2025 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 165 միլիարդ դրամ (համարժեք՝ ամերիկյան դոլարով), ինչը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 37.1%-ով։ Ընդ որում արտահանումը նվազել է –44․7%-ով։ Որոշ փորձագետներ նման իրավիճակը համարում են կառավարելի, մյուսները ՝ տնտեսական անվտանգությանը ուղղված ուղիղ հարված։
Արտահանման փլուզված հենասյունը
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի գնահատմամբ՝ արտահանման հիմնական հենասյունը շարունակում է մնալ փլուզված։ Նույնիսկ հոկտեմբեր ամսվա ցուցադրած թվային «վերականգնումը»՝ սեպտեմբերի համեմատ +12%․ հոկտեմբերին արտահանումը՝ 744․4 մլն ԱՄՆ դոլար, սեպտեմբերին՝ շուրջ 664 մլն ԱՄՆ դոլար։
Ըստ նրա՝ արտահանման կառուցվածքի մանրամասն դիտարկումը բացահայտում է երեք ծանր իրողություն։ Առաջին հերթին ակնհայտ է դառնում, որ արտահանման անկման ամբողջ ծանրությունը գալիս է մեկ ապրանքախմբից՝ «թանկարժեք քարեր և թանկարժեք մետաղներ»։ Այս խմբի արտահանումը հունվար–հոկտեմբերին նվազել է մոտ 73–75%-ով (2024թ․ 10 ամսվա՝ 7․4 մլրդ ԱՄՆ դոլարից՝ 2025թ․ 10 ամսվա 1․96 մլրդ ԱՄՆ դոլար)։ Այս ապրանքախումբը շուրջ մի քանի տարիներ շարունակ եղել է վերաարտահանվող ոսկու և հարակից գործարքների հենարանը։ Երբ այս հոսքը գրեթե կանգ է առել՝ արտահանման ողջ համակարգը մնացել է առանց շարժիչ ուժի, նշում է նա։
Իրական արտահանումը՝ գրեթե կանգացած
Եթե հանում ենք վերաարտահանման ազդեցությունը՝ «իրական» արտահանումը աճ գրեթե չունի, պնդում է Անանյանը և հավելում․
«Մեր արտահանման այն հատվածները, որոնք կապված են իրական արտադրության հետ, գրանցել են որոշակի աճ։ Մասնավորապես, «Պատրաստի սննդամթերք»՝ +25․3%, «Սարքեր և ապարատներ»՝ +49․7%, «Բուսական ծագման արտադրանք»՝ +27․5%, «Հանքահումք»՝ +11․1%։ Բայց այս դրական աճը ընդհանուր արտահանման անկման մեջ փոխհատուցել է ընդամենը մի քանի տոկոսային կետ։ Հետևաբար․ եթե դուրս ենք թողնում ոսկու ազդեցությունը՝ արտահանման «մաքուր» աճը մնում է 2–3%, ինչը փաստացի նշանակում է, որ արդյունաբերական արտահանումը, ըստ էության, կանգ է առած», — համոզված է նա։
Ներմուծման անկումը՝ ևս մեկ վտանգի ազդանշան
Ըստ տնտեսագետի՝ ներմուծման անկումը ևս վտանգի ազդանշան է․
«Ներմուծումը հունվար–հոկտեմբերին կազմել է 10․1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է –31․2%-ով։ Սա վկայում է մի քանի հանգամանքների մասին․ շուկան նեղանում է, ներմուծվող ներգործիչների՝ հումքի, սարքավորումների, բաղադրիչների պահանջարկը նվազում է, ներդրումային ակտիվությունն ու արտադրության ծավալներն «անկումային» են»։
Բնական գործընթաց
Ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը, իր հերթին նման անկումը մեծ հաշվով բնական է համարում և համաձայն է անկման նշվող պատճառմերի և հիմնավորումների հետ։
«Եթե հաշվի առնենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում արտաքին առևտրի ակվիվությունը հիմնականում վերաարտահանվող ոսկու հաշվին էր, ապա այսօրվա իրավիճակը սպասելի էր։ Վերաարտահանումը այս վերջին տարիներին կազմում էր մեծ տոկոս, միիլիարդների հասնող, սակայն իրականում մասսայական բնույթ չէր կրում՝ մի քանի ընկերություններ փող էին աշխատում։ Այսպիսով, արտաքին առևտրի նման կտուկ անկումը բացատրվում է հիմնականում այս գործոններով»։
ՀՆԱ-ի աճը՝ որպես հավասարակշռող գործոն
Սակայն Բարխուդարյանը դրա հետ կապված մեծ վտանգներ չի տեսնում։ Նրա գնահատմամբ՝ ներկայում տնտեսությունը մոտեցել է իր բնական նորմային ցուցանիշներին։ «Դիտարկելով ՀՆԱ-ի աճը և ճյուղային կառուցվածքը, գրեթե բոլոր ոլորտներում նկատելի է որոշակի զարգացում», — ասաց նա՝ հավելելով՞ որ անգամ արտահանման շրջանառության մոտ 38%-անոց անկման պարագայում, ՀՆԱ աճել է 5,2%-ով։

