Ընտրություններին չմասնակցելը գործնականում նպաստում է այն քաղաքական ուժերին, որոնք արդեն իսկ ունեն ամենամեծ աջակցությունը։ Սովորաբար դա իշխող ուժն է լինում։ Այս մասին նշեց սոցիոլոգ Արմեն Խաչիկյանը՝ հավելելով, որ բոյկոտը սխալ լուծում է։ Նրա գնահատմամբ՝ ընտրական բոյկոտը ոչ թե թուլացնում է իշխանության դիրքերը, այլ հակառակը՝ մեծացնում է գործող իշխանությունների հարաբերական կշիռը և հնարավորություն տալիս ավելի մեծ ներկայացվածություն ստանալ։ Խաչիկյանի խոսքով՝ եթե իշխող ուժն ունի, օրինակ, 30 տոկոս աջակցություն, ապա ընտրություններին մասնակցության մակարդակն էական ազդեցություն է ունենում վերջնական արդյունքի վրա։ Եթե ընտրություններին մասնակցի ընտրողների 100 տոկոսը, այդ ուժը կստանա իր իրական 30 տոկոսը, սակայն եթե մասնակցությունը նվազի մինչև 60 տոկոս, նույն աջակցությունն ունեցող ուժը ավելի բարձր արդյունք կարձանագրի։ Այդ պատճառով, նրա համոզմամբ, ընտրություններին չմասնակցող քաղաքացիները փաստացիորեն նպաստում են այն ուժի հաջողությանը, որն արդեն իսկ առավել մեծ աջակցություն ունի։ Միաժամանակ սոցիոլոգը կարևոր տարբերակում է կատարում քաղաքական հետաքրքրվածության և ընտրական ակտիվության միջև։ Նրա խոսքով՝ հասարակությունում կարող է առկա լինել քաղաքական տեղեկատվության շատ բարձր սպառում, սակայն դա ինքնին դեռևս չի նշանակում, որ մարդիկ անպայման մասնակցելու են ընտրություններին։ «Մարդիկ կարող են ակտիվորեն հետևել քաղաքական գործընթացներին, քննարկել դրանք, ձևավորել հանրային դիսկուրս, սակայն այդ ամենը կարող է և չվերածվի ընտրական մասնակցության»,- նշում է նա։ Խաչիկյանի դիտարկմամբ՝ Հայաստանում հատկապես տարեց քաղաքացիներն են աչքի ընկնում ինչպես քաղաքական տեղեկատվության ակտիվ սպառմամբ, այնպես էլ ընտրություններին մասնակցությամբ։ Մինչդեռ երիտասարդներն ու Երևանում բնակվող քաղաքացիները հաճախ քաղաքական թեմաներով հետաքրքրված են, հետևում են տեղեկատվությանը, սակայն ընտրություններին մասնակցելու առումով ավելի պասիվ են։ Սոցիոլոգը նաև անդրադառնում է ընտրական պասիվության հիմնական պատճառներին։ Նրա ներկայացմամբ՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ ընտրողներին ընտրատեղամասերից հեռու պահող գլխավոր գործոնը ընտրությունների նկատմամբ անվստահությունն է։ Շատ քաղաքացիներ չեն համարում, որ իրենց քվեն կարող է որևէ բան փոխել կամ ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Բացի այդ, որոշ քաղաքացիներ համոզված են, որ քաղաքական դաշտում իրենց նախընտրություններին համապատասխանող ուժ գոյություն չունի։ Խաչիկյանը հիշեցնում է, որ Հայաստանում գրանցված են ավելի քան հարյուր կուսակցություններ, իսկ ներկայիս ընտրական գործընթացում մասնակցում են 18 քաղաքական ուժեր, սակայն նույնիսկ այս պայմաններում հասարակության զգալի հատվածը շարունակում է պնդել, որ չունի իրեն ներկայացնող քաղաքական ուժ։ Նրա կարծիքով՝ խնդիրը հաճախ ոչ թե առաջարկի բացակայությունն է, այլ ընտրողների չափազանց բարձր սպասելիքները։ Սոցիոլոգը սա անվանում է քաղաքական «պերֆեկցիոնիզմ»։ «Շատերը պատկերացնում են, որ քաղաքականության մեջ պետք է գոյություն ունենա իրենց սրտի իդեալական քաղաքական ուժը, մինչդեռ իրական կյանքում նման բան գրեթե չի լինում։ Ցանկացած ընտրության դեպքում մարդը ընտրում է ոչ թե կատարյալ տարբերակը, այլ այն տարբերակը, որը տվյալ պահին առավել ընդունելի է»,- նշում է նա։ Սոցիոլոգը մտահոգիչ է համարում նաև ընտրական մասնակցության նվազման միտումը։ Նրա տվյալներով՝ 2018 և 2021 թվականների համապետական ընտրություններում մասնակցությունը կազմել է մոտ 48-49 տոկոս, ինչը զգալիորեն ցածր ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ, երբ ակտիվությունը հասնում էր 55-60 տոկոսի և ավելի բարձր մակարդակի։ Նա ընդգծում է, որ վերջին երկու համապետական ընտրությունները տեղի են ունեցել քաղաքական լուրջ փոփոխություններից հետո, երբ հասարակությունը փողոցային պայքարի միջոցով կարողացել էր հասնել իշխանափոխության։ Սակայն նույնիսկ այդ հանգամանքը չի բերել ընտրությունների նկատմամբ վստահության աճի։ «Թվում էր, թե հեղափոխությունից և իշխանափոխությունից հետո քաղաքացիները պետք է ավելի մեծ պատրաստակամությամբ մասնակցեին ընտրություններին, քանի որ սեփական ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա արդեն զգացել էին։ Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ մարդիկ շարունակում են չհավատալ ընտրությունների արդյունավետությանը և գնալով ավելի քիչ են մասնակցում դրանց»,- նշում է նա։ Խաչիկյանը համոզմունք է հայտնում, որ ժողովրդավարական համակարգում ընտրություններին մասնակցելը շատ ավելի արդյունավետ գործիք է, քան բոյկոտը։ Նրա գնահատմամբ՝ ընտրական բոյկոտը հաճախ վերածվում է ինքնախաբեության, քանի որ քաղաքացին ընտրություններին չմասնակցելով չի կանխում արդյունքների ձևավորումը, այլ պարզապես հրաժարվում է դրանց վրա ազդելու հնարավորությունից։ «Իմ գնահատմամբ՝ ընտրելը, ամեն դեպքում, ավելի ճիշտ ժողովրդավարական մեխանիզմ է, քան բոյկոտը։ Ընտրություններին չմասնակցելը շատ հաճախ ինքնախաբեություն է, որովհետև արդյունքը միևնույն է ձևավորվելու է, իսկ քաղաքացին պարզապես դուրս է մնում այդ գործընթացից»,- եզրափակում է սոցիոլոգը։

