Հայաստանում «չոր նավահանգստի» գործարկմամբ կամ ներդրումներով, նորից ակտիվացրին այս թեմայի շուրջ քննարկումները։ Նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի գնահատմամբ՝ այս նախագիծը կարող է կենսունակ լինել միայն այն դեպքում, եթե բացվի Հայաստան–Թուրքիա սահմանը, հակառակ դեպքում այն հայտնվում է փակուղային վիճակում։ Այսօր, երբ խոսվում է սահմանի մասնակի բացման հնարավորության մասին, հարցն առավել արդիական է դառնում: Արդյո՞ք չոր նավահանգիստը իրականում շանս ունի աշխատելու, թե՞ այն շարունակում է մնալ զուտ տեսական գաղափար։
Գյումրու չոր նավահանգիստը․ շանս կա, բայց…
Գաբրիելյանի գնահատմամբ՝ Գյումրիում չոր նավահանգստի նախագիծն իրականում շանս ունի, սակայն դրա կենսունակությունը կախված է մի շարք բարդ գեոքաղաքական գործոններից։ Առաջին հերթին խոսքը մաքսային սահմանների մասին է․ Հայաստանը գտնվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում, մինչդեռ Թուրքիան՝ Եվրոպական միության մաքսային տարածքում (չլինելով ԵՄ անդամ)։ Այս համադրության պայմաններում բեռների վերաբաշխման հանգույցի ստեղծումը կարող է արդիական դառնալ հատկապես Միջին միջանցքի տրամաբանության ներքո, որտեղ բեռները մի տրանսպորտային համակարգից անցնում են մյուսին։
Հյուսիսային և Միջին միջանցքների մրցակցությունը
Այստեղ, սակայն, առաջանում է մրցունակության հարցը։ Ամենածանրաբեռնված և ամենակարճ ուղին Հյուսիսային միջանցքն է։ Եթե Հայաստանը ներգրավվում է Միջին միջանցքում, ապա, ըստ Գաբրիելյանի, մաս է դառնում է համադրելի, բայց ոչ ավելի մրցունակ միջանցքի, քան Հյուսիսայինը։
Միևնույն ժամանակ Եվրոպական միությունը փորձում է հնարավորինս նվազեցնել Հյուսիսային միջանցքի դերն ու նշանակությունը՝ ունենալով Ռուսաստանի հետ խնդիրներ։ Ռուսաստանով բեռների փոխադրումը այս պահին կասեցված է, սակայն առանցքային հարցն այն է, թե այդ կասեցումը որքան երկար կտևի։
Գաբրիելյանը նշում է, որ այստեղ կարևոր է տարբերակել եվրոպական և ամերիկյան մոտեցումները։ Եթե եվրոպական տրամաբանությամբ դիտարկենք, գործընթացները կարող են երկարատև լինել, մինչդեռ ամերիկյան մոտեցման դեպքում հնարավոր են ավելի արագ հանգուցալուծումներ։
TRIPP-ն ու Հայաստանի սահմանափակ մասնակցությունը
Գաբրիելյանը հիշեցնում է, որ TRIPP նախագծի համատեքտում շատ աղբյուրներում նշվում է Կարս–Իգդիր–Արալիկ–Դիլուջու կառուցվող երկաթուղու հատվածը, որը ենթադրում է Գյումրիի հատվածի շրջանցում․ օգտագործվելու է միայն Մեղրիի շուրջ 42 կմ փոքր հատվածը։
Եթե բեռնափոխադրումները սահմանափակվեն միայն Սյունիքով անցմամբ, ապա տնտեսական էֆեկտը կլինի նվազագույն։ «Թեև այդ դեպքում էլ Հայաստանը կստանա որոշակի դրական արդյունքներ՝ վճարումներ, անվտանգության որոշ խնդիրների լուծում, տնտեսական կապերի աճ, սակայն ընդհանուր ազդեցությունը կմնա համեստ՝ տասնյակ միլիոնների մակարդակում», — պնդում է նա։
ԱՄՆ-ի շահը՝ տնտեսակա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական
Այս համատեքստում առաջանում է նաև մեկ այլ առանցքային հարց․ ո՞րն է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահը Հայաստանում նման ակտիվ ներկայություն ունենալու և հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ անելու հարցում։
Գաբրիելյանի խոսքով՝ այստեղ առաջնայինը հաղորդակցության ճանապարհների վերահսկողությունն է։ Գեոտնտեսական տեսանկյունից ԱՄՆ-ը հետաքրքրված է տարբեր միջանցքների վերահսկմամբ, հատկապես հաշվի առնելով, որ Չինաստանը դիտարկվում է որպես հիմնական մրցակից։ Չինաստանից դուրս եկող ճանապարհների հանգուցային կետերում ներկայություն ունենալը տալիս է լուրջ գեոստրատեգիական առավելություններ։
Հայաստանը՝ «փոքր գումարով մեծ արդյունքի» տրամաբանության մեջ
Հայաստանի տեսանկյունից այս ամբողջ համադրությունը կարող է դիտվել որպես փոքր ծախսերով մեծ արդյունքի հասնելու հնարավորություն։ Սակայն, ըստ Գաբրիելյանի, վճռորոշն այն է, թե ինչ բովանդակությամբ կլցվի այս «անոթը»։
Հատկանշական է, որ ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունում TRIPP-ի մասին ընդհանրապես խոսք չկա, իսկ Հայաստանը նշվում է միայն խաղաղության ձեռքբերման համատեքստում՝ ոչ որպես տարածաշրջանում ԱՄՆ շահերի մաս։ Հարավային Կովկասն էլ որպես առանձին հետաքրքրության գոտի փաստաթղթում ընդհանրապես չի առանձնացվում։
Նոր մոդալություն՝ ռազմականից դեպի տնտեսական ներկայություն
Միևնույն ժամանակ, եթե տարածաշրջանը լիովին անտարբեր լիներ ԱՄՆ-ի համար, նման ներկայություն պարզապես չէր լինի, հավելում է Գաբրիելյանը։ Փոխվում է ոչ թե նպատակը, այլ մոդալությունը՝ եթե նախկինում խոսքը գնում էր ռազմական ներկայության, դաշինքների կամ զորքերի մասին, ապա այսօր ամերիկյան մոտեցումն ավելի շատ տնտեսական է։
Ինչպես ցույց է տալիս Ուկրաինայի օրինակը, անգամ ռազմավարական կարևորության բարձր մակարդակի պայմաններում ԱՄՆ-ը շեշտը դնում է ռեսուրսների հասանելիության վրա՝ օրինակ հազվադեպ մետաղների հանքավայրերի։ Նոր տրամաբանությամբ՝ տնտեսական շահերը դառնում են անվտանգության քաղաքականության հիմնավորում, իսկ ռազմական ներկայությունը փոխարինվում է տնտեսական ներգրավմամբ։
Այս համատեքստում Հայաստանը հայտնվում է ոչ թե որպես ինքնանպատակ, այլ որպես ավելի մեծ գլոբալ հաշվարկների մի մաս, որտեղ յուրաքանչյուր ենթակառուցվածքային նախագիծ ունի տնտեսական, բայց ավելի շատ խորքային աշխարհաքաղաքական նշանակություն։

