Հայաստանի հասարակության վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ շարունակում է մնալ կայուն և դրական՝ անկախ իշխանության ներկայացուցիչների հռետորաբանությունից և վերջին ամիսներին տեղի ունեցած զարգացումներից։ Այս մասին են վկայում GALLUP International Association հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացված վերջին սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք ներկայացվել են գործարար ալիքի եթերում։
Հետազոտության տվյալները ներկայացրեց GALLUP International Association հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ընդգծելով, որ հարցման նպատակն ոչ թե պատրաստի եզրակացություններ պարտադրելն է, այլ քաղաքական դաշտին և հասարակությանը տրամադրությունների իրական պատկերը ներկայացնելը։
Հայ առաքելական եկեղեցին շարունակում է վայելել բարձր վստահություն
Հարցման ամենախորհրդանշական արդյունքներից մեկը վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու գործունեության գնահատականին։ Ըստ ներկայացված տվյալների՝ հարցվածների 77.7 տոկոսը դրական տիրույթում է գնահատում եկեղեցու աշխատանքը և դերակատարությունը։ Սա, ըստ Նավասարդյանի, ցույց է տալիս ոչ միայն ինստիտուցիոնալ վստահություն, այլև խորքային հարգանք եկեղեցու նկատմամբ։
Նրա խոսքով՝ քաղաքացիները եկեղեցու գործունեությունը գնահատում են տարբեր տեսանկյուններից․ ոմանք կարևորում են թեմերում և համայնքներում իրականացվող աշխատանքը, մյուսները՝ սփյուռքում ունեցած դերը, երրորդները՝ այն դիրքավորումը, որը եկեղեցին որդեգրել է իշխանությունների կողմից հնչող քննադատությունների և հարձակումների պայմաններում։ Սակայն անկախ գնահատման մոտիվացիայից՝ հիմնական միտումը մեկն է՝ հասարակության մեծամասնությունը հարգանքով է վերաբերվում Հայ առաքելական եկեղեցուն։
Իշխանության գործողությունները՝ բացասական ընկալման դաշտում
Հետազոտությունը նաև անդրադարձել է վերջին ամիսներին լայն քննարկում ստացած մեկ այլ զգայուն թեմայի։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցու կողմից կարգալույծ արված քահանաների մասնակցությամբ պատարագներին մասնակցելու մասին է։
Այս հարցում հանրային արձագանքը առավել քան հստակ է․ հարցվածների 50 տոկոսից ավելին այդ երևույթը գնահատել է բացասական կամ ավելի շուտ բացասական։ Մասնավորապես՝ 39.3 տոկոսը նշել է «լիովին բացասական», իսկ 11.1 տոկոսը՝ «ավելի շուտ բացասական» գնահատական։ Սա վկայում է, որ իշխանության այս քայլերը հասարակության լայն շերտերի կողմից ընկալվում են որպես խնդրահարույց և անընդունելի։
Միաժամանակ հարցվածների 23.4 տոկոսը նշել է «լիովին դրական» վերաբերմունք ունեն նման դիրքորոշմոնը, իսկ 13.7 տոկոսը՝ «ավելի շուտ դրական» վերաբերմունք, ինչը, սակայն, ըստ փորձագետների, չի փոխում ընդհանուր պատկերն այն մասին, որ հանրային տրամադրություններում գերակշռում է բացասական գնահատականը։
Հանրային դիրքորոշում՝ անկախ քաղաքական նախասիրություններից
Նավասարդյանի գնահատմամբ՝ դժվար է այս տվյալները ուղիղ կապել Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ։ Նրա խոսքով՝ դրական գնահատական տվող քաղաքացիները պարտադիր չէ, որ վարչապետի հետևորդներ լինեն․ հնարավոր է, որ նրանք եկեղեցու հետ նախկինում ունեցած տարաձայնությունների կամ կոնկրետ հոգևորականների նկատմամբ ունեցած վերաբերմունքի պատճառով նման դիրքորոշում ունենան։Սակայն ընդհանուր պատկերն ակնհայտ է․ իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու շուրջ իրականացվող քայլերն ու ուղերձները չեն համընկնում հասարակության մեծամասնության ընկալումների հետ։ Հանրային կարծիքը շարունակում է կանգնել եկեղեցու ինստիտուցիոնալ հեղինակության և ավանդական դերի կողքին՝ անկախ քաղաքական կոնյունկտուրայից։

