Նախընտրական ամբողջ մթնոլորտը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման հնարավորությունը հունիսին կայացած ընտրություններին։ Նման կարծիքի է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Նրա գնահատմամբ՝ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա երկիրը կանգնելու է պատերազմի վտանգի առաջ, դա արդեն իսկ խաթարեց ողջ գործընթացը։ Իրավապաշտպանի կարծիքով՝ նման հայտարարությունները քաղաքական քարոզչություն չեն, այլ ընտրողների վրա հոգեբանական ճնշում։«Ազատ ընտրությունները չեն կարող անցկացվել վախի մթնոլորտում։ Երբ քաղաքացիներին ներկայացվում է, որ իրենց ընտրությունից կախված է պատերազմի լինել-չլինելը, դա արդեն ազատ կամարտահայտման սկզբունքի խախտում է»,- նշել է նա։
Ալեքսանյանի խոսքով՝ քարոզարշավի ընթացքում իշխանությունները լայնորեն կիրառել են ճնշման տարբեր մեխանիզմներ՝ ձերբակալություններ, սպառնալիքներ և ատելության խոսք։ Նա առանձնացրել է Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթներում հնչած կոշտ ձևակերպումները՝ նշելով, որ դրանք նպաստել են հասարակության բևեռացմանը։ Առանձին անդրադարձ է կատարել նաև արցախցիների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններին՝ ընդգծելով, որ դրանք խորացրել են հասարակական լարվածությունը։
Բացի այդ Ալեքսանյանի կարծիքով՝ նախընտրական պայքարում բոլոր քաղաքական ուժերը հավասար պայմաններում չէին գտնվում։ Նա պնդել է, որ հարկապես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նկատմամբ իրականացվել են բազմաթիվ ճնշումներ, ձերբակալություններ և գործողություններ, որոնք, ըստ նրա, միտված էին խաթարելու կուսակցության բնականոն գործունեությունը։
Չնայաց հնարավոր ընտրակաշառքի դեպքերով հարուցված քրեական վարույթներով որևէ դատավճիռ չկար՝ իշխանությունները հասարակության մեջ նախապես ձևավորել են մեղավորության ընկալում՝ անտեսելով անմեղության կանխավարկածը։ «Մարդիկ դեռ դատարանի կողմից մեղավոր չեն ճանաչվել, սակայն արդեն ներկայացվում են որպես հանցագործներ։ Սա հակասում է իրավական պետության հիմնարար սկզբունքներին»,- նշել է նա։ Ալեքսանյանի խոսքով՝ ընտրաևշավի ժամանակ իշխանությունները նախ հանրային հայտարարություններով կանխորոշում էին քրեական գործերի արդյունքը, ապա միայն գործի են անցնում իրավապահ մարմինները։
Որպես օրինակ նա հիշեցրել է Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել էր, որ հաջորդ օրը Ազգային անվտանգության ծառայությունը կձերբակալի պետական դավաճանության մեջ մեղադրվող անձի։ «Եթե երկրի ղեկավարը նախապես հայտարարում է, թե ինչ է անելու իրավապահ մարմինը, բնականաբար, հարց է առաջանում այդ մարմինների անկախության վերաբերյալ»,- եզրափակել է իրավապաշտպանը։