Ընտրական բոյկոտը ինքնախաբեություն է, այն չի փոխում ընտրությունների արդյունքը

Ընտրություններին չմասնակցելը գործնականում նպաստում է այն քաղաքական ուժերին, որոնք արդեն իսկ ունեն ամենամեծ աջակցությունը։ Սովորաբար դա իշխող ուժն է լինում։ Այս մասին նշեց սոցիոլոգ Արմեն Խաչիկյանը՝ հավելելով, որ բոյկոտը սխալ լուծում է։

Նրա գնահատմամբ՝ ընտրական բոյկոտը ոչ թե թուլացնում է իշխանության դիրքերը, այլ հակառակը՝ մեծացնում է գործող իշխանությունների հարաբերական կշիռը և հնարավորություն տալիս ավելի մեծ ներկայացվածություն ստանալ։

Խաչիկյանի խոսքով՝ եթե իշխող ուժն ունի, օրինակ, 30 տոկոս աջակցություն, ապա ընտրություններին մասնակցության մակարդակն էական ազդեցություն է ունենում վերջնական արդյունքի վրա։ Եթե ընտրություններին մասնակցի ընտրողների 100 տոկոսը, այդ ուժը կստանա իր իրական 30 տոկոսը, սակայն եթե մասնակցությունը նվազի մինչև 60 տոկոս, նույն աջակցությունն ունեցող ուժը ավելի բարձր արդյունք կարձանագրի։ Այդ պատճառով, նրա համոզմամբ, ընտրություններին չմասնակցող քաղաքացիները փաստացիորեն նպաստում են այն ուժի հաջողությանը, որն արդեն իսկ առավել մեծ աջակցություն ունի։

Միաժամանակ սոցիոլոգը կարևոր տարբերակում է կատարում քաղաքական հետաքրքրվածության և ընտրական ակտիվության միջև։ Նրա խոսքով՝ հասարակությունում կարող է առկա լինել քաղաքական տեղեկատվության շատ բարձր սպառում, սակայն դա ինքնին դեռևս չի նշանակում, որ մարդիկ անպայման մասնակցելու են ընտրություններին։

«Մարդիկ կարող են ակտիվորեն հետևել քաղաքական գործընթացներին, քննարկել դրանք, ձևավորել հանրային դիսկուրս, սակայն այդ ամենը կարող է և չվերածվի ընտրական մասնակցության»,- նշում է նա։

