Ռուբիոյի հապճեպ այցը և ընտրական ռիսկերը․ ինչո՞ւ էր Վաշինգտոնը շտապում

Ռուբիոյի հապճեպ այցը և ընտրական ռիսկերը․ ինչո՞ւ էր Վաշինգտոնը շտապում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի անսպասելի և կարճատև այցը Երևան շարունակում է քննարկումների թեմա մնալ քաղաքական շրջանակներում։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ այդ այցը դժվար է դիտարկել բացառապես դիվանագիտական օրակարգի շրջանակում, այն, ըստ ամենայնի, անմիջական կապ ունի Հայաստանի ներքաղաքական զարգացումների և առաջիկա ընտրությունների հետ։

Քաղաքագետի խոսքով՝ սկզբնական շրջանում տպավորություն կար, որ իշխանությունները կփորձեն այցը վերածել ներքաղաքական քարոզչական ռեսուրսի՝ ամերիկյան կողմից հնարավորինս շատ քաղաքական աջակցություն, խոստումներ կամ հրապարակային գնահատականներ ստանալու նպատակով։ Սակայն, այցը ցույց տվեց, որ  Վաշինգտոնը նման սցենարի պատրաստ չէր։ «Տեսանք, որ պետքարտուղարությունը այդքան տրամադրված չէր նման խնդիրներ լուծելու։ Եկան շատ արագ, ընդամենը մեկ ժամ տևեց հանդիպումը և գնացին»,- նշել է նա։

Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ այցի արագությունն ու ձևաչափը կարող են վկայել այն մասին, որ ԱՄՆ-ը փորձել է հնարավորինս արագ ֆիքսել Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ մինչև ներքաղաքական իրավիճակի հնարավոր փոփոխությունները։

Քաղաքագետը չի բացառում, որ Վաշինգտոնում ռիսկեր են տեսել՝ կապված գործող իշխանությունների վերարտադրման հնարավորությունների հետ։ Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով ամերիկյան կողմը շտապել է ստորագրել մի շարք փաստաթղթեր, որոնք կարևոր են Միացյալ Նահանգների տարածաշրջանային ռազմավարության համար։ «Կարող է ռիսկեր են տեսել, որ ընտրություններից հետո Փաշինյանի իշխանությունը կարող է այլևս չլինել և ուզում են, քանի դեռ կա այն ուժը, որի հետ հնարավոր է այդ պայմանավորվածություններին թղթի տեսք տալ, արագ օգտագործեն այդ պահը»,- նշել է նա։ Նրա դիտարկմամբ՝ ամերիկյան կողմի շտապողականությունը կարող էր պայմանավորված լինել նաև վերջին սոցիոլոգիական հարցումների իրական պատկերով։ 

Թեև հրապարակված տվյալներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը ներկայացվել էին բավականին ամուր, քաղաքագետը համոզված է, որ փակ տվյալները կարող էին այլ ազդակներ փոխանցել Վաշինգտոնին։ «Եթե հետազոտություն արել են, իրական պատկերը նրանք տեսել են, և հնարավոր է, որ հենց այդտեղ է կարմիր լույսը վառվել»,- ասել է նա։ Քաղաքագետի գնահատմամբ՝ հենց դա է պատճառ դարձել, որ Հնդկաստանից վերադառնալու ճանապարհին Մարկո Ռուբիոն չպլանավորված այց կատարի Երևան՝ արագ ամրագրելու ԱՄՆ-ի համար կարևոր որոշ պայմանավորվածություններ, ապա շարունակի ճանապարհը։

Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ արվեց ամեն ինչ, որ նույնիսկ եթե գործող իշխանությունը չվերընտրվի, ստորագրված փաստաթղթերը դառնան Վաշինգտոնի ազդեցության գործիք՝ նոր իշխանությունների նկատմամբ քաղաքական կամ դիվանագիտական ճնշումներ գործադրելու համար։ Մելիք-Շահնազարյանը չի բացառում, որ փաստաթղթերի նպատակն էր սահմանափակել ՀՀ ապագա իշխանությունների համար մանևրելու հնարավորությունները՝ բարդացնելով այդ համաձայնություններից հրաժարվելը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top