Հայաստանի և Գերմանիայի միջև ստորագրված ռազմավարական բնույթի փաստաթուղթը նոր հնարավորություններ է բացում Երևանի համար՝ հատկապես Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման համատեքստում։ «Հայկական խորհուրդ» ՀԿ փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի համոզմամբ՝ Գերմանիան այն պետություններից է, որի հետ այս մակարդակի պայմանավորվածությունները կարող են որոշիչ դեր ունենալ ոչ միայն հայ–եվրոպական հարաբերությունների, այլև ողջ տարածաշրջանային զարգացման համար։
Գերմանիայի աշխարհաքաղաքական ազդեցությունը
Փորձագետը նշում է, որ փաստաթուղթը ստեղծում է նոր հնարավորություններ աշխարհաքաղաքական առումով։ «Մեր տարածաշրջանը հիմա գտնվում է մի իրավիճակում, որը վերջին վեց–յոթ դարերում հազվադեպ է եղել. հնարավոր է կապել արևելքը և արևմուտքը, շրջանցելով հիմնական աշխարհաքաղաքական կենտրոններին։ Գերմանիան՝ որպես ԵՄ ամենախոշոր տնտեսություն, հետաքրքրված է տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերով, որովհետև դա ունի և տնտեսական, և քաղաքական նշանակություն», — ընդգծում է Ղևոնդյանը։
Նա ավելացնում է, որ Գերմանիան և Ֆրանսիան ունեն երկարաժամկետ շահեր տարածաշրջանում. «Եվրամիությունը ցույց է տալիս, որ ցանկանում է ակտիվորեն ներգրավվել, իսկ Գերմանիան և Ֆրանսիան՝ որոշումների կայացման գլխավոր երկրներից մեկը լինելով, ձգտում են տարածաշրջանային դերակատարում ունենալ։ Սա նշանակում է, որ գերմանա–հայկական նոր մակարդակի հարաբերությունները ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունեն»։
Տնտեսական և ենթակառուցվածքային հնարավորություններ
Փաստաթուղթը բացում է նոր տնտեսական և տեխնոլոգիական դռներ։ «Գերմանիան կարող է ապահովել Հայաստանի համար անհրաժեշտ աջակցություն ոչ միայն անվտանգության ոլորտում, այլև ենթակառուցվածքների արդիականացման, տեխնոլոգիական փոխանակման և կառավարման բարելավման հարցերում», — ասում է Ղևոնդյանը։ Նրա խոսքով՝ գերմանական տեխնոլոգիաներն ու փորձը կարող են օգնել ինչպես սահմանային հսկողության, այնպես էլ հայ–հարևան երկրների փոխհարաբերությունների բարելավմանը։
Բացի այդ, Գերմանիան խոստացել է հատկացնել հիբրիդային անվտանգության հարցերում 10 անգամ ավելի մեծ ֆինանսական աջակցություն, քան արդեն հատկացված է Եվրամիության կողմից։ Ղևոնդյանը նշում է, որ այս աջակցությունը թույլ կտա Հայաստանի կառավարությանը արդյունավետորեն արձագանքել նոր մարտահրավերներին և ապահովել տարածաշրջանում կայունությունը։
«Եթե Հայաստանը և Ադրբեջանը վերջնական խաղաղության չհասնեն, գերմանական և եվրոպական ազդեցությունը կնվազի, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերը կյանքի չեն կոչվի», — ասում է Ղևոնդյանը։
Անվտանգություն և ռազմական համագործակցություն
Նա ավելացնում է, որ նոր փաստաթուղթը նաև հնարավորություն է տալիս Հայաստանի իշխանություններին օգտագործել գերմանական փորձը՝ տնտեսության, անվտանգության և քաղաքական ինստիտուցիաների զարգացման հարցերում։
Ղևոնդյանը ընդգծում է, որ համագործակցությունը Գերմանիայի հետ չի սահմանափակվում միայն զենքի կամ ռազմական օգնությամբ. այն ընդգրկում է մի շարք այլ ոլորտներ՝ սահմանային հսկողության, կառավարման մեխանիզմների արդիականացման, անվտանգության տեխնոլոգիաների ներդրման, փորձի փոխանակման և հանրային կառավարման բարելավման հարցերում:
«Գերմանիայի հետ համագործակցությունը կարող է ապահովել նաև միջնորդություն այլ երկրների հետ ռազմական արտադրության ոլորտում, ինչը հնարավորություն կտա Հայաստանին ձեռք բերել անհրաժեշտ հնարավորություններ», — նշում է փորձագետը։

