Սպառազինության գնումների դիվերսիֆիկացումը պահանջում է նոր տիպի բանակի առկայություն

Սպառազինության գնումների դիվերսիֆիկացումը պահանջում է նոր տիպի բանակի առկայություն

Հայաստանի լայնածավալ վերազինումը և տարբեր գործընկերներից սպառազինության գնումները նոր հնարավորություններ են բացում երկրի պաշտպանունակության ամրապնդման համար, սակայն միևնույն ժամանակ նաև լուրջ խնդիրներ են դնում տարատեսակ համակարգերի ինտեգրման հանար։ Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ սպառազինություն մատակարարողների դիվերսիֆիկացումն ինքնին դրական երևույթ է, քանի որ նվազեցնում է կախվածությունը մեկ պետությունից։ Եթե ​​ինչ-ինչ պատճառներով երկու կամ նույնիսկ մի քանի երկրների հետ համագործակցությունը դժվարանա, Հայաստանը կպահպանի զինտեխնիկայի գնման և սպասարկման այլընտրանքային աղբյուրներ։

«Երբ շուկան բաց է, հնարավորություն է ընձեռվում ընտրել սպառազինության օպտիմալ նմուշներ տասնյակ արտադրողների արտադրանքից։ Սակայն նման ընտրությունը պահանջում է հատուկ կարողություններ, որոնք նախկինում փաստացի չկային, քանի որ երկար տարիներ բանակը կողմնորոշված էր գերազանցապես մեկ ստանդարտի սպառազինության ուղղությամբ», — նշել է փորձագետը։

Ներսիսյանի կարծիքով՝ գլխավոր խնդիրը ոչ թե տարբեր երկրներից տեխնիկա գնելու փաստն է, այլ այդ բոլոր համակարգերը զորքերի կառավարման միասնական մեխանիզմում միավորելու անհրաժեշտությունը։

Փորձագետը համարում է, որ միակ արդյունավետ լուծումը սեփական թվային կառավարման համակարգի ստեղծումն է, որը թույլ կտա տարբեր տեսակի սպառազինությունների տվյալներ փոխանակել՝ անկախ ծագման երկրից։ Դրա համար անհրաժեշտ է նախապես պայմանավորվել արտադրողների հետ ծրագրային համատեղելիության և նրանց արտադրանքը հայկական կառավարման համակարգում ինտեգրելու շուրջ։

«Եթե նման աշխատանք կատարվի, ստանդարտների տարբերության խնդիրը գրեթե կվերանա։ Իսկ եթե դա չարվի, նոր սպառազինության ներուժը կարող է օգտագործվել իր հնարավորությունների միայն 20%-ի չափով», — ընդգծել է նա։

Կառավարման համակարգերի տրանսֆորմացիան

Ներսիսյանը նշել է, որ սպառազինության ժամանակակից համակարգերը որակապես այլ մոտեցումներ են պահանջում բանակի կազմակերպման գործում։ Խոսքը ոչ միայն տեխնիկական արդիականացման, այլև զորքերի կառավարման սկզբունքների խորքային տրանսֆորմացիայի մասին է։

Նրա խոսքով՝ կառավարման ժամանակակից թվային համակարգերի ներդրումն անհամատեղելի է խորհրդային ռազմական դպրոցից ժառանգված մոտեցումների հետ։ Նման փոփոխությունները ենթադրում են մտածողության լուրջ վերակառուցում, ստորաբաժանումների մոբիլության բարձրացում և որոշումների կայացման ստորին մակարդակներին ավելի մեծ լիազորությունների պատվիրակում։

«Սա արդեն պարզապես տեխնիկայի գնում չէ։ Սա լիարժեք բարեփոխում է, որը փոխում է բանակի կազմակերպչական մշակույթը», — նշել է փորձագետը։

Ընդ որում, փոփոխությունների հաջողությունը կախված է ոչ միայն ռազմական գերատեսչությունից, այլև նման փոփոխություններին աջակցելու պետության պատրաստակամությունից, ինչպես նաև մասնավոր տեխնոլոգիական հատվածի հետ ակտիվ համագործակցությունից։

Նոր պահանջներ հետախուզությանը և զորավարժությունների դերը

Ներսիսյանը նաև ուշադրություն է հրավիրում  այն փաստի վրա, որ ժամանակակից սպառազինությունները շատ ավելի բարձր պահանջներ են ներկայացնում հետախուզությանն ու զորքերի կառավարմանը։ Որպես օրինակ նա բերել է նոր սերնդի հրետանային համակարգերը։ Եթե ​​նախկինում թիրախների խոցման հեռահարությունը կազմում էր մոտ 20 կիլոմետր, ապա ժամանակակից նմուշներն ընդունակ են արդյունավետորեն գործել մինչև 45 կիլոմետր և ավելի հեռավորությունների վրա։ Նման ներուժի իրացման համար անհրաժեշտ են հետախուզության, տվյալների փոխանցման և օպերատիվ որոշումների կայացման սկզբունքորեն նոր հնարավորություններ։

«Որքան հեռու է գործում զենքը, այնքան ավելի բարդ է դառնում դրա կիրառման համակարգը։ Անհրաժեշտ է ավելի արագ ստանալ տեղեկատվությունը, ավելի արագ փոխանցել այն և ավելի արագ որոշումներ կայացնել։ Առանց դրա՝ թանկարժեք գնումների արդյունավետությունը զգալիորեն կնվազի», — պարզաբանել է փորձագետը։

Խոսելով ռազմական զորավարժությունների դերի մասին՝ Ներսիսյանն ընդգծել է, որ առանց մշտական ​​գործնական ստուգման հնարավոր չէ գնահատել բարեփոխումների արդյունավետությունը։ Նրա խոսքով՝ ցանկացած հայեցակարգ և փաստաթուղթ պետք է գործնականում փորձարկում անցնի։ Միայն զորավարժությունների ընթացքում է հնարավոր հասկանալ՝ արդյոք նոր մոտեցումները գործում են, թե՞ շտկման կարիք ունեն։ Փորձագետը նշել է, որ վերջին տարիներին բանակում սկսել են ավելի շատ միջոցառումներ անցկացվել սպառազինության իրական կիրառմամբ, ինչը նպաստում է ստորաբաժանումների մարտունակության բարձրացմանը։

«Առանց զորավարժությունների բանակ գոյություն չունի։ Ցանկացած նոր համակարգ, ցանկացած նորամուծություն պետք է մշտապես թեստավորվի և ստուգվի իրական պայմաններում», — եզրափակել է Ներսիսյանը։

Այսպիսով, փորձագետի կարծիքով, ժամանակակից սպառազինության գնումը արդիականացման միայն առաջին փուլն է։ Գլխավոր հարցն այն է, թե արդյոք բանակը կկարողանա՞ իրականացնել անհրաժեշտ կազմակերպչական և տեխնոլոգիական բարեփոխումները, որոնք թույլ կտան լիովին բացահայտել նոր զենքի ներուժը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top