Հայաստանի քաղաքական դաշտը. ժամանակն է ձևավորել այլընտրանք

Հայաստանի քաղաքական դաշտը. ժամանակն է ձևավորել այլընտրանք

Եթե ընտրություններից առաջ չձևավորվի լուրջ այլընտրանքային ընդդիմադիր կենտրոն, իշխող ուժը անհանգստանալու առիթ չի ունենա։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ հավելելով, որ այս փուլում իշխանությունները մարտավարական առավելություններ ունեն։

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական դաշտում ներկայումս ընթանում է տարբեր ուժերի միջև լուրջ բանակցությունների գործընթաց։ Շաբաթական անցկացվում է 2–3 հանդիպում, բայց դեռևս արդյունքներ չկան։ Նա վստահ է, որ քաղաքական ուժերը դեռ ժամանակ ունեն բյուրեղացնելու համագործակցության և նախընտրական միավորումների ձևավորման հարցերը։ Սուրենյանցի կանխատեսումներով, արդեն հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին հնարավոր կլինի խոսել որոշակի կոնկրետ պայմանավորվածությունների մասին։ Նա հավելել է, որ, ամենայն հավանականությամբ, կձևավորվի 4–5 նախընտրական դաշինք։

«Այն ուժը, որը կկարողանա ապահովել գրագետ այլընտրանքային ծրագիր և վարել ճիշտ մարտավարություն, կկարողանա Նիկոլ Փաշինյանի կյանքը դժոխքի վերածել։ Սակայն, եթե քաղաքական դաշտը վերադառնա 2021 թվականի խաղի կանոններին, ապա Նիկոլ Փաշինյանը մեր և ողջ երկրի կյանքը դժոխքի կվերածի», — ասել է նա։

Քաղաքագետը նշել է իրատեսական նախընտրական խոստումներ տալու կարևորությունը։ «Անհրաժեշտ է հասկանալ, որ ով էլ որ իշխանության գա Հայաստանում, չի կարողանա ապահովել նահանջը երկու կետերից՝ 2018 թվականի հեղափոխությունից և Արցախի հանձնումից։ Գիտեմ, որ շատերը կնախընտրեն «վարդագույն» խոստումներով առաջնորդվել, բայց, ցավոք, Արցախը վերադարձնելու օրակարգը արդեն կեղծ օրակարգ է», — ընդգծեց նա։

Իր հերթին, քաղաքագետ Արմեն Մանվելյանը նշում է, որ այսօր Հայաստանում ընդդիմադիր ընտրազանգվածը բնակչության զգալի տոկոս է կազմում. նրա գնահատականներով՝ բնակչության մոտ 60-65%-ը դժգոհ է իշխանությունների գործողություններից: Միևնույն ժամանակ, նա ընդգծում է, որ ընդդիմադիր ընտրազանգվածը միատարր չէ. այն միավորում է տարբեր հայացքներ, տնտեսական շահեր և սոցիալական սպասումներ ունեցող մարդկանց: Այս առումով, ըստ Մանվելյանի, ոչ մի քաղաքական ուժ ի վիճակի չէ միայնակ միավորել բողոքի ողջ շերտը և առաջնորդել այն: Քաղաքական իրավիճակի վրա արդյունավետորեն ազդելու համար անհրաժեշտ է ունենալ մի քանի ակտիվ ուժեր, որոնք կարող են ներկայացնել բողոքական ընտրազանգվածի տարբեր հատվածներ և համակարգված աշխատել միմյանց հետ:

Scroll to Top