Արխիվային փաստաթղթերի հրապարակումը և դրանց շուրջ ծավալված քաղաքական քննարկումները վերադարձրել են Ղարաբաղյան կարգավորման թեման հանրային օրակարգի առանցք։ Ինչպե՞ս գնահատել ներկայացված փաստաթղթերը, ինչպե՞ս հասկանալ դրանց բովանդակությունն ու դիվանագիտական ենթատեքստը, և արդյո՞ք դրանք կարող էին փոխել պատմության ընթացքը։ Այս հարցերի շուրջ իր կարծիքն է հայտնում քաղաքական գիտությունների դոկտոր, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։
Ամեն նյութ չէ, որ կարող է կոչվել փաստաթուղթ
Տիգրան Թորոսյանի խոսքով՝ ներկայացված փաթեթը պատրաստված է շատ անփույթ և փնթի առանց որևէ սկզբունքի, առանց որևէ հիմնավորման։ Պարզ չէ թե ինչու գոյություն ունեցող բազմաթիվ փաստաթղթերից ընտրվեցին հենց այս մի քանիսը։ Նա ընդգծեց, որ չնայաց փաթեթը անվանվել է «փաստաթղթեր», սակայն իրականում ներառում է պարզապես 13 տարբեր նյութ։
«Ամեն նյութ չէ, որ կարող է կոչվել փաստաթուղթ», — ասաց նա՝ հավելելով, որ 13-ից չորսը՝ պարզապես նյութեր են, որոնք փաստաթուղթ անվանվելու անգամ հավակնություն չունեն, մյուս չորսն էլ՝ կապ չունեն այն հարցի հետ, որը քննարկվել է։
«Օրինակ՝ ինչքան էլ որևէ մեկը ցանկանա, չի կարող Ազգային ժողովում հարց ու պատասխանի դրվագ ներկայացվել որպես փաստաթուղթ», -ասաց նա։
Փաստաթուղթ չէ, այլ սովորական գրագրություն
Սերժ Սարգսյանի նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, նշեց Թորոսյանը, ևս փաստաթուղթ չէ, այլ գրագրություն։ «Նման գրագրություններ շատ մեծ ծավալի ցանկացած երկրների նախագահների միջև լինում է: Ընդ որում, այս նյութերուն որևէ արտառոց բան չկար, որ այսպես մեծ աղմուկով փորձում են ներկայացնել հասարակությանը», — պնդում է Թորոսյանը։
Նա շարունակեց, որ ևս մեկ նյութ վերաբերում է առաջարկությանը փոփոխություն կարարելու մեկ ուրիշ փաստաթղթում, բայց բուն փաստաթուղթը չի ներկայացվում։ «Որևէ առաջարկություն, կամ առաջարկության մի քանի կետ չի կարող փաստաթուղթ համարվել առանց բուն փաստաթուղթը կողքին լինելու, որ մարդը հասկանա․ ի՞նչ է փոխվում և ինչու», — ասաց նա:
90-ականների փաստաթղթերը հիմք չեն, էջը վաղուց փակված էր
Մյուս չորս նյութերը, շարունակում է նա, կարելի է փաստաթուղթ համարել, բայց դրանք վերաբերում են 90-ական թվականներին, իսկ ԵԱՀԿ-ի ղեկավարները այդ ամենը վաղուց թողել են մի կողմ․
«90-ական թվականներին բանակցությունները ընթանում էին բոլորովին այլ ուղղությամբ և այլ նախագծեր էին ներկայացված որպես լուծման հիմք: Ընդ որում պետք է արձանագրել, որ այդ տարբերակներում ինքնորոշման իրավունքը չկար»:
Նա հիշեցրեց, որ գործող վարչապետը անդրադարձել է հրապարակած նյութերին և նշել, որ 95 թվականին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը արդեն որոշվել է Ադրբեջանի կազմում։
