Հայաստանում շարունակվում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որի շրջանակում աշխատակազմի նիստերը անցկացվում են բավականին ինտենսիվ ռեժիմով։ Նիստերի ընթացքում արդեն հասցվել է քննարկել մի շարք առանցքային ուղղություններ, որոնք վերաբերում են թե՛ խորհրդարանի լիազորությունների վերանայմանը, թե՛ ընտրական մեխանիզմների արդիականացմանը, թե՛ իշխանությունների հավասարակշռության ամրապնդմանը։
Վերջին ամիսներին քննարկումների առանցքում են գտնվել Ազգային ժողովի և գործադիր մարմնի փոխհարաբերությունները, հանձնաժողովների դերակատարումը, ինչպես նաև նոր ընտրական գործընթացների հնարավոր մոդելները։ Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Ազգային ժողովին՝ ինքնալուծարվելու լիազորություն
Քննարկվել և հաստատվել է գլխադասային հանձնաժողովների լիազորությունների ընդլայնման գաղափարը։ Ըստ ընդունված մոտեցման՝ այդ հանձնաժողովները կարող են հանդես գալ խորհրդատվական եզրակացություններով՝ գործադիրում պաշտոնների նշանակումների հարցում։ Նման մեխանիզմը, ըստ նախարարի, կբարձրացնի խորհրդարանական վերահսկողության մակարդակը։
Միաժամանակ ընդունվել է Ազգային ժողովի ինքնալուծարման կարգավորումը։ Թեև կոնկրետ մանրամասները դեռ վերջնականացված չեն, ընդհանուր մոտեցումն այն է, որ խորհրդարանը՝ իր իսկ նախաձեռնությամբ և քվեարկությամբ, կարող է որոշում կայացնել լուծարման վերաբերյալ՝ առանց արհեստական գործընթացների կամ շրջանցիկ լուծումների անհրաժեշտության։ Այն կարող նախնական տվյալներով, նախաձեռնովել Ազգային Ժողովի ⅓ կողմից և հաստատվել ⅔ կամ ⅗ կողմից։ Նախարարը վստահեցրեց, որ մշակվում են Ազգային ժողովի ինքնալուծարման ստույգ հիմքեր թույլ չտալու տարատեսակ չարաշահումներ։
Նիստերում ընդունվել է նաև Ազգային ժողովի էթիկայի մշտական հանձնաժողով ձևավորելու դրույթը, որը նպատակ ունի բարձրացնելու պատգամավորական գործունեության թափանցիկությունն ու որակը։
Կայուն մեծամասնության մոդելի փոփոխությունը
Համակարգային կարևոր փոփոխություններից է ընտրական երկրորդ փուլի շուրջ ձևավորված նոր մոտեցումը։ Ըստ ծրագրի՝ եթե առաջին ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժ չի ձևավորում կայուն մեծամասնություն, ապա այլևս նախատեսված չէ անցում կատարել երկրորդ փուլի՝ գործող մոդելով։
Փոխարենը առաջարկվում է գնալ նոր ընտրությունների։ Այսպիսով՝ բոլոր քաղաքական ուժերը ստանում են հավասար մեկնարկային պայմաններ։ Եթե նոր ընտրություններից հետո նույնպես մեծամասնություն չձևավորվի, ապա արդեն այդ դեպքում կիրականացվի երկրորդ փուլ՝ գործող օրենքում ամրագրված մեխանիզմներով։
Դատախազական համակարգի փոփոխությունների հնարավորությունները
Վերջին հանդիպումներից մեկում քննարկվել են դատախազական համակարգին վերաբերող նոր կարգավորումներ։ Մասնավորապես՝ առաջարկվել է ստեղծել դատախազական խորհուրդ, որը կօգնի մեղմել համակարգի բրգաձև կառուցվածքը և ապահովել ավելի բաց ու հավասարակշիռ կառավարում։ Քննարկումները դեռ շարունակվում են։

