Էներգետիկ անվտանգության հարցը Հայաստանում վաղուց դուրս է եկել զուտ տեսական քննարկումների տիրույթից։ Ռուսական կողմից հնարավոր սահմանափակումների մասին խոսակցությունները, տարածաշրջանային անկայունությունն ու էներգակիրների համաշխարհային շուկայի տատանումները հուշեւմ են. մեր կախվածությունը ներմուծվող վառելիքից սպառնում է երկրի բնականոն կենսագործունեությանը։
Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն, էներգետիկ փորձագետ Աստղինե Պասոյանի փոխանցմամբ՝ Հայաստանը հայտվել է պարադոքսալ իրավիճակում, երբ սեփական էներգետիկ կախվածությունը թուլացնելու ցանկացած փորձ կարող է տնտեսական հարվածի վերածվել երկրի համար։ Ըստ նրա՝ եթե Հայաստանը էներգաարդյունավետության կամ այլընտրանքային աղբյուրների հաշվին նվազեցնի ռուսական գազի սպառումը, հաջորդ իրավական ու տրամաբանական քայլը լինելու է սահմանին գազի գնի կտրուկ բարձրացումը՝ ընդհուպ մինչև եվրոպական մակարդակ։ Ռուսաստանի հետ գազի մատակարարման պայմանագրում կա հստակ հոդված, որը սահմանում է՝ եթե Հայաստանի կողմից սպառման ծավալը կոնկրետ նշագծից ներքև իջնի, մատակարարող կողմն իրեն իրավունք է վերապահում չեղարկել գործող արտոնյալ սակագինը։
Այսօր Հայաստանն ունի գազիֆիկացման ռեկորդային բարձր մակարդակ՝ բնակչության շուրջ 93 տոկոսը միացված է կենտրոնական գազատարին։ Սակայն, ինչպես նշում է փորձագետը, հենց այս համատարած գազիֆիկացման մեջ է թաքնված մեր հիմնական խոցելիությունը։
Ինչո՞ւ է ռուսական գազը շարունակում մնալ համակարգի առանցքը
Պասոյանը շեշտում է, որ որպեսզի գազը դառնար մեր տնտեսության առանցքային հենասյունը, տասնամյակներ շարունակ տարվել է նպատակաուղղված աշխատանք, և այսօր հայկական սահմանին վաճառվող գազը գրեթե երեքից չորս անգամ ավելի էժան է, քան այն գինը, որով ձեռք են բերում եվրոպական մի շարք պետություններ։ Հենց այդ էժանությունն էլ գազը դարձրել է անփոխարինելի այլընտրանք, օրինակ՝ տրանսպորտի ոլորտում, որտեղ մեքենաների շուրջ 73 տոկոսն աշխատում է սեղմված կամ հեղուկ գազով։
Հաջորդ կարևոր բաղադրիչը ջեռուցումն է։ Պասոյանը հիշեցրեց, որ 90-ականներին կենտրոնացված ջեռուցման համակարգի փլուզումից հետո մարդիկ սկսեցին լոկալ լուծումներ փնտրել, սակայն էլեկտրական ջեռուցիչների պատճառով ենթակայանները գերբեռնվածությունից անընդհատ վթարվում էին։ Այդ իրավիճակում շատ արագ և ապակենտրոնացված ձևով զարգացավ գազով ջեռուցումը։
Այսօր նույնիսկ մարզերում և սահմանամերձ գյուղերում գազը հանդիսանում է եթե ոչ առաջնային, ապա գոնե երկրորդ ջեռուցման տարբերակը։ Եթե անգամ ֆինանսական սղության պատճառով նախապատվությունը տրվում է վառելափայտին, գազի հնարավորությունն օգտագործում են կոմֆորտի և առանձին սենյակներ տաքացնելու համար։ Պասոյանի վերլուծությամբ՝ նույն պատկերն է նաև թեթև արդյունաբերության մեջ, քանի որ գործարանների օգտագործած գազի շուրջ 60 տոկոսը դարձյալ ուղղվում է տարածքների ջեռուցմանը և տաք ջրի պատրաստմանը, այլ ոչ թե արտադրական պրոցեսներին։
Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը պայմանականորեն բաժանված է երեք հավասար մասերի, որոնցից առաջին մեկ երրորդը նույնպես ունի գազային բաղադրիչ ՝ Երևանի և Հրազդանի ջերմաէլեկտրակայանների շնորհիվ, ինչը նշանակում է, որ գազի մատակարարման ցանկացած խափանում ավտոմատ հարվածում է նաև հոսանքի արտադրությանը։
Երկրորդ բաղադրիչը միջուկայինն է՝ ի դեմս Հայկական ատոմակայանի։ Թեև միջուկային էներգիան ստաբիլ է, այստեղ էլ կա կախվածություն, քանի որ Հայաստանը միջուկային վառելիքը նույնպես ստանում է Ռուսաստանից։ Բացի այդ, ատոմակայանն ունի տեխնիկական առանձնահատկություն. այն տարեկան կտրվածքով որոշակի ժամանակաշրջանում՝ մեկուկեսից մինչև երեք ամիս, կանգնում է պլանային վերալիցքավորման և նորոգման։