Խաչիկյանի դիտարկմամբ՝ Հայաստանում հատկապես տարեց քաղաքացիներն են աչքի ընկնում ինչպես քաղաքական տեղեկատվության ակտիվ սպառմամբ, այնպես էլ ընտրություններին մասնակցությամբ։ Մինչդեռ երիտասարդներն ու Երևանում բնակվող քաղաքացիները հաճախ քաղաքական թեմաներով հետաքրքրված են, հետևում են տեղեկատվությանը, սակայն ընտրություններին մասնակցելու առումով ավելի պասիվ են։

Սոցիոլոգը նաև անդրադառնում է ընտրական պասիվության հիմնական պատճառներին։ Նրա ներկայացմամբ՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ ընտրողներին ընտրատեղամասերից հեռու պահող գլխավոր գործոնը ընտրությունների նկատմամբ անվստահությունն է։ Շատ քաղաքացիներ չեն համարում, որ իրենց քվեն կարող է որևէ բան փոխել կամ ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Բացի այդ, որոշ քաղաքացիներ համոզված են, որ քաղաքական դաշտում իրենց նախընտրություններին համապատասխանող ուժ գոյություն չունի։

Խաչիկյանը հիշեցնում է, որ Հայաստանում գրանցված են ավելի քան հարյուր կուսակցություններ, իսկ ներկայիս ընտրական գործընթացում մասնակցում են 18 քաղաքական ուժեր, սակայն նույնիսկ այս պայմաններում հասարակության զգալի հատվածը շարունակում է պնդել, որ չունի իրեն ներկայացնող քաղաքական ուժ։

Նրա կարծիքով՝ խնդիրը հաճախ ոչ թե առաջարկի բացակայությունն է, այլ ընտրողների չափազանց բարձր սպասելիքները։ Սոցիոլոգը սա անվանում է քաղաքական «պերֆեկցիոնիզմ»։

«Շատերը պատկերացնում են, որ քաղաքականության մեջ պետք է գոյություն ունենա իրենց սրտի իդեալական քաղաքական ուժը, մինչդեռ իրական կյանքում նման բան գրեթե չի լինում։ Ցանկացած ընտրության դեպքում մարդը ընտրում է ոչ թե կատարյալ տարբերակը, այլ այն տարբերակը, որը տվյալ պահին առավել ընդունելի է»,- նշում է նա։

Սոցիոլոգը մտահոգիչ է համարում նաև ընտրական մասնակցության նվազման միտումը։ Նրա տվյալներով՝ 2018 և 2021 թվականների համապետական ընտրություններում մասնակցությունը կազմել է մոտ 48-49 տոկոս, ինչը զգալիորեն ցածր ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ, երբ ակտիվությունը հասնում էր 55-60 տոկոսի և ավելի բարձր մակարդակի։

Նա ընդգծում է, որ վերջին երկու համապետական ընտրությունները տեղի են ունեցել քաղաքական լուրջ փոփոխություններից հետո, երբ հասարակությունը փողոցային պայքարի միջոցով կարողացել էր հասնել իշխանափոխության։ Սակայն նույնիսկ այդ հանգամանքը չի բերել ընտրությունների նկատմամբ վստահության աճի։

«Թվում էր, թե հեղափոխությունից և իշխանափոխությունից հետո քաղաքացիները պետք է ավելի մեծ պատրաստակամությամբ մասնակցեին ընտրություններին, քանի որ սեփական ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա արդեն զգացել էին։ Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ մարդիկ շարունակում են չհավատալ ընտրությունների արդյունավետությանը և գնալով ավելի քիչ են մասնակցում դրանց»,- նշում է նա։

Խաչիկյանը համոզմունք է հայտնում, որ ժողովրդավարական համակարգում ընտրություններին մասնակցելը շատ ավելի արդյունավետ գործիք է, քան բոյկոտը։ Նրա գնահատմամբ՝ ընտրական բոյկոտը հաճախ վերածվում է ինքնախաբեության, քանի որ քաղաքացին ընտրություններին չմասնակցելով չի կանխում արդյունքների ձևավորումը, այլ պարզապես հրաժարվում է դրանց վրա ազդելու հնարավորությունից։

«Իմ գնահատմամբ՝ ընտրելը, ամեն դեպքում, ավելի ճիշտ ժողովրդավարական մեխանիզմ է, քան բոյկոտը։ Ընտրություններին չմասնակցելը շատ հաճախ ինքնախաբեություն է, որովհետև արդյունքը միևնույն է ձևավորվելու է, իսկ քաղաքացին պարզապես դուրս է մնում այդ գործընթացից»,- եզրափակում է սոցիոլոգը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top