Արդարության վերականգնո՞ւմ, թե՞ հարված բիզնես միջավայրին. կառավարությունը գնում է կտրուկ քայլերի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց․ «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող այլ ձեռնարկություններում արտաքին կառավարում մտցնելու մասին։ Կառավարության ղեկավարն ուղիղ տեքստով ընդունեց է սպառնալիքների լեզվով խոսելու փաստը՝ դա հիմնավորելով «հանրային արդարության» և «գողացվածը վերադարձնելու» «ժողովրդի պահանջով»։

Մինչդեռ Ծառուկյանին պատկանող ավելի քան 70 օբյեկտների կապարակնքումն ու խոշորագույն ձեռնարկությունների կանգը լրջագույն մտահոգություններ են առաջացնում տնտեսական դաշտում։ Հազարավոր աշխատակիցների սոցիալական անորոշության և սեփականության իրավունքի նկատմամբ կոշտ ճնշումների ֆոնին, տնտեսագիտական հանրույթն ահազանգում է հնարավոր աղետալի հետևանքների մասին։ Որքանո՞վ է արդարացված պետության նման կտրուկ միջամտությունը, և ի՞նչ հետևանքներ կունենա այս ամենը երկրի ներդրումային միջավայրի ու տնտեսական կայունության համար։

Տնտեսական շղթայի խաթարում և միլիարդավոր դրամների վնաս

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, գնահատելով ստեղծված իրավիճակն ու ռիսկերը, նախևառաջ ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, թե որքանով է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գործունեությունը փոխկապակցված երկրի տնտեսության առանձին բնագավառների հետ։ Որպես առաջնային օրինակ նա նշում է ցեմենտի արտադրությունը և դրա հետ անմիջականորեն կապված շինարարական հսկայական ինդուստրիան։

Հատկանշական է, որ ճնշումների մեկնարկից անմիջապես հետո՝ արդեն իսկ օրվա երկրորդ կեսից, «Արարատցեմենտ» գործարանի աշխատանքը կրկին թույլատրվել է։ Ըստ տնտեսագետի՝ սա խոսում է կառավարման համակարգում տիրող քաոսի և անհետևողականության մասին. «Փաստորեն մենք ունենք այդ գործունեությունը խաթարող մեկ պաշտոնատար անձ, և ունենք մեկ այլ պաշտոնատար անձ, որը ընդամենը մեկ օր անց հասկացել է, որ սա անելու բան չէ, և սա ուղղակի հարված է տնտեսությանը»։ Կամենդատյանի ձևակերպմամբ՝ վերջիվերջո գտնվել են «խելացիներ», որոնք բացատրել են որոշում կայացնողներին, որ չի կարելի տնտեսությանը մոտ գալ նման անգրագետ միտումներով և ամեն ինչ կապարակնքելու մոլուցքով։

Տնտեսությանը հասցված վնասները պատկերացնելու համար փորձագետը կոչ է անում խոսել չոր թվերով։ «Մուլտի Գրուպի» մեջ մտնող ձեռնարկությունները մշտապես ներառված են Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում։ Միայն «Արարատցեմենտ» գործարանը նախորդ տարի պետական բյուջե է ապահովել մոտ 6 միլիարդ դրամի հարկային մուտքեր։ Իսկ եթե դիտարկենք կոնցեռնի մնացած բոլոր փոխկապակցված տնտեսական սեգմենտներն ու ձեռնարկությունները միասնական, ապա դրանց տարեկան հարկային մուտքերի ծավալը պետական բյուջե կազմում է 17-ից մինչև 19 միլիարդ դրամ։

Ո՞վ է վճարելու սխալների գինը

Կամենդատյանն ընդգծում է, որ տնտեսական կամ իրավական վեճերի պարագայում, լոկ կասկածների կամ ինչ-որ միտումների պատճառով ձեռնարկություններ փակելը ամենավատ և անտրամաբանական քայլն է։ Այս մոտեցումը հղի է ծանրագույն հետևանքներով պետության համար։ 

Աիս գործողությունների հետևանքով հազարավոր աշխատակիցներ կանգնում են անորոշության առջև, հարցականի տակ է դրվում նրանց աշխատավարձերի և սոցիալական վճարների ապահովումը։ Բացի դրանից դադարում են ուղիղ եկամտահարկերի և այլ հարկերի վճարումները պետական բյուջե։ Տնտեսագետը  ուշադրությունը հրավիրեց նաև «Արարատցեմենտի» տեխնոլոգիական առանձնահատկությունների վրա։ Ըստ նրա գործարանում կա հատուկ վառարան, որը պետք է անդադար աշխատի, որպեսզի հումքը չսառչի և չկպչի դրա պատերին։ Նման հսկայական ռոտացիոն գլանների կանգնեցումը, պնդեց փորձագետը, ձեռնարկությանը հասցնում է հսկայական տեխնիկական և նյութական վնասներ։

