Հայաստանում իշխող քաղաքական թիմի վարկանիշը կտրուկ անկում է ապրում, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ունի ռազմավարություն, որն ուղղված է ընտրություններում իր համար հաջող արդյունք ապահովելուն։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Գրանտ Միքայելյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները ձգտելու են պառակտել քաղաքական դաշտը՝ իրար դեմ հանելով առավել հզոր ընդդիմադիր ուժերին։ «Սկզբունքորեն, դա նրանց հաջողվել է. տարվա առաջին կեսին ընդդիմության երկու հիմնական ուժերն ավելի շատ զբաղված էին միմյանց դեմ պայքարով, քան իշխող թիմի դեմ գործողություններով։ Իշխանությունների նպատակն է թույլ չտալ, որ ընդդիմությունը հանդես գա միասնական ճակատով, առավելագույնս մասնատել ընդդիմադիր դաշտը և այդպիսով փոշիացնել ըննդիմության ձայները», — նշել է Միքայելյանը։
Բացի այդ, իշխանությունները առավելագույն ջանքեր կգործադրեն դեմոտիվացնելու ընտրողներին, հատկապես ընդդիմադիր կամ չկողմնորոշված ընտրազանգվածին՝ ձգտելով ապահովել ընտրություններին ցածր մասնակցություն։ Այս դեպքում իշխող կուսակցության երաշխավորված ընտրողների ձայները՝ իշխանության քարոզչության սպառողները, պետական ապարատի աշխատակիցները և նպաստ ստացողները՝ կախյալ ընտրազանգվածը, ավելի մեծ կշիռ կունենան ցածր մասնակցության ֆոնին ։
«Այսինքն՝ կիրականացվի Երևանի ընտրությունների սցենարը, երբ իշխող կուսակցությունը հավաքել էր ընտրողների ընդհանուր թվի ընդամենը 9.4%-ը, սակայն ցածր մասնակցության պատճառով դա չի խանգարել ստանալ մեծամասնություն Երևանի ավագանում», — ընդգծել է քաղաքագետը։

