Մերձավոր Արևելքում շղթայական էսկալացիայի ռիսկ կա

Մերձավորարևելյան տարածաշրջանում լարվածության նոր ալիքը և ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս գլոբալ և տարածաշրջանային անվտանգության համատեքստում: Ստեղծված իրավիճակին, դրա պատճառներին ու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին  անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

ԱՄՆ-Իրան բախումը և ձևական հրադադարը

Անդրադառնալով վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Իրանի ծովափնյա շրջանների ռազմական օբյեկտներին ամերիկյան զինուժի հասցրած հարվածներին և կողմերի ռազմաշունչ հայտարարություններին, Զաքարյանը հիշեցնում է, որ դեռևս շաբաթներ առաջ է կանխատեսել այս սցենարը: Ըստ նրա՝ չնայած ԱՄՆ-Իրան ստորագրված հուշագրին և հայտարարված 60-օրյա հրադադարին, Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն փնտրելն իրատեսական չէ:

«ԱՄՆ-ն՝ որպես գերտերություն, չի ցանկանա նահանջել այս տարածաշրջանում ունեցած իր ռազմավարական նպատակներից ու ծրագրված գլոբալ մտահաղացումից: Ի վերջո, հո Իսրայելի “սիրուն աչքերի համար” չի՞ հարվածում ԱՄՆ-ը»,- նշում է Զաքարյանը՝ հավելելով, որ այս փուլում համընկել են ոչ միայն ԱՄՆ-ի ու Իսրայելի, այլև Պարսից ծոցի այլ երկրների շահերը:

Միևնույն ժամանակ, Զաքարյանն ընդգծում է, որ Իրանը՝ որպես հազարամյա պետականության ավանդույթներով օժտված ազդեցիկ դերակատար, չի նահանջելու իր կարմիր գծերից, իսկ Իսրայելն իր հերթին շարունակում է լոբբիստական ճնշումները՝ Իրանի միջուկային ծրագիրը կանգնեցնելու համար: Արդյունքում, ըստ բանախոսի, ընթանում են պատերազմավտանգ «բանակցություններ»:

Շղթայական ռեակցիա և գլոբալ հակամարտության շունչը

Պաշտպանական գերատեսչության նախկին բարձրաստիճան պաշտոնյան հորդորում է իրավիճակին նայել ավելի լայն՝ գլոբալ համատեքստում: Նա մատնանշում է, որ ՌԴ-ՆԱՏՕ բաց պատերազմի շունչն արդեն զգալի է եվրոպական տարածաշրջանում, ինչի վկայությունն են նաև Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքները:

Զաքարյանի կանխատեսմամբ՝ չի բացառվում, որ մերձավորարևելյան ռազմական զարգացումները շղթայական ռեակցիայով հանգեցնեն ավելի լայն էսկալացիայի, և այս իրավիճակում ոչինչ բացառել չի կարելի: Որպես օրինակ նա հիշեցնում է, որ տարիներ առաջ ոչ ոք չէր հավատա Արցախի ամբողջական հայաթափմանը կամ ռուս-ուկրաինական տևական ու մասշտաբային պատերազմին, որն արդեն չորսուկես տարի է՝ շարունակվում է և կարող է վերածվել ավելի մեծ բախման:

Ո՞րն է լինելու Հայաստանի անելիքը

Ամենամտահոգիչ հարցադրումը, որն առաջ է քաշում Զաքարյանը, վերաբերում է Հայաստանի անվտանգությանը և չեզոքության պահպանմանը, հատկապես, երբ նշված տարածաշրջաններում առկա են հայկական մեծ համայնքներ:

«Ո՞րն է լինելու Հայաստանի անելիքը, ո՞վ է լինելու մեր երկրի անվտանգության ու չներքաշվող չեզոքության երաշխավորը: Եվրոպա՞ն, Ռուսաստա՞նը, ԱՄՆ-ը՞, Թուրքիա՞ն, Ադրբեջա՞նը թե՞ սեփական հասարակությունն անվերջ պառակտող ու ներքին “թշնամու” կերպարներ հորինող Փաշինյանը»,- եզրափակեց նա:


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top