Ամենաառանցքային խնդիրն այստեղ իրավական և ֆինանսական պատասխանատվությունն է։ Ձեռնարկության իրավական թիմը կարող է և անշուշտ կմտնի դատարան։ «Բնականաբար, դատարանով հասցված հսկայական վնասը պետք է փոխհատուցվի։ Բայց խնդիրն այն է, որ այդ վնասը վճարելու են ոչ թե այն կոնկրետ անհատները, ովքեր կատարել են այդ ապօրինի գործողությունները, այլ պետական բյուջեն»,- ահազանգում է Կամենդատյանը։ Նա շեշտում է, որ հանրությանը պետք է հստակ բացատրել՝ իշխանությունների իրականացրած այս ոչ տրամաբանական, «վրեժխնդրության օպերացիաների» ողջ ծախսն ու գինը վերջում վճարելու են սովորական հարկատուները՝ իրենց գրպանից։

Իրավական նախադեպի վտանգները

Եթե տնտեսական դաշտում հարվածի առաջին ալիքը չափվում է միլիարդավոր դրամների կորուստներով, ապա դրա հիմքում ընկած իրավաքաղաքական գործընթացները փաստում են երկրում խաղի կանոնների արմատական փոփոխության մասին։ Տնտեսագետ Վահե Դավթյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ «Արարատցեմենտ» գործարանի ազգայնացման և այնտեղ ժամանակավոր կառավարիչ նշանակելու իշխանությունների մտադրությունը նոր չէ. գործընթացի սկիզբը դրվել էր դեռևս մայիսին։ Իսկ արդեն հունիսին Գլխավոր դատախազությունը դիմեց դատարան՝ վիճարկելով տասնամյակներ առաջ տեղի ունեցած մասնավորեցման օրինականությունը։

Սակայն փորձագետը կոչ է անում անտեսել քաղաքական այն ֆոնը, որն ուղեկցում է այս գործընթացին։ Վարչապետի աղմկահարույց հայտարարությունից ընդամենը երկու օր առաջ դատարանը կալանավորեց «Արարատցեմենտի» սեփականատեր, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Չնայած քննությունը նրան մեղադրում է առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման մեջ, Ծառուկյանը կտրականապես հերքում է մեղադրանքները՝ դրանք որակելով որպես բացառապես քաղաքականապես մոտիվացված հետապնդում։

Վահե Դավթյանը հիշեցնում է, որ խոսքը ոչ թե հասարակ մի օբյեկտի, այլ երկրի առանցքային արդյունաբերական հսկաներից մեկի մասին է։ Դեռևս 1927 թվականին հիմնադրված «Արարատցեմենտը» Հայաստանում պորտլանդցեմենտ արտադրող երկու ընկերություններից մեկն է։ 2002 թվականին պետական սեփականություն հանդիսացող գործարանը մասնավորեցվեց և ընդգրկվեց «Մուլտի Գրուպի» կազմում։ Անցած ավելի քան քսան տարիների ընթացքում ձեռնարկությունն անցել է լայնածավալ արդիականացման փուլ. ներդրվել են հսկայական միջոցներ, թարմացվել են արտադրական հզորությունները, ներդրվել են ժամանակակից տեխնոլոգիաներ և որակի միջազգային ստանդարտներ։ Այսօր այն հանդիսանում է Հայաստանի շինարարական հատվածի և ռազմավարական ենթակառուցվածքային նախագծերի ցեմենտի հիմնական սնուցող երակը։

Ինստիտուցիոնալ անկայունություն. Տնտեսության ազատականացման վերջը

Ավելի քան երկու տասնամյակ անց մասնավորեցման արդյունքների վերանայումը, ըստ տնտեսագետի, հարվածում է երկրի տնտեսության ամենազգայուն կետին՝ մասնավոր սեփականության պաշտպանվածությանը և ինստիտուցիոնալ միջավայրի կայունությանը։ Նույնիսկ եթե պետությունը փորձում է ձևականորեն գործել օրենքի շրջանակներում, նմանատիպ նախադեպերը կործանարար ազդեցություն են ունենում երկրի ներդրումային մթնոլորտի վրա։

Դավթյանն ընդգծում է, որ խոշոր արդյունաբերական ակտիվների նկատմամբ պետական վերահսկողության այսպիսի ընդլայնումը բացահայտորեն հակասում է հենց Երևանի կողմից հռչակված՝ տնտեսության ազատականացման կուրսին։ Այն զրոյացնում է շուկայական կանոնների կանխատեսելիությունը։ Արդյունքում, Հայաստանում նոր նախագծեր իրականացնելիս թե՛ օտարերկրյա, և թե՛ տեղական ներդրողների շրջանում կտրուկ կուժեղանա զգուշավորությունն ու անվստահությունը, ինչը կարող է տևական ժամանակով կաթվածահար անել խոշոր կապիտալի հոսքը դեպի երկրի տնտեսություն։


👉 https://vectors.am/category/orensdrutyun/

Scroll to Top