Վրաց–ադրբեջանական հարաբերությունները՝ հայ–ռուսական սցենարով․ փակ խնդիրներից` բաց լարվածություն

Վրաց–ադրբեջանական հարաբերությունները՝ հայ–ռուսական սցենարով

Վրաստան–Ադրբեջան հարաբերությունները տարիներ շարունակ բնութագրվել են որպես ռազմավարական գործընկերություն։ Սակայն, ինչպես նշում է Օրբելի վերլուծական կենտրոնի Վրաստանի հարցերով փորձագետ Ջոննի Մելիքյանը, այդ հարաբերությունների խորքում մշտապես գոյություն են ունեցել խնդիրներ ու հակասություններ, որոնք երկար ժամանակ չեն բարձրաձայնվել և քննարկվել են փակ՝ դիվանագիտական ձևաչափով։

Նրա խոսքով՝ նման գործելաոճը բնորոշ է եղել տարբեր ժամանակահատվածների, այդ թվում՝ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության տարիներին․ խնդիրներ կային, սակայն դրանք չէին դառնում հանրային քննարկման թեմա։

Վրաստանը փոխեց արտաքին քաղաքականության տրամաբանությունը

Մելիքյանի խոսքով՝ Սահակաշվիլիի ժամանակաշրջանում, ըստ փորձագետի, անգամ ձևավորվում էին նոր ռազմաքաղաքական համագործակցության ուրվագծեր՝ Ադրբեջան–Թուրքիա–Վրաստան ձևաչափով։ Սակայն ներկայիս վրացական իշխանությունները այդ գաղափարից հրաժարվեցին, ինչը, Մելիքյանի խոսքով, Բաքվում չէր կարող միանշանակ դրական ընդունվել։

Ըստ փորձագետի՝ հատկապես «Վրացական երազանքի» իշխանության օրոք, որոշ խնդիրներ սկսեցին ավելի ակնհայտ դառնալ։ Փորձագետը նշում է, որ նախկինում նմանատիպ խնդիրներ առկա էին նաև հայ-ռուսական  երկկողմ հարաբերություններում, սակայն դրանք ևս երկար տարիներ լուծվում էին փակ դիվանագիտական մեխանիզմներով և հանրային դաշտ սկսեցին տեղափոխվել միայն վերջին տարիներին։ Նույն ճանապարհն այսօր անցնում են վրաց–ադրբեջանական հարաբերությունները։

Նա չի բացառում, որ ապագայում վրաց–ադրբեջանական հարաբերություններում բարդությունները կարող են խորանալ։

Տեղեկատվական և հիբրիդային ազդեցության փորձեր

Մելիքյանի խոսքով՝ թեև տնտեսական ու բիզնես խնդիրները բնական են ցանկացած երկրների կամ տնտեսվարողների միջև, Վրաստանով դեպի Հայաստան  նավթամթերքի մատակարարելու  հարցը դուրս է գալիս զուտ տնտեսական դաշտից և տեղափոխվում միջպետական մակարդակ։ Սա, ըստ նրա, ստեղծում է հիբրիդային ներգործության հնարավորություններ՝ միաժամանակ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներսում։

 Մասնավորապես շրջանառվում են նառատիվներ, ըստ որոնց «Ադրբեջանը ցանկացել է նավթամթերք մատակարարել Հայաստանին, սակայն Վրաստանը խոչընդոտել է այդ գործընթացը»։  Միաժամանակ շրջանառվում է նաև այլ վարկած՝ իբր ռուսական կողմի ճնշմամբ Վրաստանը բարձրացրել է տարանցման սակագները։ Փորձագետի համոզմամբ՝ այս նառատիվները տարբեր դերակատարների, այդ թվում՝ նաև Հայաստանի ներքաղաքական որոշ շրջանակների կողմից, օգտագործվում են Վրաստանի դեմ աշխատելու նպատակով։

Ապաշրջափակում՝ որպես այլընտրանքային հնարավորություն

Փորձագետն  ընդգծում է, որ նոր իրավիճակը կարող է ստեղծել նաև նոր հնարավորություններ։ «Եթե Ադրբեջանը դժգոհ է ստեղծված իրավիճակից, կարող է ակտիվացնել ընդհանուր ապաշրջափակման գործընթացը։ Մինչ այժմ Բաքվի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է եղել Սյունիքով միջանցք ստանալու վրա, մինչդեռ նախկինում քննարկվել է ընդհանուր ապաշրջափակման ավելի լայն փիլիսոփայություն», — նշեց նա

Եթե հնարավոր դառնա այլ ուղղություններով ապահովել բեռնատար ավտոմեքենաների մուտքն ու ելքը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով, տարածաշրջանը կարող է մի քանի քայլ առաջ գնալ, պնդում է Մելիքյանը։ 

Փորձագետի գնահատմամբ՝ ապաշրջափակման պարագայում Վրաստանի դերը տարածաշրջանում փոխվում է՝ նվազում։  Մելիքյանը հիշեցնում է, որ վրաց փորձագետները խոսում են տարեկան մինչև մեկ միլիոն տոննա բեռի հնարավոր կորստի մասին, սակայն ինքն այդ թիվը չափազանցված է համարում։ Նրա գնահատմամբ՝ ճիշտ սակագնային քաղաքականության և մրցակցային պայմանների դեպքում վրացական ընկերությունները կարող են ժամանակի ընթացքում վերականգնել իրենց դիրքերը։

Սակայն սա չի նշանակում, որ երկիրը կորցնում է իր նշանակությունը։ Ընդհակառակը՝ Թբիլիսին պետք է ավելի ակտիվ մրցակցային քաղաքականություն վարի, ստեղծի գրավիչ պայմաններ հայկական և այլ ընկերությունների համար, մասնավորապես՝ նավթամթերքի ներմուծման, Փոթի և Բաթումի նավահանգիստների օգտագործման հարցերում։

Առանձին կարևորություն ունի նաև Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագիծը։ Եթե այն իրագործվի առաջիկա 5–10 տարիներին, Վրաստանի ներսում կձևավորվի լուրջ մրցակցություն Փոթիի և Անակլիայի միջև, ինչը նոր հնարավորություններ կստեղծի նաև հայկական տնտեսական սուբյեկտների համար։

Հայաստանի և Վրաստանի պատասխանը Ադրբեջանի հավակնություններին 

 Մելիքյանը շեշտում է, որ այսօր Թբիլիսիում բավականին քննադատաբար են վերաբերվում Ադրբեջանի հնարավոր հեգեմոնացման գործընթացին։ Նրա խոսքով՝ 2020 թվականից հետո Ադրբեջանը փորձում է հանդես գալ տարածաշրջանային տերության դիրքերից, և ներկայիս զարգացումները նաև Վրաստանի վերաբերմունքի դրսևորում են Բաքվի այդ քաղաքականության նկատմամբ։

Այս համատեքստում, փորձագետի կարծիքով, Հայաստան–Վրաստան հարաբերություններում ևս կա լուրջ անելիք՝ Ադրբեջանի հեգեմոնիստական քաղաքականությանը որոշակի հակակշիռ ձևավորելու ուղղությամբ։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top