«Չգիտեմ սա տգիտություն է, թե քաղաքական երեսպաշտություն, թող ամեն մեկը ինքը իր համար որոշի: Որովհետև Արցախյան խնդրի կարգավորման այդ գործընթացը ավարտվել էր 1998 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ: Այսինքն այն շրջանը բանակցությունների, որը վերաբերում էր Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի մնալուն տարբեր կարգավիճակներով՝ ընդհանուր պետությունից մինչև լայն իրավունքներին տրամադրում, ավարտված էր», — պնդում է Թորոսյանը:
Կարգավորման գործընթացը պետք է դիտարկել 2007թ-ից
Ինքնորոշման իրավունքը, շարունակեց Թորոսյանը, ի հայտ է եկել 2004-2005 թվականներին, երբ ընդունվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևը Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։ Այդ բանաձևում արձանագրվում էր, որ խնդիրը պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտման հիման վրա:
Այս բանաձևը ընդունելուց հետո, ընդգծեց նա, ԵԽ Նախարարների կոմիտեն պատասխան փաստաթուղթ ընդունեց, որտեղ հիշատակվում էին այն հիմնական սկզբունքները, որոնց շրջանակում պետք է կարգավորվեր խնդիրը և այնտեղ առաջին անգամ կարգավորման բանակցային փաստաթղթում ի հայտ եկավ ինքնորոշման իրավունքը․
«2007 թվականի նոյեմբերին բանակցային փաստաթղթի մեջ մտան կարգավորման երեք սկզբունքները, որոնցից մեկը ինքնորոշման իրավունքն էր։
ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը, բոլոր այս հեղինակավոր որ միջազգային կազմակերպությունները, որոնք հայտարարել են, որ իրենք աջակցում են Մինսկի խմբի շրջանակներում խնդրի կարգավորմանը 3 սկզբունքների հիման վրա, ճանաչել են, որ կա ինքնորոշման խնդիր, այսինքն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ինքնորոշվի:
Ամեն ինչ պետք է դիտարկել այդ կետից: Այսինքն իրավիճակը գնահատելու համար պիտի հետևենք 2007-ից մինչև 2019 թվականը ինչ փաստաթղթեր են եղել», — ընդգծեց Թորոսյանը:
2016–ին գործընթացը մոտեցել էր լուծմանը
Թորոսյանը հիշեցնում է, որ հրապարակված փաթեթում կար նաև 2016 թվականի փաստաթուղթը, որը , ի տարբերություն 2007-ի նյութերի, այն մեկ ամբողջական փաստաթուղթ չէր․ այն բաղկացած էր երեք բաղադրիչից՝ լուծման վերաբերյալ հռչակագիր, Մինսկի խմբի համանախագահող երկրների համատեղ հայտարարություն՝ իրենց մոտեցումներն ու պարտավորությունները ամրագրող, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որը, ըստ Թորոսյանի, պետք է դառնար ամենակարևոր տարրը․
«Այստեղ կարևորն այն է, որ 2019-ի փաթեթում այս նախագիծը նույնությամբ հայտնվում է 16 թվի թվագրությամբ»։
Թորոսյանի խոսքով սա նշանակում է, որ այդ ժամանակ փաստաթղթերի հիմնական շղթան արդեն ձևակերպված էր։ Եթե համեմատում ենք 2016-ի և 2019-ի հրապարակված փաթեթները, տեսնում ենք, որ առանցքային փաստաթուղթը՝ ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի նախագիծը, ձևով և բովանդակությամբ նույնն է, իսկ մյուս երկու մասերում կան միայն «փոքր խմբագրական շարժեր», ոչ ավելի։
Ըստ նրա՝ սա նշանակում է, որ բանակցային փաթեթը ձևավորված էր, այն արդեն ավարտուն կառուցվածք ուներ․
«Երբ բանակցություններում հասնում են այդ փուլին, նշանակում է՝ գործընթացը մոտենում է իր ավարտին։ Հակառակ դեպքում կշարունակեին աշխատել միայն փաստաթղթի վրա, ինչպես 2007-ին, 2010-ին, 2011-ին…»։
