Վերջին շրջանում Հայաստանում ակտիվորեն քննարկվում է ապագայում փոքր հզորության կամ մոդուլային ատոմակայաններ (SMR) ունենալու տարբերակը: Ինչո՞վ են դրանք տարբերվում ավանդական խոշոր ատոմակայաններից, ի՞նչ առավելություններ ունեն և ինչո՞ւ են որոշ մասնագետներ վերապահումով վերաբերվում այս նորագույն տեխնոլոգիային: Այս հարցերի շուրջ իր մասնագիտական կարծիքը ներկայացրեց էներգետիկ փորձագետ Աստղինե Պասոյանը:
Ինչո՞ւ է Հայաստանին անհրաժեշտ «փոքր» լուծում
Պասոյանը հիշեցրեց, որ Մեծամորի գործող ատոմակայանի ռեակտորն ունի 400 մեգավատ հզորություն, և այսօր աշխարհում նման մասշտաբի ռեակտորներ սերիական արտադրության մեջ այլևս չկան, բայց նույնիսկ դրանք համարվում են բավականին փոքր: Փորձագետի պարզաբանմամբ՝ երբ 2036-2040 թվականների շրջակայքում գա Մեծամորի կայանը փոխարինելու ժամանակը, Հայաստանի համար տրամաբանական կլինի ունենալ հնարավորինս փոքր ռեակտոր: «Բանն այն է, որ եթե այսօր ցանկանանք նոր ռուսական ավանդական ռեակտոր տեղադրել, ապա 400 մեգավատանոց տարբերակն այլևս հասանելի չէ, իսկ շուկայում առկա 1000 մեգավատանոց հզորությունը Հայաստանի համար չափազանց մեծ է», — նշեց նա:
Պասոյանն ընդգծում է, որ Հայստանի ներկայիս տնտեսության ֆիքսված աճ և էլեկտրաէներգիայի շեշտակի սպառման աճ չի գրանցում, հետևաբար՝ 2.5 անգամ ավելի մեծ ռեակտոր տեղադրելու դեպքում կունենանք գերարտադրություն, որի սպառումը երկրի ներսում պարզապես հնարավոր չի լինի ապահովել: Բացի այդ, ըստ փորձագետի, նման մեծ կայանի կառուցումը պահանջում է հսկայական ներդրումներ՝ մոտ 4.6-ից մինչև 6 միլիարդ դոլար: Նման հսկայական բեռը Հայաստանին արտաքին պարտքի տեսանկյունից կարող է դատապարտել առաջիկա 50 տարում այլևս ոչ մի բանի վրա ներդրում չանելուն, ինչն էլ ավելի է հիմնավորում փոքր հզորություններին անցնելու անհրաժեշտությունը։
Մոդուլային ռեակտորների առավելությունները
Պասոյանը նշում է, որ փոքր և միկրոռեակտորները կարող են սկսել ընդամենը 15-30 մեգավատից և հասնել մինչև 150-300 մեգավատի՝ ունենալով մի շարք էական առավելություններ: Նախ, դրանք ներդրումների տեսանկյունից մեծ ճկունություն են տալիս, քանի որ միանգամից միլիարդավոր դոլարների վարկեր վերցնելու փոխարեն՝ հնարավոր է սկսել փոքր հզորությունից և ըստ երկրի վճարունակության ու պահանջարկի հետզհետե ավելացնել նոր մոդուլներ:
Որպես հաջորդ կարևոր առավելություն՝ փորձագետը մատնանշում է արտադրության ապակենտրոնացումն ու տեղաբաշխումը: Նա հիշեցնում է, որ Խորհրդային միության էներգետիկ համակարգը խիստ կենտրոնացված էր, ինչի պատճառով բարձրավոլտ ցանցերով հոսանքը տեղ հասցնելիս ճանապարհին կորչում է 8-12% էլեկտրաէներգիա:
