Եվրոպական միության հետ վերջապես ստորագրեց և հրապարակվեց «Գործընկերության ռազմավարական օրակարգը»։ Տարբեր քաղաքական շրջանակներ յուրովի են ներկայացնում և գնահատում այս փաստաթուղթը։ Ի՞նչ է իրականում այն ենթադրում և արդյո՞ք Հայաստան-ԵՄ հարաբերությունները իրականում բարձրանում են նոր՝ ռազմավարական մակարդակի պարզաբանում է փորձագետ Մանե Ադամյանը։
Շատ ավելի համապարփակ ու խորքային փաստաթուղթ է
Այս նոր փաստաթուղթը, ըստ Ադամյանի, փաստացի գալիս է փոխարինելու 2017 թվականին հաստատված գործընկերության առաջնահերթություններին, որոնց ժամկետը սպառվել էր։Ն ա նշում է, որ նոր օրակարգը ոչ միայն ընդարձակ է, այլև կառուցվածքային առումով ամբողջությամբ վերանայված։
«2017-ի փաստաթուղթը ձևակերպում էր առաջնահերթություններ, բայց նոր օրակարգն արդեն համապարփակ ու խորքային փաստաթուղթ է, շատ ավելի կոնկրետ ձևակերպումներով։ Այն չի փոխարինում CEPA-ին․ CEPA-ն մնում է համագործակցության իրավական հիմք։ Նոր օրակարգը պարզապես գալիս է լրացնելու ու թարմացնելու քաղաքական և ոլորտային ուղղությունները»,– ընդգծում է Ադամյանը։
Նրա խոսքով՝ փաստաթուղթը բաժանված է կարճաժամկետ (մոտ 3–4 տարվա) և միջնաժամկետ (մինչև 7 տարի) նպատակների, որոնց շրջանակում կողմերը համաձայնեցնում են համագործակցության հիմնական ուղղությունները։
Սա ներառում է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, օրենքի գերակայության պաշտպանությունը, դատական համակարգի անկախության զարգացումը, ինչպես նաև հակակոռուպցիոն քաղաքականության խորացումը։ Սոցիալ-տնտեսական բլոկում առանձնահատուկ շեշտ է դրված առևտրի ու տնտեսության դիվերսիֆիկացիայի, հատուկ շեշտված են նաև անվտանգության հարցերը։
Անվտանգությունը՝ որպես ուղղակի օրակարգային հարց
Եթե տարիներ առաջ Հայաստանի և ԵՄ հարաբերություններում անվտանգության թեման գրեթե չէր շեշտվում, ապա այսօր այն դարձել է առաջնահերթ ուղղություններից մեկը։
«Անվտանգության հարցը վերջին տարիներին է մտել օրակարգ։ Մեզ մոտ ստեղծվել է ԵՄ-ի հետ անվտանգության երկխոսության հատուկ ձևաչափ, ինչը մինչ այդ գոյություն չուներ։ Նոր օրակարգում այն արդեն առանձին ուղղություն է՝ հստակ նպատակներով ու գործողություններով»,– ասում է փորձագետը։
ԵՄ-ն նախատեսում է աջակցել Հայաստանի զինված ուժերին՝
ոչ մահաբեր սարքավորումներով, կարողությունների զարգացման ու վերապատրաստումների միջոցով։ Զենքի կամ ռազմամթերքի մատակարարման մասին խոսք չկա, սակայն աջակցությունը ներառում է տեխնիկական միջոցներ, վերապատրաստումներ, ինստիտուցիոնալ ուժեղացում։
Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է Հայաստանի մասնակցությունը ԵՄ-ի ճգնաժամերի կառավարման առաքելություններին։ Նշվում է նաև շարունակական աջակցություն ականազերծման ծրագրերին։
Հիբրիդային վտանգներ և տեղեկատվական անվտանգություն
Անվտանգության լայնացված ընկալումը, ինչպես նշում է Ադամյանը, ներառում է նաև հիբրիդային սպառնալիքները։
«ԵՄ-ի աջակցությունը ուղղված է լինելու նաև հիբրիդային վտանգներին հակազդելուն։ Ընդ որում, բավականին հետաքրքիր գործիքներ կան, այդ թվում թվային գործիքներ, ֆիքսելու տարատեսակ ինֆորմացիոն ուղղորդված արշավներ․ Այսինքն կլինի գործիքակազմ, որը իսկապես կարձանագրի, որ սա հիբրիդային վտանգ է,»,– նշում է նա։
Փորձագետի գնահատմամբ՝ դա կարևոր է հատկապես նախընտրական փուլերում, երբ տեղեկատվական դաշտի չկարգավորվածությունը կարող է ստեղծել անկառավարելի իրավիճակ։
Այս համատեքստում Ադամյանն ընդգծում է ԵՄ հայտարարած նոր ֆինանսական աջակցությունը՝ 15 մլն եվրո, որը տրամադրվելու է խաղաղության պահպանման, ականազերծման և հիբրիդային սպառնալիքների դեմ միջոցառումներին։ Բացի այդ, տարածաշրջանային գործիքակազմի շրջանակում հասանելի կլինի ևս 5 մլն եվրո՝ անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության համար։
Էներգետիկ համագործակցություն․ Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց
Օրակարգում առանձին տեղ ունի նաև էներգետիկ հատվածը։ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» անվանումը կրող ծրագիրը նախատեսում է Հայաստանի և Վրաստանի էլեկտրական ցանցերի սինխրոնացում։
Ադամյանը հիշեցնում է, որ Հայաստանի և Իրանի համակարգերը արդեն տեխնիկապես սինխրոնացվել են, իսկ Վրաստանի հետ կապը կբացի ուղիղ ճանապարհ դեպի եվրոպական էներգահամակարգ, քանի որ Վրաստանը արդեն ինտեգրված է ԵՄ ցանցերին։
Ծրագիրը, սակայն, բախվել է մի շարք տեխնիկական և ֆինանսական դժվարությունների՝ մասնավորապես մրցույթի համար անհրաժեշտ բարձր ստանդարտների և շուկայի փոքր լինելու պատճառով։
«Այս ծրագիրը տարիների ընթացքում անցել է բավական բարդ փուլեր ու մի քանի անգամ վերափոխվել է, քանի որ օպերատորի ընտրության հարցում մշտապես խնդիր էր առաջանում։ Հայտարարվող մրցույթներում սահմանված էին չափազանց բարձր պահանջներ, որոնց պետք է համապատասխաներ գործընկեր կազմակերպությունը։ Աշխարհում այդ մակարդակի ընկերությունները մատների վրա կարելի է հաշվել։ Հայաստանի փոքր շուկան նրանց համար գրավիչ չէր», — ասաց նա։
Լուծումներ որոնելու գործընթացում ներգրավված են եվրոպական ֆինանսական ինստիտուտներ, այդ թվում՝ KfW-ն։ Ծրագրի արժեքը տարիների ընթացքում կրկնակի աճել է՝ 180-ից 500 մլն եվրո, այժմ ընթանում են բանակցություններ լրացուցիչ ֆինանսավորման շուրջ։