Նրա մեկնաբանմամբ՝ բանակցային փուլը այդ պահին սրված էր, որովհետև Ադրբեջանը մշտապես իրականացրել է սադրանքներ, իսկ հակամարտությունների պատմության մեջ գործում է չգրված կանոն․ երբ մետրոպոլիան դիմում է ուժի և պատերազմական ճնշման, միջազգային հանրությունը սկսում է պարտադրված լուծման ձևաչափի պատրաստում։
Թորոսյանը ընդգծում է, որ բոլոր ինքնորոշման հակամարտություններում, որոնք ստացել են ամբողջական, միջազգային ճանաչված լուծում — մեկնարկային մեխանիզմը հենց սա է եղել․
«Կոսովո, Արևելյան Թիմոր, Հարավային Սուդան — ամենուր, որտեղ մետրոպոլիան հրաժարվել է քաղաքական ճանապարհով լուծումից, ՄԱԿ-ը գործարկել է պարտադրված լուծման ռեժիմ։ Անվտանգության խորհուրդը ընդունում է բանաձև, ձևավորվում են խաղաղապահ ուժեր՝ հստակ մանդատներով, գործառույթներով, պատժամիջոցներով։ Մանրամասն գրված է՝ ինչպես են արձագանքում ռազմական գործողությունների դեպքում, ինչ սահմանափակումներ են կիրառվում»։
Նրա խոսքով՝ դա ոչ թե ընդհանուր պատկեր էր, այլ մշակված տեխնիկական նախագիծ, որը արդեն 2016-ին պատրաստ էր կիրառման, իսկ 2019-ի փաթեթը փաստատում է, որ ոչինչ չփոփոխվել էր։
Փաշինյանի «զրոյանկան կետը» դարձավ աղետի սկիզբ
Դժբախտաբար, շարունակեց Թորոսյանը, բանակցային գործընթացը տապալվեց, քանի որ 2018-ին իշխանության եկած ուժի ղեկավարը հայտարարեց, որ ընդունում բանակցային գործընթացում մինչև իրեն տեղի ունեցածը և սկսում է զրոյական կետից։
«Այնուամենայնիվ ստացվեց 2019 թվականի այդ փաթեթը, որը փաստորեն 2016 թվականի փաթեթի կրկնություններ որոշ շտկումներով, որի շուրջ որևէ բանակցություն տեղի չունեցավ։ Հայտարարվեց որ ինչ-որ «մյունխենյան սկզբունքների» մասին, որոնք ապահովելու են Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդներին բավարարող լուծում։ Փաստորեն, իր ընկալմամբ, այս աղետը, որ տեղի ունեցավ, Արցախի և Հայաստանի ժողովուրդների «սրտով էր»», ասաց նա։
Թորոսյանը համոզված է, որ պատերազմը հնարավոր էր կանխել, եթե իսկապես ընթացք տրվեր այս առաջարկին․
«Եթե բանակցային գործընթացը շարունակվում է, որևէ մեկը չէր համարձակվի խախտել ընթացքը: Երբ դա տեղի ունեցավ 2016 թվականին, չորս օրվա ընթացքում դադարեցվեց, և այստեղ շատ կարևոր դերակատարություն ունեցան համանախագահող երկրները։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ 2020-ին նրանք ակտիվորեն չմիջամտեցին, ինչո՞ւ 2016 թվականի միջամտության մակարդակը այնքան տարբերվեց 2020-ին արձանագրվածից։
Եթե ասում ես, որ երկու տասնամյակից ավելի կատարված աշխատանքը չեղարկել ես, պետք է հասկանալ՝ ում ես դիմակայում։ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքի աշխատանքը որևէ մեկ պետություն չի կարող զրոյացնել։ Եթե դու հայտարարում ես, որ վերադառնում ես սկզբունքներին, որոնք որևէ կապ չունեն ձևավորված փաստաթղթերի հետ, ակնհայտ է, որ վերաբերմունքն էլ լինելու է համապատասխան», — եզրափակեց նա։