Մոդուլային ռեակտորները կարելի է տեղադրել սպառողներին ավելի մոտ՝ ապահովելով նույնիսկ առանձին փոքր համայնքների էներգամատակարարումը և նվազեցնելով ցանցային կորուստները: Ինչ վերաբերում է անվտանգությանը, Պասոյանը հայտնում է, որ մասնագետներն այսօր ծիծաղելի են համարում ատոմային էներգիայից վախենալը, քանի որ այն ամենահուսալի տեխնոլոգիաներից է, իսկ Ֆուկուսիմայի վթարից հետո խստացված կանոնների շնորհիվ փոքր ռեակտորների դեպքում խոշոր պատահարների հավանականությունն էլ ավելի չնչին է դարձել:
Որո՞նք են հիմնական թերություններն ու ռիսկերը
Չնայած գրավիչ կողմերին, Պասոյանը կոչ է անում չանտեսել այս տեխնոլոգիայի հետ կապված լուրջ վերապահումները: Նրա փաստմամբ՝ այս տեխնոլոգիան փաստացի փորձարկված չէ քաղաքացիական դաշտում, և ցամաքի վրա տեղադրված ընդամենը երկու նմանատիպ ռեակտոր կա ամբողջ աշխարհում: Փոքր ռեակտորների կիրառման հիմնական փորձը տասնամյակներ շարունակ եղել է ատոմային սուզանավերում, որտեղ տեխնոլոգիաները կառուցվել են գաղտնի պայմաններում, և դրանց շահագործման ու արդյունավետության մասին հրապարակված տվյալներ գրեթե չկան:
Փորձագետը շեշտում է, որ ի տարբերություն ռուսական ռեակտորների, որոնք ունեն շուրջ 70 տարվա կիրառման պատմություն և որոնց հետ աշխատելու մեծ ավանդույթ ու մասնագիտական բանակ ունի Հայաստանը, մոդուլային կայան ընտրելով՝ մենք պետք է հասկանանք ու ընդունենք, որ «մասնակցում ենք էքսպերիմենտի»: Ըստ նրա՝ սա մեծ թերություն է, քանի որ Հայաստանը չափազանց փոքր երկիր է և սխալվելու իրավունք պարզապես չունի: Բացի այդ, Պասոյանը հավելում է, որ եթե որոշենք փորձել և պատվիրել ընդամենը մեկ փոքրիկ ռեակտոր, այն կարող է արժենալ շուրջ 1.5 միլիարդ դոլար, ինչը չափազանց թանկ է դարձնում դրա արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը:
Արտադրողների «որսը» և շուկայական մարկետինգը
Անդրադառնալով միջազգային զարգացումներին՝ Պասոյանը բացատրում է, որ այսօր SMR արտադրել ցանկացող երկրները, ինչպիսիք են օրինակ՝ ԱՄՆ, ակտիվորեն «որս» են իրականացնում համաշխարհային շուկայում: Նրա բնորոշմամբ՝ այն ակտիվ դիվանագիտությունն ու «սիրահետումը», որը մենք տեսնում ենք Հայաստանի հանդեպ, զուտ շուկայական հնարք է և մարկետինգ, որով արտադրողները փորձում են գրավել մեր հետաքրքրությունը:
Փորձագետի խոսքով՝ արտադրող կողմին ձեռնտու չէ գործարանը զրոյից գործարկել ընդամենը մեկ ռեակտոր կառուցելու համար, դրա համար նրանք փորձում են ձևավորել պատվերների հնարավորինս մեծ խմբաքանակ տարբեր երկրներից: Երբ միանգամից լինի 10-15 փոքր ռեակտորի պատվեր, արտադրությունը կմոտենա սերիականին, ինչի արդյունքում դրանց ինքնարժեքը կտրուկ կիջնի և կդառնա խելամիտ: Աստղինե Պասոյանը եզրափակում է, որ եթե այդ համաշխարհային պատվերների խմբաքանակը ձևավորվի, և Հայաստանը «նստի այդ ընդհանուր ավտոբուսը», ապա փոքր ռեակտորը մեզ համար ֆինանսապես շատ ավելի մատչելի կլինի, սակայն մինչ այդ անհրաժեշտ է հստակ գնահատել քաղաքացիական անփորձության հետ կապված բոլոր ռիսկերը:

