Զինծառայության ժամկետը վեց ամսով կրճատելու օրինագիծը կապելը պրոֆեսիոնալ բանակի ձեւավորման հետ նման է աջ ձեռքով ձախ ականջը քորելուն։ Նման կարծիքի է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա նշում է, որ միանգամայն կողմնակից է Հայաստանի զինված ուժերում պրոֆեսիոնալ բաղադրիչի ընդլայնմանը, զինուժի թվաքանակում պրոֆեսիոնալ սեգմենտի տեսակարար կշռի ավելի ու ավելի մեծացմանը: Սակայն, ըստ վերլուծոբանի, տրամաբանությունը հուշում է, որ զինված ուժերի ժամկետային ծառայության ժամանակահատվածի կրճատումը պետք է լինի ոչ թե առաջին քայլերից մեկը, այլ՝ վերջիններից մեկը, երբ արդեն կլինի պրոֆեսիոնալ սեգմենտի այնպիսի վիճակագրություն եւ ծավալ, որի պարագայում համարժեք կլինեն այդ վիճակագրությունն ու ժամկետի կրճատման հետեւանքով թվակազմի կրճատման ծավալը:
«Օրինակ, պայմանական՝ զինծառայության ժամկետի կրճատումը վեց ամսով, անխուսափելիորեն բերելու է թվակազմի քառորդի կրճատման, աստիճանաբար, առնվազն երկու տարի անց: Հարց է առաջանում, երկու տարի անց, Հայաստանն ունենալու՞ է պրոֆեսիոնալ զինուժի այնպիսի թվաքանակ, որը փաստորեն կլրացնի այդ կրճատված թիվը: Մեծ հավանականությամբ՝ ոչ, որովհետեւ մեղմ ասած միամիտ է մտածել, թե օրինակ «մարտունակ բանակ» արտահայտությունից զգուշացող կառավարությունը պետք է ստեղծի մարտունակ պրոֆեսիոնալ բանակ», — համոզված է նա:
Հետեւաբար պարզ է, որ զինծառայության ժամկետի կրճատման նախաձեռնության հիմքում կամ 2026 թվականի ընտրությունն է՝ նվազագույնը, կամ դրան զուգահեռ նաեւ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի որեւէ նոր պայման, կապված զինուժի թվակազմի հետ: Բադալյանը հիշեցնում է․
«Հունվարի 8-ին, ադրբեջանական մամուլին տված հարցազրույցի ընթացքում Իլհամ Ալիեւի հայտարարում է․ «Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն: Սա մեր պայմանն է, և ով ինչպես ուզում է, թող այնպես էլ ընկալի: Ես իմ խոսքն եմ ասում, և նրանք, ովքեր կանգնած են իրենց թիկունքում, գիտեն նաև, որ եթե մենք ինչ-որ բան ասում ենք, ապա նաև այդ ամենին շատ լուրջ ենք վերաբերվում»: Դրանից առաջ էլ, Ալիեւը մեկ անգամ չէ, որ խոսել է Հայաստանի «ապառազմականացման» մասին»:
Եվ այդ ֆոնին, շարունակում է նա, Հայաստանի դե ֆակտո թիվ մեկ պաշտոնյան հայտարարում է, որ պետք է այլեւս օգտագործել ոչ թե «մարտունակ բանակ», այլ պաշտպանունակ բանակ արտահայտությունը։ Սա, մեղմ ասած առաջացնում է կասկածի հիմքեր, որ զինված ուժերի թվաքանակի կրճատումն այլ բան չէ, քան «խաղաղությունը խնամելու» Հայաստանի պարտավորությունների շարքում եղած հանգամանք, եզրափակում է նա:

