ՀԷՑ

ՀԷՑ-ի լիցենզիայի ճակատագիրը՝ իրավական բախում ու էներգետիկ ռիսկեր

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկելու է ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցը: Հանձնաժողովը կդիտարկի ՀԷՑ-ի կողմից թույլ տրված խախտումները և դրանց հնարավոր հետևանքները՝ առնչվելով ընկերության գործունեության իրավաչափությանը և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերին: Ի՞նչ է այս ամենը նշանակում և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ էներգետիկ համակարգի համար։ 

Մասնագետի կարծիք՝ իրավական գողություն

Մեկնաբանելով այսօրվա ՀԾԿՀ նիստը, եներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը նշում է, որ այս գործընթացը սեփականության յուրացման փորձ է։ 

«Հստակ է, որ ՀԷՑ-ը առանց լիցենզիայի չի կարող գործել, հանձնաժողովը նույնպես չի կարող դադարեցնել ընկերության աշխատանքը՝ սպառողներին հոսանքից զրկելու ռիսկի պատճառով։ Այս համատեքստում խոսքը գնում է ավելի շատ սեփականության իրավական «գողության» դասական դեպքի մասին»,- նշեց նա:

Ընկերությանը սեփականատերը, շարունեկեց նա, խորհրդարանի որոշումից անկախ շարունեկում էր մանլ «Տաշիր գրուպ»-ը, կառավարության ներկայացուցիչը ընդհամենը արտաքին կառավարող էր։

«Հիմա փորձում են նաև այդ սեփականությունը գողանալ: Հավանաբար կստեղծեն ինչ-որ կազմակերպություն և որին շատ արագ կլիցենզավորեն և այդ ամբողջ սեփականությունը կփորձեն արդեն տեղավորել այդ նոր կառույցի հովանու ներքո՝ փորձելով դրանով կառավարել համակարգը: Մոտավորապես այս գործընթացն է, բայց նորից եմ կրկնում, սա ավելի շատ իրավական բնագավառից է, բայց այն նաև կունենա որոշակի համակարգային խնդիրներ ոչ պրոֆեսիոնալ կառավարումով պայմանավորված»:

Այդուհանդերձ Հանձնաժողովը ծավալուն փաստաթղթում լիցենզիայից զրկելու համար ՀԷՑ-ի մի շարք խախտումներ է նշում․ 

Հաշվառման ավտոմատացված համակարգի խափանումներ

Նշվում է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի՝ հանձնաժողովին ներկայացրած գրությունների համաձայն՝ 2025-ի հունվարին ՀԷՑ-ի ավտոմատացված հաշվառման համակարգը խափանվել է, ջնջվել են ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի տվյալները՝ 2018-ից սկսած։

«Վարչական վարույթի արդյունքում ներկայացված տեղեկատվության և դրանք հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ընկերության բազմաթիվ աշխատակիցներ և լիցենզավորված գործունեության համար անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներ օգտագործվել են Ընկերության լիցենզավորված գործունեության հետ չառնչվող կարիքների համար համար: Ավելին, Ընկերությունն իր բնական մենաշնորհային դիրքից և վերապահված բացառիկ իրավունքներից բխող հսկայածավալ ռեսուրսներն օգտագործել է իր հետ ենթադրյալ ընդհանուր տնտեսական շահ ունեցող այն անձանց տնտեսական բնականոն գործունեության ապահովման համար, որոնք հանդիսացել են իր կապալառու ընկերությունները: Արդյունքում, վերջիններիս համար ստեղծվել է տնտեսապես չհիմնավորված արտոնյալ պայմաններ՝ արհեստականորեն բարելավելով այդ ընկերությունների շուկայական դիրքը և դրա արդյունքում ստեղծելով նպաստավոր պայմաններ Ընկերության կարիքների համար հայտարարված գնման գործընթացներում հաղթող ճանաչվելու և տնտեսական փակ շղթա ստեղծելու համար՝ իր հետ բերելով Ընկերությունից դրամական միջոցների արտահոսքին»,-նշված է փաստաթղթում:

Խոսքը «Գեղամա», «Արաքս», «Ղարս», «Դեբեդ» մասնաճյուղերի աշխատակցիների մասին է։Այս նույն մասնաճյուղերում ուսումնասիրություններով պարզվել են, որ ՀԷՑ-ը սպառողների սպառած կամ արտադրած էլեկտրաէներգիայի քանակի հավելագրումներ և թերգրանցումներ է թույլ տվել։ Հանձնաժողով ներկայացրած տվյալների համաձայն՝ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ ՀԷՑ-ի տարբեր տեղամասերի պետեր հրահանգել են ապահովել հոսանքի կորուստներ տարբեր տոկոսներով։

Ռեսուրսների չարաշահում

ՀԷՑ-ի լիցենզիան կասեցնելու համար որպես հիմք է նշվում նաև ընկերության՝ «Տաշիր գրուպ»-ի մեջ մտած այլ ընկերությունների համար ֆինանսական երաշխավոր լինելը։

«Ընկերությունն իրեն պատկանող դրամական միջոցներով և ողջ շարժական և անշարժ գույքով ստանձնել է բազմաթիվ երաշխավորություններ՝ իր հետ ենթադրյալ ընդհանուր տնտեսական շահ ունեցող ընկերությունների՝ տարբեր ժամանակահատվածներում շուրջ 700 մլն դոլարը գերազանցող վարկային պարտավորությունների դիմաց: Նշվածի շրջանակում Ընկերությունն ամբողջությամբ համապարտ պատասխանատվություն է ստանձնել այլ տնտեսվարող անձանց վարկային պարավորությունների լրիվ և պատշաճ կատարման համար՝ որպես ապահովում նախատեսելով բնական մենաշնորհ հանդիսացող և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառողներին էլեկտրական էներգիայի բաշխման համար նախատեսված ամբողջ բաշխման ցանցը:

Արդյունքում, Ընկերությունը անտեսելով օրենսդրությամբ իր համար սահմանված օրենսդրական սահմանափակումները, գաղտնի ռեժիմով իր ունեցած ողջ գույքով երաշխավորություն ստանձնելով այլ անձանց վարկային պարտավորությունների համար՝ ամբողջությամբ անտեսել է իր դերից բխող կարևորագույն պատասխանատվությունը: Մասնավորապես, Բաշխողը իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառողներին էլեկտրական էներգիայի բաշխման համար նախատեսված ամբողջ բաշխման ցանցը, այն է՝ էլեկտրական էներգիայի բաշխման գծերի, ենթակայանների և այլ սարքավորումների միասնական միակ համակարգը, ծառայեցրել է իր գործունեությանն ընդհանրապես չառնչվող անձանց ֆինանսավորմանը՝ Ընկերության հետագա գործունեության համար ստեղծելով լրջագույն ֆինասական ռիսկեր, ինչն էլ իր հերթին կարող էր վտանգել ողջ էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը՝ դրանից բխող անդառնալի հետևանքներով:

Ընկերությունը երաշխավորության գործարքները կնքել է գաղտնի ռեժիմով։

«Խնդրահարույց է հատկապես այն, որ Ընկերությունն իր բնական մենաշնորհային դիրքից և վերապահված բացառիկ իրավունքներից բխող հսկայածավալ ռեսուրսներն օգտագործել է իր հետ ենթադրյալ ընդհանուր տնտեսական շահ ունեցող այն անձանց տնտեսական բնականոն գործունեության և ապահովման համար, որոնք հանդիսացել են կամ իր կապալառու ընկերությունները, կամ էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատվածում գերիշխող դիրք ունեցող առևտրի մասնակիցը՝ Էներջի Սփփլայ ՍՊԸ-ն էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատվածում սպառման շուրջ 70%-ի մատակարարն է։ Արդյունքում, նշված ընկերությունների համար ստեղծվել է տնտեսապես չհիմնավորված արտոնյալ պայմաններ՝ արհեստականորեն բարելավելով վերջիններիս շուկայական դիրքը»,-նշվում է փաստաթղթում։

Նշված վարկերը ստացվել են Հայաստանի առևտրային բանկերից․մի դեպքում «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն ստացել է 7 մլն դոլարի վարկ «Արդշինբանկից», վարկի երաշխավոր եղել է ՀԷՑ-ը, մեկ այլ դեպքում «ԱՄԻՕ» բանկը միլիոնավոր դոլարներ է տրամադրել «Արմհոլդինգ» ՓԲԸ-ին, որի երաշխավորը կրկին եղել է ՀԷՑ-ը։ Ըստ ՀԾԿՀ-ի, սա վարքագիծ էր, որով կարող էր վտանգվել սպառողներին հոսանքի մատակարարումը, կարող էին ստեղծվել ֆինանսական ու անվտանգային խնդիրներ։

Հանձնաժողովը նաև հայտնում է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը ներկայացրել է փաստեր, ըստ որոնց՝ նախկինում ընկերությունը ոչ ճշմարիտ տվյալներ է ներկայացրել հանձնաժողովին, ինչի արդյունքում սխալ է գնահատվել բաշխման ցանցի ընթացիկ վիճակը, հոսանքի ընդհատումների իրական քանակը, կորուստների մեծությունները և այլն։

Scroll to Top