Վաշինգտոն-Պեկին-Տոկիո. Ռազմավարություն, թե՞ դիվանագիտության իմիտացիա

Աբրահամյան համաձայնագրերից գլոբալ հակակշիռներ. ի՞նչ համակարգ է կառուցում ԱՄՆ-ն

Վերջին տարիներին ԱՄՆ արտաքին քաղաքականության օրակարգում ի հայտ եկած մի շարք գործընթացներ հաճախ դիտարկվում են առանձին՝ Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի կամ Կենտրոնական Ասիայի համատեքստում։ Սակայն, ինչպես նշում է քաղաքագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը, իրականում խոսքը շատ ավելի լայն և փոխկապակցված ռազմավարության մասին է, որի տարր են կազմում Աբրահամյան համաձայնագրերը և դրանց շուրջ ձևավորվող նոր քաղաքական հարթակը։
Ի՞նչ են իրականում նշանակում Աբրահամյան համաձայնագրերը

Սարգսյանի խոսքով՝ Աբրահամյան համաձայնագրերը սկզբնապես ստեղծվել են բացառապես մեկ նպատակով՝ Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այդ գործընթացը պետք է նպաստեր երկար տարիներ ձգվող հակամարտությունների մեղմացմանը և տարածաշրջանային նոր համագործակցության հիմքերի ստեղծմանը։

Սակայն հետագայում, ինչպես ընդգծում է քաղաքագետը, համաձայնագրերի տրամաբանությունը սկսեց ընդլայնվել։ Դրանք այլևս միայն արաբական աշխարհի հետ Իսրայելի հարաբերությունների մասին չէին, այլ վերածվեցին ավելի լայն գործիքի, որը պետք է օգներ Իսրայելին կարգավորելու հարաբերությունները նաև այլ իսլամական պետությունների հետ։

Ադրբեջանն ու Ղազախստանը

Այս համատեքստում հատկապես հետաքրքիր է Ադրբեջանին և Ղազախստանին հիշատակելը։ Սարգսյանը նշում է, որ երկու երկրներն էլ արդեն իսկ ունեն շատ լավ հարաբերություններ Իսրայելի հետ։ Այդ պատճառով հարց է առաջանում՝ ինչու են հենց այս երկրները հայտնվում Աբրահամյան համաձայնագրերի շուրջ ձևավորվող գործընթացներում։

Քաղաքագետի գնահատմամբ՝ այստեղ ակնհայտ է, որ խոսքը այլևս միայն Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին չէ։ Այս ձևաչափի ներքո Միացյալ Նահանգները փաստացի ստեղծում է ավելի լայն տարածաշրջանային հարթակ, որին միավորում է տարբեր պետություններ՝ այդ թվում Հարավային Կովկասի ամենահարուստ երկիրը՝ Ադրբեջանը, և Կենտրոնական Ասիայի ամենահարուստներից մեկը՝ Ղազախստանը։

ԱՄՆ-ի խաղը՝ ոչ միայն Հարավային Կովկասում

Քաղաքագետի  համոզմամբ՝ այս գործընթացները ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները չեն սահմանափակվում միայն Հարավային Կովկասով։ ԱՄՆ-ը գործում է շատ ավելի գլոբալ տրամաբանության շրջանակում՝ փորձելով կապել Մերձավոր Արևելքը, Կովկասը և Կենտրոնական Ասիան մեկ ռազմավարական շղթայի մեջ։

Այս լայն պատկերում առանձնահատուկ տեղ ունի նաև այսպես կոչված «Մեծ Թուրան» նախագիծը։ Նա նշում է, որ նման նախագծի հիմնական նպատակը առաջին հերթին ուղղված է Ռուսաստանին և Չինաստանին հակակշռելու մեջ է։ 

Թուրքիան՝ որպես հակակշռի առանցքային տարր

Ըստ Սարգսյանի՝ Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությանը հակակշռելու համատեքստում Թուրքիան ԱՆՄ-Ի համար առանցքային դեր ունի։ Չնայած Վաշինգտոնում հաճախ Թուրքիային բնութագրում են որպես «դժվար» կամ «վատ» դաշնակից, այնուամենայնիվ, Թուրքիան մեծ հաշվով մնում է ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը։

Քաղաքագետի գնահատմամբ՝  Վաշինգտոնը այս նպատակներից ելնելով փորձելու է պահել Թուրքիային իր ազդեցության գոտում, և, ամենայն հավանականությամբ, դա իրեն կհաջողվի։ Այս տրամաբանության մեջ Աբրահամյան համաձայնագրերը և դրանց շուրջ ձևավորվող նոր գործընթացները դառնում են ոչ թե տեղային, այլ գլոբալ աշխարհաքաղաքական գործիք։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top