Երրորդ մասնաբաժինը պատկանում է հիդրոէներգետիկային, որը մեր սեփական, ներքին ռեսուրսն է և արտադրվում է Որոտանի ու Սևան-Հրազդանի կասկադների, ինչպես նաև շուրջ 190 փոքր ՀԷԿ-երի միջոցով։ Սակայն այս ոլորտն ունի ընդգծված սեզոնայնություն։ Պասոյանը պարզաբանում է, որ եթե պայմանական վերցնենք 24 ժամ, մեկ երրորդ ապահովվածությունը չի նշանակում, որ օրվա մեջ 8 ժամը պարտադիր հոսանք կունենանք։ ՀԷԿ-երը ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրում են գարնանը՝ ձհալքի ժամանակ, իսկ ամռանը, երբ տեղումներ չկան և գետերը ցամաքած են, արտադրությունը կտրուկ նվազում է։ Այսպիսով, գազի բաղադրիչն ունի անմիջական և ամենաբարձր խոցելիությունը, իսկ միջուկայինը՝ միջնորդավորված՝ ըստ վառելիքի մատակարարման ցիկլերի։
Էլեկտրականացման ռազմավարության պատնեշը
Այս իրավիճակը փոխելու նպատակով 2021 թվականին մշակված Հայաստանի էներգետիկ ռազմավարությունը պետության առջև խնդիր է դնում մաքսիմալ անցում կատարել էլեկտրականության թե՛ տրանսպորտում և թե՛ ջեռուցման համակարգերում։ Սա ունի երկու գերնպատակ՝ էկոլոգիական, որը կօգնի նվազեցնել վնասակար արտանետումների հետագիծը, և ռազմավարական, որը կմեղմի ներմուծվող գազից մեր ունեցած կախվածությունը։
Սակայն Պասոյանը ցավով արձանագրում է, որ սա անելը չափազանց դժվար է, երբ տնտեսական պարզ թվաբանությունը չի սատարում այդ ընթացքին։ Տնտեսական առումով էլեկտրական ջեռուցումը շարունակում է մնալ շատ ավելի թանկ, քան գազով ջեռուցումը։ Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ մարդիկ կամ կազմակերպություններն ունեն սեփական արևային համակարգեր, ինչի շնորհիվ էլեկտրաէներգիայի ծախսը փաստացի հասցվում է զրոյի։
Իրանական գազի գործոնը և պայմանագրային սահմանափակումները
Երբ խոսվում է ռուսական գազի այլընտրանքի մասին, առաջնային քննարկվում է իրանական տարբերակը, սակայն այսօր Հայաստան մտնող գազի ընդամենը 12-ից 13 տոկոսն է գալիս Իրանից՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքով։ Դրա հիմնական պատճառը խողովակաշարի տրամագծի տեխնիկական սահմանափակումն է։ Պասոյանը հիշեցնում է, որ խողովակաշարի տրամագիծն ու ներմուծվող գազի քանակությունը եղել են ռուսական կողմի ուղիղ ազդեցության և ճնշման տակ, որպեսզի իրանական գազը հանկարծակի վճռորոշ դեր չստանձնի հայկական շուկայում։
Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ ցանկացած շուկայում գործում է մանրածախ ու մեծածախ տրամաբանությունը, և ծավալների կտրուկ անկման դեպքում գնի բարձրացումն ավտոմատ է լինելու, ինչն էլ հենց ֆիքսված է ռուսական կողմի հետ պայմանագրում։
Կան նաև այլ լուրջ գործոններ։ Իրանական գազի կալորիականությունն ավելի ցածր է. ռուսական գազի մոտ 8200-8400 կիլոկալորիայի դիմաց իրանականն ապահովում է 7900 կիլոկալորիա, ինչը որակական տարբերության պատճառով կարող է հանգեցնել մոտ 5 տոկոսի կորստի, քանի որ նույն ջերմությունը ստանալու համար ավելի շատ ծավալ պիտի այրվի։ Միաժամանակ, Իրանի ներքին շուկայում գազի արդյունահանումն ու սպառումը կազմակերպված են խիստ անարդյունավետ։ Ըստ հաշվարկների՝ այսպիսի անխնա օգտագործման պարագայում Իրանի գազի պաշարները կարող են ընդամենը 40 տարվա ընթացքում ավարտվել, ինչը նշանակում է, որ նրանց արտահանման հնարավորությունները նույնպես անսահմանափակ չեն։
Ի դեպ, Պասոյանը նկատում է, որ նույն միտումը առկա է նաև Ռուսաստանում, որտեղ ներքին էժանության պատճառով ռեսուրսը վատնվում է մեծ տեմպերով, և ռուսական ներքին հետազոտությունների համաձայն՝ քարտեզագրված ռեսուրսների պաշարները նույնպես կարող են սպառվել մինչև 2070-2075 թվականները։ «Անկախ նրանից, որ մատակարար երկրի մասին ենք խոսում, գազը ՝ հանածո վառելիք է, սահմանափակ է և չի վերարտադրվում, պաշարները չեն լրացվում։ Սա նշանակում է, որ դա մեր համար էլ ուղենիշ պիտի լինի, որովհետև իրականում մենք կապում ենք մեր ճակատագիրը մի ռեսուրսի հետ, որը անսպառ չի», — եզրափակեց փերձագետը:

